Քարին տակի հերոսամարտի 25-ամյակն է

Հունվարի 26-ին Քարին տակի հերոսամարտի 25-ամյակն է: 1992 թվականի այս օրն Արցախյան ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ նշանավորվեց մի նոր հաղթանակով եւ հանդիսացավ մեր հիմնարար հաղթանակներից մեկը:
Հունվարյան այս օրը՝ վաղ առավոտյան, ազերիները բերդաքաղաքից լայնամասշտաբ հարձակման անցան: 12 ժամ անց, հարեւան գյուղերի ջոկատների օգնությամբ հակառակորդը ետ էր շպրտվել` մարտի դաշտում թողնելով 150 զոհ: Գյուղն էլ կորուստներ ունեցավ: Անմահացավ 22 մարդ:
Գյուղի տեղանքին ծանոթ մարդկանց բանականությունը թելադրում էր, որ գյուղի անկումն անխուսափելի պետք է լիներ, հատկապես, որ ամբողջովին թուրքաբնակ Շուշին դարձրել էին կրակակետ: Քարին տակի աննախադեպ ինքնապաշտպանությունն ու հունվարի 26-ի հերոսամարտը եկան հաստատելու, որ Շուշին հնարավոր է ազատագրել:
Օրվա առիթով ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնել է «Ննջեցեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակում ենք» խորագիրը կրող միջոցառում:
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում զոհված ազատամարտիկների հիշատակին կազմակերպված մոմավառությանը մասնակցելուց հետո, շրջաններից եւ մայրաքաղաքից ժամանած շուրջ 100 երիտասարդներ քայլերթով ուղղվել են Քարին տակ գյուղ:
«Այս եւ նման միջոցառումներն իրականացվում են երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիրակության բարձրացման նպատակով»,- նշել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը:
Ելույթով հանդես եկավ Քարին տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը, ով նահատակված դաշնակցական, Քարին տակ ջոկատի հրամանատար Վաղինակ Առուշանյանի որդին է:
«Եթե քառորդ դար առաջ չլիներ մեր միաբանությունը, հազիվ թե կարողանայինք պաշտպանել մեր գյուղը, իսկ ընդգրկուն առումով՝ ամբողջ Արցախը: Միասնության ոգին պետք է առաջնորդի մեզ»,- ասաց Մ.Առուշանյանը
ԼՂՀ ՊԲ նախարարի հրամանով ազգային- ազտագրական պայքարում եւ բանակաշինության գործում ունեցած ավանդի համար մի շարք ազատամարտիկներ պարգեւատրվել են պատվոգրերով:
Ազգային, հեղափոխական երգերով հանդես եկավ ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը, իսկ ազգային պարերով՝ Նորագյուղի, Տողի եւ Ազոխի պարախմբերը:
«Ապառաժ»