Քարերի եւ գորգերի ներդաշնակ խաղը Տիգրանակերտում
Գլխավոր » Լրահոս » Քարերի եւ գորգերի ներդաշնակ խաղը Տիգրանակերտում

Քարերի եւ գորգերի ներդաշնակ խաղը Տիգրանակերտում

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության ‹‹Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն›› ՊՈԱԿ-ի եւ ‹‹Ղարաբաղ կարպետ›› ՍՊԸ նախաձեռնությամբ Արցախի Տիգրանակերտ ամրոցում տեղի է ունեցել ‹‹Վիշապների խաղը›› խորագրով ձեռագործ գորգերի եւ կարպետների ցուցադրություն:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, փոխնախարար Մելանյա Բալայանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Սերգեյ Շահվերդյանը, տարբեր երկրների պատվիրակության անդամներ, զբոսաշրջիկներ, հյուրեր։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Լեռնիկ Հովհաննիսյանը եւ նշել, որ այս ցուցադրությունը մեկնարկային է եւ շարունակական բնույթ է կրելու:

Միջոցառմանը զեկուցումներով հանդես են եկել նաեւ գորգագործության բնագավառում հայտնի Մշակութային արժեքների փարձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ Աշխունջ Պողոսյանը, Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, ‹‹Muradian›› ապրանքանիշի հիմնադիր, ազգագրագետ Տաթեւ Մուրադյանը։

‹‹Ապառաժ››-ի հետ զրույցում փոխնախարար Մելանյա Բալայանը նշել է, որ վիշապների խաղը ստացվել է:

‹‹Այս ամենի շարքում ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հիասքանչ գորգերը, որոնք նախկինում ձեռքով տնային պայմաններում են գործել: Այս գորգերի գունային գամմայի եւ բովանդակության ներդաշնակությունը հեքիաթային տրամադրություն են ստեղծում այցելուների մոտ եւ յուրահատուկ ներգործում նրանց վրա››, — հավելել է Մ.Բալայանը:

‹‹Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը դրական եւ հաջողված է գնահատել միջոցառումը:

‹‹Անկեղծ ասած՝ մեր սպասելիքներն այս առումով արդարացվել են՝ ամրոցի գեղեցիկ ինտերյերի եւ ջերմ մթնոլորտի շնորհիվ: Վիշապների խաղը գրավել է բոլոր այցելուներին, որի խոսուն վկայությունն են ներկաների գոհունակությունն ու ոգեւորությունը››,- նշել է նա:

‹‹Ղարաբաղ կարպետ›› ՍՊԸ-ի տնօրեն Սեւակ Խաչատրյանն ասել է, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ ցուցադրություններ են կազմակերպել Արցախից դուրս՝ նպատակ ունենալով հանրահռչակել հայկական գորգարվեստը, իսկ այս ձեւաչափով առաջին անգամ են Արցախում կազմակերպում գորգերի ցուցադրություն։

Նրա խոսքով՝ ցուցադրությանը ներկայացվել են 100-ից ավել գորգեր եւ 30 ձեռագործ կարպետներ։

‹‹Գորգերի ցուցադրությունը Տիգրանակերտում կազմակերպելու նպատակներից մեկն է նաեւ ամրոցն իր պատմական արժեքով եւ էներգետիկ դրական առումով հանրահռչակելը։ Քարերի եւ գորգերի միաձուլումը ներդաշնակություն են ստեղծում››,- հավելել է նա։

Ցուցադրությանը ներկա Հարավային Օսիայի աշխատանքի եւ զբաղվածության ծառայության պետ Նոննա Մկրտչյանի խոսքով՝ առաջին անգամ է այցելել Արցախ: Նա հավելել է, որ անչափ տպավորվել է ցուցադրությանը ներկայացված գորգերի յուրօրինակ գրավչությամբ:

‹‹Այս շքեղ գորգերն ու ու ավանդական երգն ու պարը իսկական տոնի են վերածել միջոցառումը››,- հավելել է նա:

Ցուցահանդեսին զուգահեռ աշխատարաններում գորգասեր հասարակությունը վարպետների ուսուցմամբ սովորել է գորգագործության հմտություններ:

Ցուցադրությունն ընդմիջվել է ‹‹Մենք ենք, մեր սարերը›› երգի-պարի պետական համույթի ազգային երաժշտությամբ։

Նյութը՝ Հասմիկ Հակոբյանի

Լուսանկարները՝ Լուսինե Թեւոսյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1