Քայլար Միքայելյան. Հանուն Արցախի՝ պետք է զորակոչի ենթարկենք Ավստրալիայի հայ համայնքը
Գլխավոր » Հասարակական » Քայլար Միքայելյան. Հանուն Արցախի՝ պետք է զորակոչի ենթարկենք Ավստրալիայի հայ համայնքը

Քայլար Միքայելյան. Հանուն Արցախի՝ պետք է զորակոչի ենթարկենք Ավստրալիայի հայ համայնքը

Արդեն 18-րդ տարին է՝ Ավստրալիայում գործում է Արցախի ներկայացուցչությունը: Ներկայացուցչության աշխատանքները բազմաբնույթ են՝ տնտեսական ծրագրերից մինչեւ քաղաքական: 2015 թվականի հոկտեմբերի 22-ից Ավստրալիայում Արցախի Հանրապետությունն ունի նոր ներկայացուցիչ՝ ի դեմս Քայլար Միքայելյանի: Նա բազմավաստակ ուսուցիչ է, տարիներ շարունակ հանդիսացել է Սիդնեյի Արշակ եւ Սոֆի Գոլստն ամենօրյա վարժարանի տնօրենը, հայ ինքնության, ազգային լեզվամտածողության պահպանման եւ սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2009թ. հոկտեմբերի 4-ին պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

 

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի  բացառիկ հարցազրույցը  «Ապառաժ»-ին:

 

— Ի՞նչ անելիքներ ունի Ավստրալիայում ԼՂՀ ներկայացուցչությունը եւ մոտակա ի՞նչ ծրագրեր  են նախատեսվում:

 

— 2015թ. հոկտեմբերի 22-ին Արցախում էի, որտեղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պաշտոնապես նշանակվեցի Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ: Արցախի նախագահն ու ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ինձ հստակորեն ներկայացրին իրենց ակնկալիքները: Դրանք հիմնականում երեք ուղղությամբ  են: Առաջին հերթին՝ կարեւորվեց Ավստրալիայի հայ համայնքի եւ Արցախի հետ սերտ կապերի վերահաստատումը:

 

Ցավոք, պետք է նշեմ, որ Արցախում զինադարարից հետո, այսպես կոչված՝ համեմատաբար խաղաղ պայմանները որոշ չափով թուլացրել են այն կապերը,  որ կային Արցախի եւ Սփյուռքի գաղթօջախների միջեւ, եւ  անհրաժեշտ է այդ կապերի վերաշխուժացումը:

 

Մեր աշխատանքներն անմիջապես պետք է ուղղված լինեն Արցախի եւ Ավստրալիայի հայ համայնքի միջեւ կապերի  սերտացմանը:

 

Երկրորդ հանձնարարականն այն է, որ վերջերս Ավստրալիայում աշխուժացել է թուրքական եւ ադրբեջանական համայնքների լոբբինգը, եւ անհրաժեշտ է հստակ մարտավարական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

 

Ավստրալիայում տարիներ շարունակ գործում է Թուրքիայի դեսպանատունը, իսկ  անցյալ տարի Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում  բացվեց Ադրբեջանի դեսպանատունը: Նրանք շարունակ հակահայկական աշխատանքներ են տանում  թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական դեսպանատների միջոցով, ինչպես նաեւ՝ հակաարցախյան քարոզչություն են իրականացնում Ավստրալիայի դաշնային խորհրդարանում: Այս ամենին հակազդելու գործը մե՛նք պետք է կազմակերպենք՝ իբրեւ համայնք եւ իբրեւ ներկայացուցչություն:

 

Իհարկե, դժվար է նման ուժերի դեմ, որոնք մեծածավալ միջոցներ ունեն, հակազդեցություն ցուցաբերել, բայց եւ այնպես՝ չենք կարող լռել: Արցախի ներկայացուցչության աշխատանքը պետք է ուղղված լինի քաղաքական գործիչների հետ աշխատանքներին, մասնավորապես՝ հայկական տեսակետը եւ մոտեցումը այդ շրջանակներում տարածելուն:

 

Երրորդ հանձնարարականը, որ ստացա, տնտեսական կապերի հաստատումն է Արցախի հետ: Այդ ուղղությամբ մեր զրույցներում հստակ եղան, որ Արցախի ժողովուրդը ողորմություն չի խնդրում Սփյուռքից  եւ սփյուռքահայ գործարարներից, այլ ակնկալում  է նրանց մասնակցությունն Արցախի տնտեսության զարգացման գործին՝ ապահովելով  նաեւ  նրանց  շահույթը:

 

Արցախը տնտեսական զարգացման մեծ հնարավորություններ ունի, եւ անհրաժեշտություն կա նոր գաղափարների գործադրման, նոր աշխատատեղերի, նոր գործարանների բացման՝ նպատակ ունենալով բարելավել Արցախի ժողովրդի կենսամակարդակը:

 

Այս երեք հիմնական աշխատանքների ուղղությամբ է, որ պետք է ծանրանա Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առաջիկա գործունեությունը:

 

— Քանի՞ հոգուց է բաղկացած Ավստրալիայի ԼՂՀ ներկայացուցչությունը:

 

-Ես՝ տիկնոջս եւ ընտանիքիս անմիջական զորակցությամբ՝ իբրեւ ներկայացուցիչ, եւ մեր ամբողջ համայնքը՝ իբրեւ ներկայացուցչություն: Ամբողջ համայնքը մտահոգված է Արցախով եւ Արցախի ժողովրդի բարօրությամբ: Ներկայացուցչությունը չակերտված մեկ անձ է այսօր, բայց վստահ եմ, որ ընդհանուր համայնքը, առանց բացառության, զորավիգ պետք է կանգնի մեր աշխատաքներին: Դեկտեմբերին Ավստրալիա էր այցելել Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ում ներկայությամբ  ունեցանք  հանդիպումներ համայնքի ղեկավարության,  մի շարք կազմակերպությունների, եկեղեցիների, կուսակցությունների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացրինք ներկայացուցչության առաջիկա անելիքներն ու ստացանք ամբողջ համայնքի աջակցությունը: Իմ նպատակն է՝ գալիք ամիսների ընթացքում հանդիպումներ ունենալ տեղի բոլոր հայկական կազմակերպությունների հետ, բացատրել   մեր անելիքները եւ ստանալ  նրանց  զորակցությունը եւս: 

 

— Երիտասարդությունն ի՞նչ անելիքներ ունի, եւ արդյո՞ք հետաքրքրված է Արցախի հարցով:

 

— Երիտասարդության անելիքները հսկայական են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ անմիջական կապ եմ ունեցել հայկական ճեմարանի հետ, այսօր, բարեբախտաբար, շփումներ ունեմ երիտասարդների եւ աշակերտների հետ:  Իրատես լինելով՝ պետք է նշեմ, որ այստեղի երիտասարդությունն այսօր իր առօրյա կյանքում ժամանակ չի ունենում լրջորեն զբաղվելու Արցախի հարցերով: Ես, իբրև ներկայացուցիչ, իմ պարտականությունը տեսնում եմ երիտասարդությանն Արցախի հետ շարունակական կապի մեջ պահելու մեջ: Պետք է ստեղծել առիթներ, որ Արցախ այցելեն, տեղյակ լինեն Արցախի ներքին կյանքին, ժողովրդին, դժվարություններին, ձեռքբերումներին եւ հաջողություններին: Վստահ եմ, որ երիտասարդությունն այդ հետաքրքրությունն ունի. մեզ մնում է միջոցներ ստեղծել, որպեսզի նրանք առօրյա կապ ունենան Արցախի հետ, եւ վստահ եմ՝ այդ ունենալու պարագայում շատ ավելի գործունյա կլինեն եւ իրենց աշխատանքները կուղղվեն դեպի Արցախ:

 

— 2012 թվականին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Այսօր Ավստրալիայի մյուս նահանգներում նմանօրինակ աշխատանքներ տարվու՞մ են արդյոք:

 

-Այդ աշխատանքը մեծամասնությամբ տարվեց Ավստրալիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի կողմից: Անշուշտ, Արցախի ներկայացուցչությունը եւս  ունեցավ իր աշխատանքի բաժինը: Այսօր էլ լուրջ պետք  է մտածենք, եւ մեր ուժերը կենտրոնացնենք դաշնային կառավարության, ի մասնավորի՝ Արտաքին գործերի նախարարության խողովակների վրա: Նահանգային մակարդակով նման բանաձեւերի ընդունումը խորհրդանշական կարեւորություն ունի, սակայն գործնականում  մեր աշխատաքները պետք է ուղղված լինեն  Ավստրալիայի արտաքին գործերի նախարարության քաղաքականությունը շեղելու ուղղությամբ, որովհետեւ որոշում առնողը վերջիվերջո լինելու է արտաքին գործերի նախարարությունը, ոչ թե նահանգային կառավարությունը: Դավիթ Իշխանյանի այցելությունն Ավստրալիա եւ հատկապես դաշնային խորհրդարան, հստակեցրեց, թե  դեպի ուր պետք է ուղղենք մեր աշխատաքները:

 

— Թուրքական եւ ադրբեջանական համայնքների զարգացումն Ավստրալիայում ինչպիսի՞ վտանգներ է պարունակում, եւ  այդ ուղղությամբ մեր  աշխատանքներն ինչպիսի՞ ն պետք է լինեն:

 

— Տարիներ առաջ, երբ ապրիլքսանչորսյան ցույցեր էինք կազմակերպում Ավստրալիայի թուրքական դեսպանատների առաջ, մեզ արձագանքող չկար, բացի նահանգային ոստիկանության աշխատակիցներից: Այսօր, երբ մենք որևէ ցույցի ենք դուրս գալիս, մեր դեմ են ելնում թվով մեզ համահավասար ազերի եւ թուրք համայնքների ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ թուրքական եւ ադրբեջանական կառավարությունները մեծ գումարներ են ծախսում եւ զորակոչի են կանչում իրենց համայնքի ներկայացուցչիներին՝ հակազդելու հայկական որեւէ արդար պահանջի: Այդ իմաստով մեզ համար վտանգն այն է, որ այլեւս միայն մեր ձայնը չէ, որ լսելի է դառնում. հակառակ կողմի ձայնը եւս լսելի է, եւ այդ ձայնն աղավաղված պատմական իրողություններն է սոսկ տարածում:

 

Այսօր բավականին գումարներ են ծախսում համալսարաններում, որպեսզի կարողանան սիրաշահել ազդեցիկ դեմքերի՝պրոֆեսորների, դասխոսների,  մեջտեղ բերելու նրանց ուրացողական  թեզերը, աղավաղելու,  պղտորելու իրականությունը  եւ ստեղծելու այնպիսի կացություն, որ մեր ձայնն այդ ամենի ֆոնին կորչի: Պետք է իրատես լինել եւ շեշտել, որ որոշ չափով նրանց դա հաջողվում է: Այսօր Ավստրալիայի խորհրդարանում կան խորհրդարանականներ, ովքեր  Ադրբեջանի խոսափողն են, եւ հաճախ են հնչեցնում նրանց տեսակետները: Աշխատանքն ավելի է դժվարացել, սակայն իրականությունը դա է եւ դրանից փախչելն անիմաստ է: Մենք միշտ փոքր ուժերով, բայց գիտակցելով, որ արդարությունը մեր կողմն է,  կաշխատենք, եւ վստահ եմ՝ կդիմակայենք այդ դժվարություններին: Պետք է զորակոչի  ենթարկենք մեր համայնքը, որպեսզի  շատ ավելի գործունյա լինեն: Արցախից  ֆիզիկապես հեռու լինելը չպետք է պատճառ հանդիսանա, որ մենք մոռացության մատնենք Արցախը,  ընդհակառակը՝ այն մեր առօրյա կյանքի մաս պետք է լինի: Մենք ամեն օր պետք է իմանանք, թե ինչ է կատարվում Արցախում, հետաքրքրված լինենք Հայաստանի, Արցախի սահմաններով, մտածենք՝ ինչպես կարող ենք հզորացնել Արցախը:  Մի խոսքով՝ ստանձնենք «տանտիրոջ» կարգավիճակ եւ չգոհանանք մնալ լոկ զբոսաշրջիկներ մեր երկրում:

 

— Ինչպիսի՞նն  է ԼՂՀ ներկայացուցչության կապը Ավստրալիայի  ՀՅԴ կառույցի հետ:

 

— Ավստրալիայում, ինչպես այլ գաղութներում, Դաշնակցությունը միշտ էլ  իր անսակարկ եւ անվարան զորակցությունն է ցուցաբերել  Արցախին: Դաշնակցությունն Ավստրալիայում մեծ աշխատանք է տարել եւ տանում՝ ի նպաստ Արցախի: Ինչպես Դավիթ Իշխանյանը հայտարարեց՝ Արցախն առանց Դաշնակցության եւ հակառակը՝ իմաստ չունի այսօրվա մեր իրականության մեջ: Դաշնակցության ղեկավարության շնորհիվ  հատուկ ջանքեր է գործադրվում՝ լուսարձակը նորից շեղելու դեպի Արցախ: Ինչպես նշել էի, 125 ամյակի առիթով Ավստրալիա էր հրավիրվել Դավիթ Իշխանյանը, եւ նրա ներկայությունը մեծ արձագանք ունեցավ մեր ընդհանուր համայնքի վրա: Նրա ելույթները ոչ միայն դաշնակցական շրջանակներում, այլեւ համայնքի բոլոր  շրջանակներում բավական ոգեւորիչ էին:  

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1