Քաղաքական ուժերը պետք է կողմնորոշեն հանրությանը՝ սահմանադրական փոփոխություններում որն է լավ կետ, որը՝ վատ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները ներկայացված սահմանադրական հայեցակարգի վերաբերյալ դեռևս առաջարկություններ չեն հնչեցրել:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ նշելով, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ԱԺ չի ներկայացվել:
Խորհրդարանի փոխնախագահն ասաց, որ օրինագիծն ամենայն հավանականությամբ կներկայացվի նոյեմբերի վերջին: Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, ապա Վահրամ Բալայանն ասաց, որ ոչ բոլորն են ծանոթ Սահմանադրության փոփոխության նրբություններին:
«Ճշմարտությունը՝ պետք է ասել այն, որ ընդհանրության մեջ հասարակության բոլոր խավերը չեն ծանոթ կետերին, չգիտեն՝ որն է լավ, որն է վատ: Նման հարցերը պետք է քաղաքական ուժերը քննարկեն, կողմնորոշվեն, եզրահանգումների գան, ապա իրենց դատողությունները, վերլուծությունները հանրության դատին ներկայացնեն ու կողմնորոշեն հանրությանը»,-նշեց Վահրամ Բալայանը:
ԱԺ փոխնախագահն ասաց, թե բոլոր երկրներում հանրությանը պատրաստում են՝ նման փոփոխություններ կատարելուց առաջ, ինչպես և Արցախում:
«Քաղաքական ուժերը կոչված են նրա համար, որ հանրությանը ճիշտ ճանապարհով տանեն: Քաղաքական ուժերը պետք է ձևավորեն գաղափար ու դա մատուցեն իրենց ընտրողներին»,- մանրամասնեց Բալայանը:
Թե ե՞րբ կդրվի հանրաքվեի նոր Սահմանադրությունը, Վահրամ Բալայանը դժվարացավ կոնկրետ օր մատնանշել, բայց նշեց, որ քննարկվում է 2017 թ.-ի սկզբին, մասնավորապես՝ փետրվարին, փաստաթուղթը քվեարկության դնելու հարցը: