Ցուցահանդես՝ նվիրված Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին

Դեկտեմբերի 18-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում բացվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված է կաթողիկոսի կյանքը եւ գործունեությունը:
ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը կարևորել է Գարեգին Հովսեփյանի գործունեությունը որպես հայագետ, ձեռագրագետ, մատենագետ, հնագետ, պատմաբան, բանասեր, մշակութաբան, մանկավարժ, փիլիսոփայության և աստվածագիտության դոկտոր:
«Լինելով բազմակողմանի զարգացած ու կրթված՝ նա շատ խորն էր ընկալում հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող երևույթները, և պատահական չէ, որ մեր ազգի համար կենսական նշանակություն ունեցող Սարդարապատի հերոսամարտում նա հանդես եկավ որպես նորորյա Ավարայի ոգեշնչողը»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում, ՀՀ պետական արխիվում պահվող կաթողիկոսի անձնական իրերն ու փաստաթղթերը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչ Տեր Պետրոսը իր խոսքում նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը գործում է Արցախի հավատքով, կամքով ու վճռականությամբ: Դրա փաստերից մեկն էլ Արցախի տարածքում Նոր Կիլիկիա թաղամասի կառուցումն է: «Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսն էլ իր մեջ է կրում արցախցու տիպն ու դրոշմը՝ հարուստ միտք, վեհանձն հոգի և բարի նկարագիր»,- մասնավորապես ասել է Տեր Պետրոսը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Աժ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձիք:
Գարեգին Ա Հովսեփյանը ծնվել է Արցախի Մաղավուզ գյուղում, 1867 թ դեկտեմբերի 17-ին: 1943 թ ընտրվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։ Նա հավաքել է մինչև 1250թ. գրված ձեռագրերի 459 հիշատակարան, 1951թ. հրատարակել է «Հիշատակարանք ձեռագրաց» բացառիկ նշանակություն ունեցող հատորը։
Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մահացել է 1952 թ հունիսի 21-ին Անթիլիասում։