«Վիշապների խաղը» ցուցադրությունը ներկայանալու է ինքնատիպ ծրագրով

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության <<Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ի եւ <<Ղարաբաղ կարպետ>> ՍՊԸ նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին Արցախի Տիգրանակերտ ամրոցում տեղի է ունենալու <<Վիշապների խաղը>> խորագրով ձեռագործ գորգերի եւ կարպետների ցուցադրություն:
<<Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն <<Ապառաժ>>-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ Հայոց ազգագրության թանգարանի հետ բանակցություններ են վարում՝ հնագույն երեք բացառիկ գորգեր Արցախ բերելու եւ ցուցադրելու համար, որոնք մինչև այսօր մշտական ցուցադրության չեն ներկայացվել։ Ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկը տրվելու է ժամը 12։00-ին։ Արմինե Հայրապետյանը հայկական վիշապագորգերի մեծ սիրահար է եւ <<Վիշապների խաղը>> խորագրի ընրտրության հարցում հաշվի է առել վիշապների ձգողության եւ գրավչության հանգամանքը եւ փորձել այն համադրել գորգասեր հանրության՝ գորգերի հանդեպ ունեցած հետաքրքրությանը։
Նրա խոսքով՝ միջոցառմանը զեկուցումներով հանդես են գալու գորգագործության բնագավառում հայտնի Մշակութային արժեքների փարձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ Աշխունջ Պողոսյանը, Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, <<Muradian>> ապրանքանիշի հիմնադիր, ազգագրագետ Տաթեւ Մուրադյանը։ <<Պետք է նշել, որ ցուցահանդեսին զուգահեռ նախատեսել ենք աշխատարաններ, որտեղ գորգագործները կարող են լսել մեր մասնագետների զեկուցումներն ու վարպետների ուսուցմամբ սովորել գորգագործության հմտություններ>>, — հավելել է Արմինե Հայրապետյանը։
Ըստ նրա՝ ցուցադրությունն ուղեկցվելու է գորգերի ստեղծման պատմությունը ներկայացնող ինքնատիպ շոու-ծրագրով եւ ընդմիջվելու <<Մենք ենք, մեր սարերը>> երգի-պարի պետական համույթի ազգային երաժշտությամբ։
Հասմիկ Հակոբյան