Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում, մարտի 21-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության եւ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ՝ Ռուսական պետական թանգարանի աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, պետերբուրգահայեր:
Բացման խոսքով հանդես եկավ Ալեքսանդր Նազարովը, ով խոսեց Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների՝ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սեւակի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի եւ այլոց կյանքի ու ստեղծագործության մասին:
Իր ելույթում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները` խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:
Պետերբուրգյան լրագրող եւ իրավապաշտպան Անտուան Առաքելյանը խոսեց Հայոց ցեղասպանության հետեւանքների մասին:
Միջոցառման ընթացքում ընթերցվեցին Հայաստանին նվիրված Սերգեյ Գորոդեցկու բանաստեղծությունը, ինչպես նաեւ հատվածներ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սեւակի եւ Սիամանթոյի բանաստեղծություններից։ Հնչեցին հանրաճանաչ կոմպոզիտորների գործերը: