Ցեղասպանության հետքերը. Սիլվա Փայասլյան-Մինասյանի հիշողությունները
«Մինչև 7 տարեկանս մորաքույր էի ասում մի կնոջ, ով մորս մանկության ընկերուհին էր, ում հետ մեծացել են Հալեպի հայկական որբանոցում: Միայն 7 տարեկանում իմացա, որ մայրս հարազատ քույր եւ եղբայրներ ուներ,- պատմում է Սիլվա Փայասլյան -Մինասյանը:
Սիլվա Փայասլյան-Մինասյանին հանդիպեցի Սիդնեյում: Հյուրընկալ հայկական օջախում աչքի էին զարնվում բազմաթիվ ընտանեկան լուսանկարներ, որոնք կարծես թե լուռ վկայությունն են նրա, որ ընտանիքը ճյուղավորված եւ տարածված է ամբողջ աշխարհով մեկ, եւ որ այն ունի բազում պատմություններ, որոնք անխոս պատմում են ցեղասպանությունից փրկվածների, նրանց ամենօրյա պայքարի, ապագայի մասին: Խնամված, շարված են ամուսնու` Մինաս Մինասյանի եւ իր ընտանիքի պատմության նկարները, եզակի նմուշներ, որոնք հաջողվել է Սիրիայից տեղափոխել Սիդնեյ: Դրանց կողքին էլ նորերն են՝ 3 զավակների, 6 թոռների, հեռու եւ մոտ ապրող ազգականների նկարները: Սրանք էլ վկայությունն են նրա, որ անկախ բոլոր արհավիրքներից եւ փորձություններից, որ ստիպված էին դիմակայել, կյանքը շարունակվում է:
Սիլվա Փայասլյան-Մինասյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների առաջին ժառանգն է: Արմատներով մարաշցի հայրը՝ Միսաք Փայասլյանը, եւ մայրը՝ Ադել Կույումջյանը, 7 տարեկան էին, երբ սկսվեց Ցեղասպանությունը: Հոր ծնողներին թուրքերը դաժանաբար սպանեցին: 5 զավակները հայտնվեցին Թուրքիայի գերմանական որբանոցում: Որոշ ժամանակ անց եղբայրներին բաժանեցին՝ Միսաքին տեղափոխելով Սիրիայի հայկական որբանոց: Տարիներ անց 5 եղբայրները գտան իրար: Եղբայներից մեկը՝ Սարգիսը, 1946 թվականին տեղափոխվեց Հայաստան. առայսօր էլ նրա ժառանգներն այնտեղ են բնակվում: Հովհաննեսը հաստատվել էր Արգենտինայում, մյուս եղբայրները՝ Սիրիայում:
Սիլվայի հորեղբայրը՝ Հակոբը, զինվորական էր: Միջին Արևելքում տեղի ունեցած պատերազմում զոհվեց: Այդ ժամանակ կինը հղի էր: Նրա մահից 40 օր անց ծնվեց նրա միակ որդին՝ Սիմոն Փայասլյանը, ով 41 տարեկանում պիտի դառնար Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ անվանակոչվելով Զարեհ Փայասլյան:
«Հայրս զուսպ մարդ էր, եւ հազվադեպ կտեսնեիր նրա հուզմունքը: Դժվարությամբ էր վերհիշում մանկությունը: Գերմանական որբանոցում անցկացրած տարիների, այնուհետեւ եղբայրներից բաժանման մասին խոսելիս՝ միշտ արցունքներ էին հայտնվում նրա աչքերին»,- հիշում է Սիլվան:
Սիլվա Փայասլյան -Մինասյանի մայրը՝ Ադել Կույումջյանը, ընտանիքի տասներորդ, ամենափոքր զավակն էր:
«Երբ կոտորածներն սկսվեցին, մայրս 7 տարեկան էր: Մյուս քույրերն ու եղբայրները ավելի մեծ էին, ոմանք արդեն իրենց ընտանքիներն ու զավակներն ունեին: Մորս գերդաստանը գրեթե ամբողջությամբ մորթվեց»,- պատմում է նա: Ողջ մնաց միայն եղբայրը՝ Արսենը, ով Ֆրանսիայում էր բնակվում: Սիլվան պատմում է, որ մայրը տեղեկություն ուներ, որ քույրերից մեկը՝ Լյուդվիան, ողջ է եւ դեռ ապրում է Մարաշում: Երկար տարիներ փնտրում էր նրան: Գիտեին, որ կոտորածի ժամանակ Լյուդվիայի ամուսնուն եւ 5 զավակներին սպանել, իրեն էլ շատ հայ աղջիկների պես բռնի կերպով ամուսնացրել են թուրքի հետ:
«Հալեպում թուրք հարևանուհի ունեինք, ով Մարաշ ազգականներ ուներ եւ հաճախակի էր նրանց այցելում: Մարաշից ապրանքներ էր բերում եւ վաճառում: Հայրս հաճախ էր նրանից տարբեր բաներ գնում: Մի օր հայրս նրան ասաց, որ մորս քույրը հնարավոր է այնտեղ է ապրում, եթե կարող է բարեկամների միջոցով հետաքրքրվի, գու՞ցե որոշ տեղեկություններ իմանա: Մի օր թրքուհի հարևանը եկավ եւ ուրախությամբ հայտնեց, որ գտել է մորաքրոջս, եւ մորս փոխանցեց նրա բնակության հասցեն: 7 տարեկան էի, բայց այսօրվա պես հիշում եմ այդ օրը: 65 տարի առաջ էր, Ամանորից 15 օր առաջ: Հորս եւ մորս հետ ճանապարհվեցինք Մարաշ: 7 ժամ գնացքով, այնուհետեւ 4 ժամ ավտոբուսով ճամփա գնացինք: Ավտոբուսում մի երիտասարդ տղա կար: Հայրս նրան մեկնեց թղթի վրա գրված հասցեն՝ հարցնելով, թե արդյոք գիտի՞ այդ հասցեն: Տղան պատասխանեց, որ դա Մարաշում հարգանք ունեցող մարդու հասցե է, եւ որ նա սրճարան ունի Մարաշում, եւ համաձայնեց մեզ ուղեկցել:
Երբ հասանք Մարաշ, արդեն կեսգիշեր էր: Էլեկտրականություն չկար: Հորդառատ անձրեւ էր տեղում: Ամենուր ցեխ էր: Խավարի միջով երիտասարդը մեզ ուղեկցեց սրճարան: Այն փակ էր: Այնուհետեւ ուղեկցեց դեպի մի մեծ առանձնատուն: Հսկա դարպասը թակեցինք, ներսից մեկը մոմը ձեռքին դուրս եկավ եւ հարցրեց՝ ովքե՞ր ենք, որտեղի՞ց ենք: Հայրս ասաց՝ Հալեպից ենք եկել, Լյուդվիայի բարեկամներն ենք: Մեզ ներս հրավիրեցին:
Պարզվեց, որ մորաքույրս ամուսնացել էր թուրքի հետ, ինչպե՞ս, ինչու՞, չեմ կարող ասել, քանի որ շատ փոքր էի, եւ այդ պատմությունները իմ ներկայությամբ չէին պատմում: Սակայն տարիներ անց սկսեցի հասկանալ, որ նրա նմանները հազարավոր էին, եւ նրանք պարզապես այլ ընտրություն չունեին:
Մայրս եւ քույրը լացելով իրար գրկախառնվեցին: Այնքան նման էին իրար, կարծես թե մեկ խնձորը կիսած լիներ:
Անմիջապես կրակ վառեցին եւ կրակին մեծ կաթսայով մածունով շորբա շինեցին: Մարաշցիները կերակուրն էր դա: Մայրս էլ էր հաճախ պատրաստում. մարաշցիները դրան թարխանա էին անվանում:
15 օրերի ընթացքում, որ Մարաշում էինք, մորաքույրս երբեւէ սեղանի շուրջ չի նստել, եթե ամուսինը ներկա էր: Մի օր բացատրեց պատճառը. «Ամուսինս եւ երեխաներս աչքիս առաջ են գալիս, երբ նրա հետ հաց եմ կտրում. ես նրա հետ չեմ կարող սեղան նստել»:
Դա, թերևս, իր պայքարի եւ ըմբաստության յուրահատուկ դրսեւորումն էր:
Հաջորդ օրը, երբ մայրս եւ մորաքույրս առանձին էին, հարցրեցին միմյանց, թե արդյոք տեղյակ են ընտանիքի մյուս անդամներից: Մայրս պատմեց, որ միայն մեկ եղբոր մասին տեղեկություն ունի: Զարմանալի մի բան եղավ այդ ժամանակ. մորաքույրս իր դարակից հանեց Արսեն քեռուս ընտանիքի հետ նկարը եւ ասաց, որ տեղյակ է, որ նա ողջ է եւ Ֆրանսիաում է բնակվում: Մինչեւ հիմա ինձ հայտնի չէ, թե ինչպես նրան հասավ այդ նկարը, եւ ինչպես նա տեղեկացավ եղբոր մասին:
Բացի մորաքրոջիցս, եւս 6 հայ կանայք Մարաշում ամուսնացած էին թուրքի հետ: Այս կանայք իրար հետ շատ մտերիմ էին: Ամեն մեկն իր պատմությունն ուներ: Եվ կարծես թե ամեն մեկը ցանկանում էր հեռվից եկածին պատմել իր ցավը, իր պատմությունը: Ամեն օր մեկը մեզ հյուր էր կանչում: Հիշում եմ՝ ժամերով մայրս, մորաքույրս եւ այդ կանայք պատմություններ էին պատմում, արտասվում:
Հայ կանանցից մեկը՝ Մարե անունով, մեզ իրենց տուն հրավիրեց: Նրա առանձասենյակի պահարանում մեծ խաչ կար եւ Հիսուսի նկարը: Ասում էր՝ ամեն օր այդտեղ աղոթում է, եւ իրեն չեն արգելում դա:
Հիմա հասկանում եմ, որ այս կանայք ցեղասպանության անմիջական զոհերն են, որոնց չնայած բախտ է վիճակվել ապրել, սակայն ապրել են՝ ամեն օր «մի քիչ մեռնելով»: Հնարավոր չէ որեւէ մեկը իր կամքով ամուսնանար թուրքի հետ:
Հայրս մորաքրոջս գաղտնի առաջարկեց, որ եթե ցանկանում է՝ կարող է նրան փախցնել, մեզ հետ տանել, բայց նա հրաժարվեց: Թերևս՝ ամաչում էր, վախենում էր, որ իրեն չեն ընդունի, չեն հասկանա:
Մարաշում գտնվելու օրերին մայրս մորաքրոջս խնդրեց իրենց հայրական տուն, հոր խանութ տանել, որ գոնե հեռվից տեսնի:
Մորական պապս մետաղե կաթսաններ էր պատրաստում եւ վաճառում: Մարաշում իրենց տան մոտ էլ խանութ ունեին:
Քայլեցինք դեպի պապիկիս խանութ. խանութն արդեն նոր տերեր ուներ: Մայրս խանութի դիմաց կանգ առավ՝ կարծես թե փորձելով իր հիշողության մեջ վերհիշել այն տեսարանը, երբ դեռ Մարաշը հայկական էր, ծնողները, քույր ու եղբայրները ողջ էին, եւ շատ հաճախ խաղում էին հոր խանութի առջեւ:
Ներսից թուրք վաճառականը գոռաց՝ ի՞նչ ես նայում, ի՞նչ ես ուզում: Մայրս ասաց՝ հորս խանութն է, գոնե նայելու իրավունք ունեմ:
Այնուհետեւ հասանք մորս հայրական տուն: Տան նոր թուրք տանտիրուհին նստած էր տան բակում: Մայրս նրան հարցրեց՝ արդյոք վարձով տալիս են տունը, թե չէ, ցանկանալով գոնե մտնել եւ տեսնել տունը, սակայն թուրք կինն ասաց, որ վարձով չեն տալիս, եւ հրաժարվեց թույլ տալ ներս մտնել:
7 տարեկան երեխա էի, եւ դժվար թե հասկանայի մորս, մորաքրոջս ապրումներն այն օրերին: Երբ արդեն պատկառելի տարիքի եմ հասել, հաճախակի եմ հիշում մանկությունս, հատկապես Մարաշում անկացրած այդ երկու շաբաթները: Բազմիցս ինձ հարցնում եմ՝ մայրս ի՞նչ էր զգում, ինչպե՞ս էր կարողանում դիմանալ այդ ամենին: Հարցերն ասպառ են դառնում: Եվ սկսում եմ հասկանալ, թե ինչու ծնողներս այդքան քիչ էին խոսում Ցեղասպանության եւ իրենց ապրումների մասին: Նրանք լռում էին՝ պարզապես ցանկանալով լռության մեջ խեղդել իրենց զգացմունքները, փորձելով մոռանալ, իրենց ցավը չփոխանցել իրենց ժառանգներին…»:
…Ես վերադառնում էի Սիդնեյից, բայց ողջ ճանապարհին հիշում էի նրա պատմած պատմությունը, որը տեսահոլովակի պես պտտվում էր աչքերիս առաջ: Եւ մտածում էի՝ քանի՜ -քանի՜ հայ ընտանիքներ, գերդաստաններ ամբողջությամբ վերացան, կարծես թե գոյություն էլ չունեին: Միայն եզակիներին հաջողվեց փրկվել՝ շարունակելով իրենց ազգանունը: Հնարավոր չէ սպանել հիշողությունը: Հիշողությունը նաեւ պարտադրում է՝ չմոռանալ արդար դատի եւ պահանջատիրության մասին…
Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ