Ցավոք, ծայրահեղ հակադաշնակցական և էժանագին սովետական քարոզչությունը հասել է իր նպատակին. Մուրադ Փափազյան
Հայաստանում Դաշնակցության դերի, ծրագրային և գաղափարական առաջնահերթությունների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ:
— Պարո՛ն Փափազյան, որպես Սփյուռքում և Հայաստանում քաղաքական փորձ ունեցող կուսակցական, ինչպե՞ս եք գնահատում Դաշնակցության դերն ապագա Հայաստանում:
— Դաշնակցությունը լավագույն ուժն է, որը կարող է միավորել Հայաստանն ու Սփյուռքը դեպի Հայաստանի հզորացում: Դաշնակցությունն իր պատմության ամբողջ ընթացքում միշտ պաշտպանել է հայ ժողովրդի շահերը: Երբ երկիրը սովետական բռնատիրության տակ էր, լինելով Հայաստանի անկախության զինվորը, Դաշնակցությունը միակ ուժն էր, որ երազում էր հայ ժողովրդի փայլուն ապագայի մասին: Դժբախտաբար, ծայրահեղ հակադաշնակցական և էժանագին սովետական քարոզչությունը հասել է իր նպատակին: Ցավոք, պետք է ընդունել, որ մենք չենք հաջողել Հայաստանի ժողովրդին ՀՅԴ-ի իրական պատկերը փոխանցելու հարցում, սակայն ուշ չէ:
— Ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ:
— Այսօր, երբ Հայաստանը դարձել է անկախ պետություն, և որպես առաջնահերթություն` պետք է բարձրացնել պետականության հզորությունը, Դաշնակցությունը միասնականության պատգամ է հղում բոլորին: Միասնական ու պատասխանատու ուժը նշանակալի իմաստ ունի մեր ժողովրդի համար, հատկապես այն դեպքում, երբ անվտանգության լուրջ մտահոգություններ կան: Չկարծենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը հրաժարվել են իրենց պատերազմական ոճը գործադրել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի դեմ:
— Ձեր կարծիքով` տեսանելի ապագայում որո՞նք պետք է լինեն ՀՅԴ ծրագրային ևգաղափարական առաջնահերթությունները:
— Դաշնակցությունը` աշխարհի ավելի քան 30 երկրներում իր ներկայությամբ, Հայ Դատի իր հանձնախմբերի և գրասենյակների միջոցով, իր տասնյակհազարավոր աշխույժ անդամներով, հավատարիմ երիտասարդական շարքերով, ազդեցիկ համակիրներով, այն ուժն է, որի կարիքը ժողովուրդն ունի: Համահայկական բնույթ ունեցող Դաշնակցությունը` իր ներքին փայլուն ռեսուրսներով և արտաքին լայն լծակներով ու կապերով, անպաշտոն և լրջագույն դիվանագիտություն, ուժ է` ի նպաստ հայ ժողորդի շահերի:
Այսօր, ժողովրդի կամքի շնորհիվ, ժողովրդական շարժման հետևանքով նոր սկիզբ է որդեգրվել: Լիովին հարգելով ժողովրդի` փոփոխության ուղղությամբ հույսերը, միասին վերանայենք Դաշնակցության մասին հին և սխալ գաղափարները: Հավատանք նորին և ճշտին` մի կողմ դնելով կեղտոտ, օտար ուժերի կողմից դեռևս հին ժամանակներից ՀՅԴ-ի դեմ տարվող քաղաքականությունը: Հարգենք նոր սկզբի գաղափարը` դեկտեմբերի 9-ին քվեարկելով ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուների օգտին: