ՏԻՄ համակարգի կայացումը՝ ժողովրդավարության զարգացման նախապայման
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » ՏԻՄ համակարգի կայացումը՝ ժողովրդավարության զարգացման նախապայման

ՏԻՄ համակարգի կայացումը՝ ժողովրդավարության զարգացման նախապայման

ՀՅ Դաշնակցության գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկը ժողովրդավարությունն է: Ըստ ՀՅ Դաշնակցության ծրագրի՝ «ժողովրդավարությունը խարսխվում է մարդկային եւ քաղաքացիական իրավունքները հարգելու վրա»: «…Ժողովրդավարությունը հատկանշում է անհատի ազատ եւ հավասար քվեի իրավունքով եւ ազատ քաղաքացիների՝ օրենքի առաջ հավասարությամբ»: Միաժամանակ, Դաշնակցությունը համոզված է, որ ժողովրդավարությունը եւ ընկերվարությունը համալրում են մեկը մյուսին, եւ չի կարող մեկն ամբողջական իրականություն դառնալ առանց մյուսի իրագործման:

Անշուշտ, ժամանակի ընթացքում, ինչպես յուրաքանչյուր կենսունակ գաղափարախոսություն, իր զարգացման հոլովույթն է ապրում նաեւ ժողովրդավարությունը: Մերօրյա պետական համակարգում ժողովրդավարությունը ոչ միայն քվեի ազատությամբ է սահմանափակվում, այլ նաեւ նրա իրականացման համար հանրության կառավարման տարբեր մակարդակներում ստեղծվում են կառույցներ ու համակարգեր: Դրանք կարող են լինել արհեստակցական միությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրամատչելի հասարակական նախաձեռնությունները, որոնք առիթ են ստեղծում հանրության մաս կազմող անհատներին իրենց առօրյան տնօրինելու եւ հանրային կյանք կառավարելու համար:

Դաշնակցության ներկառույցային կառավարման սկզբունքներից մեկն ապակենտրոնացումն է: Այդ առումով` մեզ համար հոգեհարազատ է նաեւ պետական համակարգում ապակենտրոնացված կառավարումը: Ապակենտրոն կառավարումը ժամանակակից հասարակագիտության մեջ դասվում է առաջադեմ կառավարման համակարգերի շարքում: Իսկ երկրի կառավարման համակարգում արդյունավետ է համարվում այն` հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների  ասպարեզում: Միաժամանակ, ՏԻՄ համակարգը ինքնին վերը նշված մասնակցային ժողովրդավարության իրացման լավագույն դրսեւորումն է: Մասնակցային ժողովրդավարությունը ենթադրում է յուրաքանչյուր անհատի անմիջական մասնակցությունը կառավարման գործին: Իսկ ՏԻՄ համակարգը ստեղծում է այն հնարավորությունը, որտեղ ավելի շատ անհատներ կկարողանան ապահովել իրենց մասնակցությունը:

Ցավոք սրտի, պետք է նշել, որ Արցախի պետական կառավարման մեջ ՏԻՄ համակարգը մինչ այժմ այդպես էլ չի կայացել: Դրա պարզ վկայությունը բազմաթիվ համայնքներում ավելի քան երկու տարի ուշացած ՏԻՄ ընտրություններն են: Մյուս կողմից, օրենսդրական առումով ՏԻՄ օրենսգիրքը չի ապահովում հարկ եղած ապակենտրոնացման գործիքները, որով յուրաքանչյուր համայնք կկարողանա տնօրինել իր սահմաններում առկա խնդիրներն ու լուծումներ գտնել նրանց համար:

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում ավելի քան 200 համայնքներում ընտրվելու են համայնքի ղեկավարներ եւ ավագանու անդամներ: Վստահ ենք, որ ինչպես եւ միշտ` Արցախում անցկացված ընտրությունները կլինեն օրինակելի: Եվ Արցախի բնակչությունը կապացուցի, որ  պատրաստ է ժողովրդավարության տարրին ու ոգուն հավատարիմ մի քայլ եւս կատարել պետության հիմքերի ամրապնդման ուղղությամբ:

«Ապառաժ»-ի խմբագրական, 3 սեպտեմբերի, 2019թ.

1