Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը՝ Ստեփանակերտում
Գլխավոր » Լրահոս » Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը՝ Ստեփանակերտում

Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը՝ Ստեփանակերտում

Հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում տեղի է ունեցել Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը, գրքի հովանավոր Վահե Թղլեանը, գրողներ, լրագրողներ, ուսանողներ:

«Թռիչք»-ը բանաստեղծուհու երրորդ գիրքն է՝ «Վերադարձ դեպի արևը» և «Վաղը կգա…» գրքերից հետո:

Գրքի հեղինակ Սուսաննա Ղազարյանը նշել է, որ ինքը հպարտ է հերոսական Արցախում գտնվելու և գիրքը ներկայացնելու համար:  Նա ավելացրել է, որ ժողովածուն շարունակում է «Վաղը կգա…» գրքի թեմատիկան: Այն բողոք է անարդարության դեմ, որի դեմ պայքարի ամենաարդունավետ միջոցը, ըստ հեղինակի, միասնակությունն է:

«Թռիչք» բանաստեղծական ժողովածուի մեջ հեղինակը հակադրվում է քարացած պատկերացումներին, նյութապաշտ կյանքին և համակերպվող մարդկանց աշխարհին՝ բարձրացնելով թռիչքի ձգտող, անձնվեր, հանուն մեծ վերափոխումների այրվելու գնացող Տրուբադորի կերպարը:

Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի կարծիքով Սուսաննա Ղազարյանը շարունակում է հայ դասական գրականության սքանչելի ավանդույթները: «Այս գիրքը գաղափարախոսություն է: Բոլոր մոլորյալներին, հարմարվողներին այս գիրքը պիտի հիշեցնի՝ մարդ արարած, հայ մարդ, դու չես ծնվել հարմարվելու համար, քո ճակատագիրն է թռիչքը: Հիշիր, որ մարդու հոգին ստեղծված է  հայկական բարձր երկնքում ճախրելու, ոչ թե սողալու համար»,- ասել է Աբգար Ափինյանը:

Գրքի հովանավոր Վահե Թղլեանի առաջարկով է հենց շնորհանդեսը կազմակերպվել Արցախում: «Սուսաննայի գրականությունն ընթերցել եմ ֆեյսբուքով, հիացել նրա զորավոր գրչով և առաջարկել հովանավորել տպագրությունը»,- նշել է Վահե Թղլեանը՝ ավելացնելով, որ կրկնակի ուրախություն ու հպարտություն է Արցախում շնորհանդեսին ներկա լինելը:

 

 

 

1