Վերջնական արդյունքում պետք է շահի գյուղն ու գյուղացին․Ալյոշա Գաբրիելյան
Գլխավոր » Լրահոս » Վերջնական արդյունքում պետք է շահի գյուղն ու գյուղացին․Ալյոշա Գաբրիելյան

Վերջնական արդյունքում պետք է շահի գյուղն ու գյուղացին․Ալյոշա Գաբրիելյան

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, Ասկերան քաղաքի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը պատասխանել է համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ «Ապառաժ»-ի հարցերին։

— Որքանո՞վ են անհրաժեշտ ՏԻՄ համակարգի փոփոխությունները։

Տարիներ շարունակ տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրների եւ թերությունների մասին քննարկումները Սահմանադրության ընդունումից հետո, ըստ իս, միանգամայն նոր, որակական բարեփոխումների փուլ է մտել։ Ուղղակի անհրաժեշտություն է առաջացել արմատական, հայա փոփոխություններ կատարել ՏԻՄ օրենքում, դրան համընթաց նաեւ ընտրական օրենսգրքում։ Այստեղ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն սկսել եւ շարունակում է ՏԻՄ համակարգում բարեփոխումների գործընթաց, եւ Արցախի Հանրապետությունում ընդօրինակելու, ինչու չէ՝ նաեւ տեղայնացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Դաշնակցությունը միշտ էլ կարեւորել է իշխանության տեղական մարմինների դերակատարությունը պետական շինարարության գործում եւ միշտ էլ կողմ է եղել դրանց դերակատարության բարձրացմանը։

Այս պահի դրությամբ Արցախում ստեղծվել է մի կացություն, երբ արդեն տեւական ժամանակով սառեցվել է համայնքների ղեկավարների ընտրությունը, իսկ ՏԻՄ օրենքում եւ ընտրական օրենսգրքում Սահմանադրական պահանջների լույսի ներքո փոփոխությունները հայտնվել են անորոշության մեջ։ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը մտահոգ այս փաստերով մի քանի անգամ անդրադարձել է խնդրո առարկային եւ այսօր անհրաժեշտություն է համարում նշած օրենքների առաջնահերթ ընդունումը։

-Որո՞նք են այն հայեցակարգային դրույթները, որոնք հիմք են հանդիսանալու բարեփոխված ՏԻՄ օրենքում։

-Այսօր սեղանի վրա դրված օրենքի նախագծի համաձայն՝ շրջանային վարչատարածքային միավորումները դառնալու են համայնքներ։ Այսինքն՝ ստացվում է, որ հանրապետությունում ձեւավորվելու են յոթ համայնքներ /բացառությամբ Ստեփանակերտ համայնքի/։ Խոշորացված այս համայնքների ընտրողները իրենց թվին համապատասխան ընտրելու են համայնքի ավագանիներ։ Համայնքի ավագանին իր կազմից ընտրելու է համայնքի ղեկավար։ Վերջինս իր լիազորությունների սահմանում նշանակելու է բնակավայրի /նախկին համայնքի/ վարչական ղեկավարներ եւ ձեւավորելու է համայնքի ղեկավարի աշխատակազմը։

Ինչ վերաբերում է ընտրական համակարգին, այն կատարվելու է ընտրական օրենսգրքի /բարեփոխված/ համաձայն, որի մասին խոսելն առանձին թեմա է։

-Որպես Ասկերան քաղաքի նախկին քաղաքապետ եւ այս բնագավառի գիտակ՝ ի՞նչ կարծիք ունեք շրջանառվող նախագծի վերաբերյալ։

-Մտավախություն եւ մտահոգություն։ Նախ եւ առաջ, համայնքի խոշորացումը ինքնըստինքյան ենթադրում է «տեղական իշխանություն» հասկացության իմաստազրկում։ Հետեւապես, դա կարելի է արտահայտել նահանջ ժողովրդավարությունից եւ կոնկրետ մեր պայմաններում՝ իշխանության կենտրոնացում մի անհատի՝ համայնքի ղեկավարի ձեռքում։

Երկրորդ, ինձ մտահոգում է վարչական ղեկավարների նշանակման բուն գործընթացը, քաղաքական ուժերի դերակատարությունը ավագանու ընտրություններում եւ այլն։ Արդյո՞ք ՏԻՄ համակարգում այս երկու օրենքներն ընդունելուց հետո շարունակություն է ունենալու համայնքի հետագա բարեփոխումների եւ կատարելագործման գործընթացը, թե ոչ։ Չէ որ վերջնական արդյունքում պետք է շահի գյուղն ու գյուղացին՝ հատկապես ծայրամասային կամ սահմանագծում գտնվող,  եւ մեր աչքի առջեւ «հալվող» բնակավայրերը։ Հետեւաբար, ամեն ինչ դատարկվող մեր ծայրամասային գյուղերի ապագայի հետ պետք է կապել։

-Տեսնու՞մ եք արդյոք ուղիներ՝ համայնքների խոշորացման պայմաններում լուծելու Ձեր բարձրացրած խնդիրները, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ «Դաշնակցություն» խմբակցության որոշ անդամներով եղել եք Հայաստանի Հանրապետությունում եւ ունեցել մի շարք հանդիպումներ։

-Այո, տեսնում եմ, եւ դա կապված է մեր ճիշտ քայլերից։ Նախ եւ առաջ, օրենքի նախագծերը պետք է անցնեն լայն քննարկումների ճանապարհ եւ վերջնականապես սեղանին դրվեն արցախահայության կամքն արտահայտող փաստաթղթեր։

Երկրորդը, որի մասին խոսվել է շատ ու շատ համայնքի ղեկավարների կողմից, կապված է համայնքների ֆինանսական անկախության եւ այս գործում համայնքների ավագանիների դերակատարության հետ։ Չլինի այնպես, ինչպես այսօր է կատարվում. կառավարության կողմից տրամադրվող դոտացիաները տրամադրվեն որոշ ․․․․ կողմից «մշակված» չափորոշիչների հիման վրա։ Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ այսօրվա դրությամբ Արցախի համայնքները մեծ ճանապարհ ունեն անցնելու ինքնաբավ, ինքնաֆինանսավորման ուղղությամբ։

Երրորդ, երկրում պետք է գործի «Համայնքների համահարթեցման մասին» օրենքը, որը լրացուցիչ խթան է թույլ զարգացած, ծայրամասային վայրերը լրացուցիչ ֆինանսավորելու ճանապարհին։ Վերջապես, ամեն մի համայնք, ամեն մի բնակավայր պետք է ունենա դոտացիայից օգտվելու իր մասնաբաժինը կամ, այլ կերպ ասած՝ իր գործակիցը, ու դրա հիման վրա ֆինանսական օժանդակության չափաբաժինը։ Բնական է ենթադրել, որ մայրաքաղաքից ավելի մեծ հեռավորության վրա գտնվող համայնքի բնակիչը ՀՆԱ-ից հասնող իր չափաբաժնով հեռու է մայրաքաղաքի կամ նրան հարակից բնակավայրի քաղաքացիներից։ Համահարթեցում հենց սա է նշանակում։ Երկրի ներսում պետք է գոնե քաղաքացիները հավասար իրավունքներով օգտվեն համախառն արդյունքից։

-Դուք եւ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության որոշ անդամներ եղել եք Հայաստանի Հանրապետության խոշորացված համայնքում եւ կատարել եք որոշակի ուսումնասիրություններ։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-Այո, ես եւ Դավիթ Իշխանյանն այցելել ենք Դիլիջանի խոշորացված համայնք։ Մենք ավելին տեսանք, քան պատկերացնում էինք։ Նախկինում Դիլիջանի քաղաքային համայնքը կայացած համայնք էր, որի բյուջեն իրավունք էր վերապահում համայնքապետարանին՝ լուծելու համայնքում առկա հիմնախնդիրները։

Խոշորացված համայնքի մեջ ներառված են եւս վեց նախկին գյուղական համայնքներ։ Այստեղ արդեն խոշորացման արդյունքում շահել են գյուղական բնակավայրերը, քանզի լուծվել եւ շարունակվում են լուծվել սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, կենցաղային բազմաբնույթ հարցեր։ Օրինակելի եւ ընդօրինակելի համայնք է: Մոտ ապագայում ցանկություն կա այցելելու ֆինանսապես ավելի տկար խոշորացված համայնք տեղում ամեն ինչ տեսնելու համար։

«Ապառաժ»

1