Վերանորոգվելու է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին
Գլխավոր » Լրահոս » Վերանորոգվելու է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին

Վերանորոգվելու է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին

Դիարբեքիրի պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցին մեծապես վնասվել է Սուր թաղամասում ունեցած բախումների պատճառով: Նախկինում, երբ կառավարությունը չեղյալ համարեց քուրդ զինյալների հետ տարվող հաշտեցման գործընթացը, բախումներ տեղի ունեցան քաղաքի այդ պատմական թաղամասում: Բախումների ժամանակ կառավարության զինված ուժերը արգելված տարածք հռչակեցին այդ թաղամասը: Այնուհետև եկեղեցին օգտագործեցին որպես ռազմական կենտրոն, իսկ ժամանակի մամուլի էջերում հայտնվեցին սրբապղծության տարբեր երևույթներ:

Շրջակա միջավայրի և քաղաքաշինության  նախարարությունն այժմ ձեռնամուխ է եղել եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, որոնք կսկսվեն այս ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում է «Ակօս»-ը:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավիրել էին այն:

Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել՝ 97 տարի անց:

2015 թվականից այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին, վերսկսվել էին բախումները թուրքերի ու քրդերի միջև:

1