Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Դեպքի վերաբերյալ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:»