Սփյուռքի կառույցների հետ աշխատանքի գործնական արդյունքները շոշափելի են․ Ռուբեն Մելիքյան
Գլխավոր » Լրահոս » Սփյուռքի կառույցների հետ աշխատանքի գործնական արդյունքները շոշափելի են․ Ռուբեն Մելիքյան

Սփյուռքի կառույցների հետ աշխատանքի գործնական արդյունքները շոշափելի են․ Ռուբեն Մելիքյան

Մայիսին լրանում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի պաշտոնավարման երկրորդ տարին։ Ոլորտի ձեռքբերումների եւ անելիքների շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է օմբուդսմենի հետ։

— Մայիսին լրանում է Ձեր պաշտոնավարման 2-րդ տարին: Շոշափելի ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել այս ժամանակահատվածում:

— Ներքին ուղղության առաջին ձեռքբերումն այն է, որ ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքը, որը շատ ավելի լայն հնարավորություններ է տվել մեր հաստատությանը՝ իրականացնելու սահմանադրական գործառույթ:

Երկրորդը՝ մենք ունեցանք պրոֆեսիոնալ կադրերի համալրում եւ կառուցվածքային փոփոխություն՝ քարտուղարություն եւ դեպարտամենտ՝ Արտակ Բեգլարյանի ղեկավարությամբ:

Նշեմ նաեւ, որ մայիսի վերջին նախատեսված է Ամերիկայի Հայ փաստաբանների միության տարեկան համաժողովի անցկացումը Արցախում:

Ինչ վերաբերում է գործունեության արտաքին ճակատին՝ հատուկ ուզում եմ ընդգծել, որ Սփյուռքի կառույցների հետ աշխատանքի գործնական արդյունքները շոշափելի է՝ թե Եվրոպական եւ թե Ամերիկյան ուղղություններով։ Եվրոպայում մենք ունեցանք մի քանի արդյունավետ այցելություններ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի, ինչպես նաեւ Բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ: Ինչ-որ տեղ դրա հետ կարելի է կապել նաեւ որոշ կարողությունների զարգացման նախաձեռնություններ, մասնավորապես՝ ԱրՊՀ-ում Իրավաբանական կլինիկայի ձեւավորումը Արցախի, Հայաստանի եւ Ամերիկյան սփյուռքի մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ՝ մեր գործունեության արտաքին ուղղությունը հաջողած ենք համարում: Եվ այդ ամենն ուղղված է մեկ նպատակի՝ ճանաչելիության մեծացմանը, որովհետեւ մենք այն համոզմանն ենք, որ ճանաչելիությունը մեր ընդհանուր համազգային նպատակների իրականացման համար կարեւոր գործոն է: Ճանաչելիություն՝ ճանաչումից առաջ:

— Ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների մակարդակը Արցախում:

— Շատ առանձնահատուկ:  Մի կողմից Արցախի եւ միջազգային իրավապաշտպան հանրության հետ կապերը սահմանափակ են, բայց մյուս կողմից էլ մենք ունենք առավելություն՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները ներքուստ շատ հակված են մարդու իրավունքների գաղափարախոսությանը: Ծանր փորձություններով անցած եւ վտանգի առկայության պայմաններում ապրող արցախցիների մոտ ձեւավորել է մարդու նկատմամբ հարգանքի ներքին զգացողություն, որը հենց մարդու իրավունքների գաղափարախոսությունն է:

— Բավարա՞ր եք համարում քաղաքացիների ցուցաբերած հետաքրքրվածությունը Ձեր գրասենյակի նկատմամբ:

— Մենք բավարար չենք համարում այդ հետաքրքրվածությունը եւ այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկելու: Մենք ինքներս պետք է առաջընթաց քայլեր անենք: Օբյեկտիվ խոչընդոտներ կան, մասնավորապես՝ մեր վարչական շենքի Ստեփանակերտում չլինելու հանգամանքով պայմանավորված, մեր աշխատակազմի այնուհանդերձ փոքր թվի հետ պայմանավորված, բայց այս բացերը փորձելու ենք լրացնել այցելություններ կազմակերպելով շրջաններ: Քաղաքացիներին ավելի մատչելի լինելու նպատակով գործարկել ենք նաեւ թեժ գիծ՝ 7777 կարճ համարով:

— Անցած տարվա դեկտեմբերին ԱրՊՀ-ում բացվել է Իրավաբանական կլինիկա։ Որքանո՞վ է այդ կենտրոնը ծառայել իր նպատակին։

— Մեր դերն այստեղ ավելի շատ կապող օղակ լինելն էր Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների ու Հայ Իրավաբանների միության միջեւ: Այդ համագործակցությունը երկկողմանի է, եւ երբ մեզ դիմում են քաղաքացիներ, որոնք փաստաբանական բնույթի հարցեր են բարձրացնում, մենք նրանց ուղղորդում ենք ԱրՊՀ Իրավաբանական կլինիկա։ Իսկ երբ դիմորդների հարցերը մեր լիազորությունների սահմանում են, նրանց Իրավաբանական կլինիկայից ուղղորդում են մեզ մոտ։

Մի քանի գործոն եմ ուզում կարեւորել: Նախ, ուսանողները շատ մեծ պատասխանատվությամբ եւ ոգեւորվածությամբ են մոտեցել այս ծրագրին։ Դա շատ ուրախալի է, որովհետեւ նման կառույցների հաջողությունը պայմանավորված է հենց ուսանողների ակտիվությամբ։ Ուսանողները գիտակցում են, որ այդ աշխատանքի շնորհիվ մեծացնում են իրենց մասնագիտական ունակությունները։

Երկրորդը, ի տարբերություն Հայաստանի՝ մեր դատական համակարգը շատ ավելի լոյալ է վերաբերում կլինիկայի ուսանողներին։ Հաճախ են լինում դեպքեր, երբ կլինիկայի ուսանողները որպես ներկայացուցիչներ ներկայացնում են դիմումներ եւ մասնակցում դատական պրոցեսներին: Ասեմ, որ մինչ օրս ոչ մի դատավոր չի մերժել այդ դիմումը, իսկ այդպիսի դեպքեր Հայաստանում երբեմն գրանցվում են։

Այս առումով՝ կարծում եմ, որ Կլինիկան բազմակողմանի գործունեություն է ծավալում։

— Փետրվարին հանրաքվեով ընդունվել է Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Նոր Սահամանադրությամբ որակական ի՞նչ փոփոխություններ ամրագրվեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

— Արցախի նոր Սահմանադրությամբ ձեւակերպվեցին նոր իրավունքներ, իսկ եղած իրավունքները՝ ավելի համաչափ, համարժեք եւ միջազգային պրակտիկային համապատասխան, վերաշարադրվեցին. անձի անձնական ազատության իրավունքի հետ կապված խնդիրը, մասնավորապես՝ ձերբակալումը, դատական պաշտպանության առարկա դարձնելը։ Վերջերս փաստաբանների հետ հանդիպում էի ունեցել, եւ պարզվեց, որ այս կանոնն արդեն սկսում է կիրառվել եւ վիճարկման դատարանները վիճարկում են ոչ միայն կալանավորման հարցը, այլ ձերբակալման։

Կարեւոր եմ համարում նաեւ անձնական տվյալների գաղտնիության  ամրագրումը եւ  երեխաների իրավունքների հետ կապված որոշակի նոր ձեւակերպումներ:

Կառուցվածքային առումով շատ բնորոշ եւ անհրաժեշտ քայլ կատարվեց տարանջատելու սոցիալ-տնտեսական բնույթ կրող իրավունքները հիմնարար բնույթ կրող իրավունքներից: Մարդիկ պետք է գիտակցեն, որ եթե հիմնարար բնույթ կրող իրավունքները  պաշտպանելու պարտականությունը որեւէ նյութական պայմաններով պայմանավորված չէ, ապա սոցիալ-տնտեսականը պետք է լինի պետության ունեցած հնարավորություններին համարժեք։ Այստեղ գործում է պետության հնարավորությունների, ոչ թե բացարձակության սկզբունքը։

— Այս տարի լրացավ ապրիլյան պատերազմի 2-րդ տարելիցը։ Ի՞նչ աշխատանքներ է ծավալել Ձեր գրասենյակը այս ուղղությամբ եւ ի՞նչ ձեռքբերումներ ունեք գրանցված։

— Մենք փաստահավաք առաքելություն սկսել, զեկույցներ ենք հրապարակել եւ փորձել ենք ակտիվորեն տարածել:

Այդ զեկույցները ստանում են շոշափելի եւ ոչ շոշափելի արձագանքներ։ Շոշափելի արձագանքները, հղումները ֆորմալ չափելիություն ունեցող ցուցանիշներ են, բայց մեր պատկերացմամբ ոչ պակաս կարեւոր են ոչ շոշափելի արձագանքը: Միջազգային իրավապաշտպան կառույցները զեկույցները համարում են ապրիլյան իրադարձությունների հետ կապված համակարգված փաստաթուղթ, որն օգտագործում են թե՛ ներքին, թե՛ ընդհանրապես վերլուծական բնույթ կրող փաստաթղթերում՝ մեր տարածաշրջանում իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար։ Պարտադիր չէ, որ իրավապաշտպանները դրա մասին բարձրաձայն հայտարարեն, բայց մենք վստահ ենք, որ զեկույցներում բարձրացված հարցերը տարբեր մակարդակով տրվում են ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին։

Ասեմ նաեւ, որ հիմա էլ շարունակում ենք եւ ավարտին ենք հասցնում հերթական զեկույցը՝ Ադրբեջանում հայատյացության թեմայով։

— Արցախի փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել։

— Ինչ վերաբերում է 90-ական թվականների փախստականներին, ապա պետք է խոստովանեմ, որ այստեղ մենք շատ ակտիվ միջոցներ չենք ձեռնարկել: Առհասարակ մենք գտնում ենք, որ մեր արդյունավետությունը այս ոլորտում շատ մեծ չէ, բայց միեւնույն ժամանակ մենք ունենք որոշակի մշակված փաստարկների համակարգ, որոնք որ ներկայացվում են մի շարք հանդիպումների ժամանակ՝ կապված թե Ադրբեջանի եւ թե Արցախի օկուպացված շրջանների փախստականների հետ։

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի հետեւանքներին, ապա այս առումով մենք այցելություն ունեցել ենք, իրավիճակին տիրապետում ենք, եւ այս հարցերը շատ ակտիվ ենք բարձրացնում մեր հանդիպումներում։

Անի Առաքելյան

1