Ստեփանակերտում բացվել է Լևոն Աթոյանցի լուսանկարների ցուցահանդեսը

Մայիսի 8-ին Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է կինոօպերատոր, լուսանկարիչ Լևոն Աթոյանցի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արթուր Պողոսյանը, արվեստագետներ, հյուրեր:
Հայկական բազմաթիվ ֆիլմերի բեմադրող-օպերատոր է Լևոն Աթոյանցը, որոնց թվում են՝ «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Քաոս», «Խոշոր շահում», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն: Լ. Աթոյանցը նշել է, որ շատ խորհրդանշական է, որ հենց այս տարի, հենց այս օրն է կայացել իր լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցադրված լուսանկարներում պատկերված է 1960-ական թթ. Շուշին, նաև այն ազատագրած զինվորները: Ըստ հեղինակի՝ լուսանկարների հերոսները կռվելու չեն գնացել, այլ հաղթելու:
ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շավերդյանը իր խոսքում կարևորել է ուղիղ 30 տարի առաջ արված լուսանկարների ցուցադրությունը: «Մեծ խորհուրդ կա այս լուսանկարների մեջ: 1992թ. Շուշիի ազատագրոմից հետո Լևոն Աթոյանցը նորից այցելեց իր սիրած քաղաքը ու արդեն տեսնում ենք հայ զինվորի լուսանկարների շարք, որի խիզախության շնորհիվ վերատիրացանք մեր Շուշիին, որին պարտական ենք այսօրվա մեր խաղաղ կյանքի համար»,- ասել է Սերգեյ Շահվերդյանը:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը ևս ներկա էր ցուցահանդեսի բացման արարողությանը: Արթուր Պողոսյանը իր ելույթում նշել է, որ ցուցահանդեսով սկիզբ է դրվում այս տարվա փետրվարին ՀՀ և ԱՀ մշակույթի նախարարությունների միջև կնքված համագործացության իրագործմանը: «Աթոյանցը Արցախ ացելելու ցանկացած առիթ օգտագործում էր, որպեսզի իր օպերատորական աշխատանքին զուգահեռ լուսանկարի և սերունդներին փոխանցելու համար կերտի այս պատմութունը: Այս լուսանկարները պատմության վավերագրում են, որով մեր երիտասարդ սերնդին կարող ենք պատմել, թե ինչպիսին ենք եղել և հավաստել, որ ապագայում էլ այսպիսին ենք լինելու»,- ցուցահանդեսի մասին նշել է Արթուր Պողոսյանը: