Սումգայիթյան ցեղասպանություն. հիշենք ու պահանջենք
Անշուշտ, միայն ափսոսանքի զգացումով կարող ենք արձանագրել, որ առ այսօր էլ՝ 31 տարի անց, միջազգային հանրությունն իրավաբանական գնահատական չի տվել 1988թ. փետրվարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի ավելի քան 18 հազար հայ բնակիչների դեմ իրագործված զանգվածային ջարդերին ու կոտորածներին եւ այդ վայրագությունները միանշանակ չի որակել որպես հայ ժողովրդի մի հոծ հատվածի նկատմամբ Ադրբեջանում իրագործված ցեղասպանության ակտ, իսկ ավելի լայն ընդգրկմամբ՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
Թեկուզ, ասենք, ինչու՞ նեղանանք օտարների նման անհաղորդ ու անտարբեր պահվածքից, եթե մենք ինքներս անգամ հավուր պատշաճի հետեւողական չենք մեր ազգակիցների ապրած այդ ողբերգության իրավական գնահատման հարցում։
Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովը սումգայիթյան արյունահեղության 30-ամյակի կապակցությամբ անցյալ տարվա փետրվարի 28-ին ընդունել էր հայտարարություն՝ դատապարտելով այն ու որակելով որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրավորված ու կազմակերպված ոճրագործություն, հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետեւողական քաղաքականության եւս մեկ դրսևորում։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի ԱԺ-ն կոչ է արել ՙխորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին` դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած եւ շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները՚: Սակայն, ավաղ, հայտարարության մեջ նույնիսկ խոշորացույցի օգնությամբ հազիվ թե հնարավոր լինի հայտնաբերել ՙցեղասպանություն՚ իրավաբանական եզրույթը։ Կարելի է հասկանալ այդպես՝ դա միայն զանգվածային ոճրագործություն էր, բայց ոչ երբեք մեկ առանձին ազգային հանրության նկատմամբ պետականորեն կազմակերպված եւ իրագործված ցեղասպանության ակտ։
Այդ իրավաբանական թերասացությանը գրեթե նույնությամբ ականատես ենք նաեւ ԱՀ ԱԺ հայտարարության մեջ, որը դարձյալ անցյալ տարի փետրվարի վերջերին։ Ասացի՝ գրեթե նույնությամբ, որովհետեւ այս անգամ, ի տարբերություն Երեւանում ընդունված փաստաթղթի, այնուամենայնիվ, երկու անգամ արձանագրվում է ՙցեղասպանություն՚ եզրույթը։ Առաջին դեպքում, խորհրդարանի հավաստմամբ, ՙպաշտոնական Բաքուն ցայսօր շարունակում է լինել ցեղասպանության քաղաքականության կրողը՚ բառակապակցության մեջ, իսկ երկրորդում կոչ է արվում ՙխորհրդարանական կառույցներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի ու կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտել Բաքվի կողմից ադրբեջանահայության դեմ իրագործած ցեղասպանական ակտերը»: Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանի սեփական դիրքորոշմանը, ապա, ինչպես նշված է հայտարարության մեջ. ՙԱզգային ժողովը. դատապարտում է խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության ցանկացած դրսեւորում՚։ Ընդամենը այսքանը։ Ոչ ավելին։ Այսինքն՝ երկու հայտարարության մեջ էլ կամա, թե ակամա անտեսվել կամ անուշադրության է մատնվել բուն զանգվածային ոճրագործության հստակ ու սպառիչ բնորոշումը՝ ՙցեղասպանություն՚ իրավաբանական ձեւակերպմամբ։ Այլապես ինչու՞ ժամանակին վրդովում էինք, որ խորհրդային իշխանությունները սումգայիթյան իրադարձությունները որակում էին ոչ այլ կերպ, քան ՙզանգվածային անկարգություններ՚։ Այլապես ինչու՞ դարձյալ վրդովում ենք, որ Միացյալ Նահանգների իրար հաջորդող նախագահները հետեւողականորեն ՙեղեռն՚ են որակում անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունը եւ որ աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությունն առ այսօր հապաղում է այդ ողբերգությունը ճանաչել որպես ցեղասպանության ակտ։
Թեկուզ եւ ակնհայտ են սումգայիթյան իրադարձությունների իրավական գնահատման ու դատապարտման միջազգայնորեն համընդունելի բոլոր ցուցիչները։ Առավել եւս, որ ցեղասպանությունը, որպես միջազգային հանցագործություն, «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին՚ ՄԱԿ 1948 թվականի դեկտեմբերի 12-ի կոնվենցիայում սահմանվում է իբրեւ որեւէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված, համակարգված ոչնչացում։ Այն, ինչ Ադրբեջանի հայ ազգաբնակչության նկատմամբ փաստորեն իրագործվել է, ընդհանուր առմամբ, 1988-1990թթ. եւ, ի մասնավորի, 1988-ի փետրվարի վերջերին՝ Սումգայիթ քաղաքում։
Այնպես որ՝ ընդունենք, նաեւ մեր՝ հայերիս, մեղքի բաժինը կա, որ միջազգային հանրությունը Սումգայիթի ոճրագործությունն առ այսօր չի ճանաչել որպես ցեղասպանության ակտ։ Ի դեպ, համեմատության համար նշեմ, որ ադրբեջանական իշխանությունները բավական աշխատանք են տարել, այսպես կոչված, ՙԽոջալուի՚ ցեղասպանության՚ ճանաչման ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը ՙԱզերթաջ՚ պետական լրատվական գործակալության կայքեջում հրապարակված իր հոդվածում, այն արդեն ճանաչել են աշխարհի 10 պետություն, մի շարք միջազգային կառույցներ, Միացյալ Նահանգների ավելի քան 20 նահանգ։ Թե ինչպես, ինչ խողովակներով ու միջոցներով՝ դիվանագիտական, ՙադրբեջանական լվացքատան՚, ՙնավթադոլարային՚, ՙխավիարային՚ եւ այլն՝ էական չէ, կարեւորն այն է, որ Բաքուն ջանացել ու կարողացել է երկրի ներիշխանական գզվռտոցների այդ արյունալլի հետեւանքները գլխիվայր շուռ տալ ու ներկայացնել որպես հայերի կողմից ադրբեջանական ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանություն՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
Ինչ վերաբերում է սումգայիթյան ջարդերի միջազգային արձագանքներին, ապա այդ առնչությամբ նույնպես, իհարկե, ժամանակին, տակավին իրադարձությունների թարմ տպավորության տակ, ընդունվել են դատապարտման բանաձեւեր։ Մասնավորապես, Եվրախորհրդարանի, Միացյալ Նահանգների Սենատի, Արգենտինայի խորհրդարանի կողմից։ Այո, աշխարհի հանրությունը ցնցված էր Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային ջարդերի վայրագությամբ ու դաժանությամբ, ջարդեր, որ մոլեռանդ խառնամբոխն իրականացրել է ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ եւ Խորհրդային Միության ղեկավարության թողտվությամբ, երկու դեպքում էլ՝ հանցավոր ու դատապարտելի։ Սակայն այդ փաստաթղթերում արձանագրված են ընդամենը ոճրագործության բուն իրողությունը եւ դրա դատապարտումը, բայց ոչ իրավաբանական գնահատականը։
Սումգայիթյան նախճիրը, փաստորեն, մարմնավորել է ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականությունը։ Ընդ որում՝ դա Ադրբեջանի իշխանությունների եւ խորհրդային կենտրոնի դաժան հակադարձումն էր Արցախի հայությանը՝ ի պատասխան Հայաստանի հետ վերամիավորվելու նրա օրինական կամքի ու պահանջի։ Բազմազգ Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր` խափանել Ղարաբաղյան հիմնախնդրի հնարավոր հայանպաստ լուծումները, Լեռնային Ղարաբաղի հայերին ահաբեկել նոր արյունահեղություններով ու ստիպել հրաժարվելու ազգային-ազատագրական շարժումից: Ինչ խոսք, այդ համատեքստում պատահական չէր այդ արյունալի դեպքերից օրեր առաջ ԽՍՀՄ Գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսեւի հեռուստատեսային սադրիչ հայտարարությունն առ այն, թե իբր Ասկերանի մերձակայքում հայերի եւ աղդամցիների միջեւ տեղի ունեցած ընդհարումների ընթացքում երկու ադրբեջանցի է սպանվել։ Ընդ որում՝ ակնհայտ հասկացնել էր տրվում, թե այդ ադրբեջանցիներին հայերն են սպանել։ Թեկուզ հետագայում պարզվել է, որ բանն այդպես չէր. պարզապես պետք է արյուն հեղվեր, որպեսզի այնուհետեւ արյան մեղքը բարդվի հայկական կողմի վրա։ Պատահական չէր նաեւ, որ խորհրդային զորքերը Սումգայիթ մտցվեցին երեք օր ուշացումով՝ փետրվարի 29-ին։ Ինչպես որ Բաքվի ջարդերի պարագայում էր՝ մեկ շաբաթ ուշացումով։ Սակայն այդ օրը եւս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չէր ստացել, ուստի եւ չի օգնել հայերին։ Միայն նույն 29-ի երեկոյան է, որ, ստանալով համապատասխան հրամանը, դիմել է վճռական գործողությունների ու կասեցրել հետագա ջարդերը։
Ինչ վերաբերում է ջարդերի կազմակերպիչների եւ անմիջական մասնակիցների բացահայտմանն ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրին, ապա, ուշագրավ է, որ խորհրդային իշխանությունները հատուկ դիտավորությամբ բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել էին մի քանի մասերի՝ դատավարություններն իրականացնելով Միության տարբեր քաղաքների դատարաններում։ Իսկ ահա հարուցված շատ գործեր ԽՍՀՄ փլուզումից հետո կարճվել են եւ հանցագործների մեծ մասն ազատ է արձակվել։ Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել, անգամ ցավակցություն չի հայտնվել անմեղ զոհերի հարազատներին։ Նաեւ չի բացահայտվել ջարդերի եւ ոչ մի կազմակերպիչ։ Նրանցից շատերը հետագայում առաջ քաշվեցին իրենց պաշտոններում, իսկ ոմանք այսօր էլ Ադրբեջանում զբաղեցնում են պետական բարձր դիրքեր: Իսկ ահա ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 94 մարդ, եւ նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել, այն էլ առ այսօր հայտնի չէ՝ իրագործվե՞լ է, թե՞ ոչ։ Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի եւ այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառ»:
Հայկական կողմի տրամադրության տակ եղած փաստաթղթերը հաստատում են, որ սումգայիթյան ցեղասպանությունը կազմակերպված է եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից ու, կրկնում եմ՝ Կրեմլի հանցավոր թողտվությամբ եւ չի եղել մի խումբ խուլիգանների արարք, ինչպես այդ արյունալի իրադարձություններից անմիջապես հետո սկսեցին ներկայացնել Բաքուն ու Մոսկվան։ Ավելին՝ խորհրդային ղեկավարությունը շտապեց արգելք դնել «սումգայիթ» թեմայի վրա։ Այլ կերպ ասած, քողարկվեց տեղի ունեցած ցեղասպանությունը, իսկ նրա կազմակերպիչները պարտակվեցին պաշտոնական մակարդակով: Այս նողկալի տրամաբանության արդյունք է, որ ԽՍՀՄ լուսավորության նախարարությունը ջարդերից ընդամենը մի քանի ամիս անց ՙփոխանցիկ կարմիր դրոշ՚ շնորհեց Սումգայիթի իշխանություններին՝ իբր թե մատաղ սերնդի ճիշտ դաստիարակության գործում ցուցաբերած եռանդուն ջանքերի համար։ Նման դեպքում է երեւի թե ընդունված ասել՝ ահա քեզ եւ ճակատագրի հեգնանք։
Մենք՝ հայերս, անկասկած, ամեն պատեհ պահի խոնարհվում ենք Սումգայիթում, ինչպես նաեւ Ադրբեջանի այլ վայրերում գազազած ամբոխ զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների հիշատակի առջեւ։ Բայց, համոզված եմ, չպետք է սահմանափակվենք նահատակների հիշատակին սոսկ հարգանքի տուրքի մատուցման ամենատարբեր արարողություններով։ Մենք պետականակիր ժողովուրդ ենք ու, որպես վայել է արժանապատիվ ժողովրդին, պետք է օգտագործենք մեր ունեցած պետական ու հանրային լծակները՝ աշխարհին լիարժեք ցուցանելու համար մեր ժողովրդի մի հոծ հատվածի ապրած ողբերգության ողջ ճշմարտությունը։ Մենք ինքներս պետք է առաջինը ճանաչենք ու գնահատենք սումգայիթյան եղեռնը որպես 20-րդ դարավերջին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանության ակտ, որպեսզի իրավունք ունենանք ակնկալելու մնացյալ աշխարհի համարժեք ընդառաջ քայլը մեր ցավին։ Այլապես հազիվ թե մեր ներկա սերունդները, էլ չեմ խոսում գալիք սերունդների մասին, ի զորու լինեն լուծելու այս համազգային խնդիրը։ Ուստի եւ հաշվի առնենք, որ աշխարհն անընդհատ փոփոխվում է, իսկ պատմության փոշին շարունակաբար ծածկում, անտեսանելի է դարձնում անցյալի էջերը։ Այնպես որ՝ հիշենք ու քանի դեռ ուշ չէ՝ նաեւ պահանջենք։
Հ.Գ. հոդվածը արդեն իսկ պատրաստ էր տպագրության, երբ հրապարակվեց ԱՀ ԱԺ
խմբակցությունների եւ անկախ պատգամավորների հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ, որտեղ Սումգայիթի ջարդերը որակվել են որպես ցեղասպանություն:
Միքայել Հաջյան