Սիրեք հայրենիքը և ոչինչ-ոչինչ մի պահանջեք այդ սիրո դիմաց. քեռի Աշոտ
Գլխավոր » Հասարակական » Սիրեք հայրենիքը և ոչինչ-ոչինչ մի պահանջեք այդ սիրո դիմաց. քեռի Աշոտ

Սիրեք հայրենիքը և ոչինչ-ոչինչ մի պահանջեք այդ սիրո դիմաց. քեռի Աշոտ

Այն, որ աշխարհում մարդկային անհատից ավելի բարդ ու հակասական բան չկա՝ իրողություն է, սակայն մարդը, ինչպիսին էլ  լինի, լինի գիտնական, արվեստագետ, թե  քաղաքական գործիչ, նախ և առաջ պիտի ձգտի հավատարիմ մնալ իր ամենամեծ` Մարդ կոչմանը` յուր բազմակողմանի հետաքրքրություններով, պահանջներով, ձգտումներով, ռոմանտիկայով ու երևակայությամբ…

 

Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղում է բնակվում Աշոտ Սարգսյան անունով հայը` ազգիս բնորոշ տաքարյուն խառնվածքով, առնական կեցվածքով, երիտասարդի ավյունով, խոհուն ու խորաթափանց աչքերով, որոնց մեջ բարության հետ միախառնված անզիջողականություն կա նաև: Նա ապրում է կնոջ, երկու դուստրերի և որդու հետ: Երբեմն նա երկար, շատ երկար լռում է` հայացքը հառած անորոշ ու հեռավոր մի կետի.այդ պահերին խաղաղություն է իջնում  աչքերին, թվում է`   ինչ-որ բան է փնտրում ու երբ վերջապես գտնում է` ժպտում է  արևի պես. աչքերը դառնում են կրակներ… Այդ պահերին դուստրը`Արևիկը, ծիծաղով հարցնում.

 — Հը՞, հայրիկ, էլի գտա՞ր…

 

Պատասխանի փոխարեն նա ժպտում է բազմիմաստ…

 

— Ի՞նչ է նա փնտրում.- հարցնում եմ :

 

— Ինչ-որ բան…Նա երբեք չի պատասխանում այդ հարցին…Պարզապես գիտենք, որ փնտրում է ու գտնում…

 

Ու Աշոտ Սարգսյանը, որին գյուղում քեռի Աշոտ են ասում,  ինձ թվում է հանելուկ, բարդ ու խրթին հանելուկ…

 

Որոշներն ասում են` Աշոտը խորհրդավոր է, ապա ավելացնում են`շատ իմանալուց է…Այո, նրան կարելի է բնորոշել տարբեր ձևերով ու կոչումներով. եթե նրան կոչենք արվեստի ու գրականության մարդ, ապա սխալված չենք լինի, եթե կոչենք  լավ արհեստագետ, դարձյալ սխալված չենք լինի, եթե կոչենք գաղափարի մարդ, պատերազմի առաջամարտիկ, նրան ճանաչողները կփաստեն դա և վերջապես` նրա ամենամեծ բնորոշումը հոգով հայ և կոչումով Մարդ լինելն է`շիտակ ու անշահախնդիր, հպարտ, բայց ոչ գոռոզ…

 

Նրան ծանոթանալիս ակամայից հիշում ես Ռաֆու ‹‹Խենթ››-ի խենթ Վարդանի կերպարը և մտածում. ո՞վ գիտե, եթե այս մարդու մասին էլ գրեին, գու՞ցե պակաս խենթամոտ կերպար չստացվեր…Իսկ խենթերը, ինչպես միշտ, փառքի բաժանման պահերին ձգտում են մնալ ստվերում, քանզի խորշում են փառքից և ասպարեզ են ելնում, երբ գալիս է իրենց ժամանակը. այդպիսինների համար հպարտանք է մայր հողի վրա քայլելը, որովհետև զգում են իրենց ոտքերի տակ  եղած հողի   զարկերը, և  դա զորացնում ու վեհացնում է հոգեպես:

 

Մինչ Արցախյան շարժման սկսվելը նա ընտանիքով ապրում էր Հրազդանում: Հետո, երբ պոռթկաց ժողովրդի ցասումը, նա նետվեց Արցախ: Երբ նրան հարցնում եմ, թե որտե՞ղ է կռվել, նա խորհրդավոր լռում է, ապա աչքերը  լցվում են մաքուր-մաքուր թախիծով: Նա հայացքը սևեռում է պատին, իսկ այնտեղ կողք կողքի կախած են Անդրանիկի, Նժդեհի և Պետոյի նկարները:

 

Հետո, հազիվ լսելի ձայնով, ասում է. ‹‹Արժե՞ խոսել պատերազմից, պատերազմը ցավ է, անամոք վիշտ… պատերազմը գիշատիչ է, այն լափում-տանում է լավերին…Պատերազմները, աղջիկս, երբեք-երբեք չեն վերջանում…Երանի վերջանար այս պատերազմը…Երանի գար այն օրը, որ սահմանին  ոչ մի զինվոր չզոհվեր:  Մենք մեր կռիվը կռվել ենք, թող էս ջահելները կռվի երես չտեսնեն…››:

 

Քեռի Աշոտը չի ցանկանում պատմել, բայց երբ շատ հորդորում ենք հակիրճ ներկայացնում է իր մարտական կենսագրությունը: Իմանում ենք, որ նա մասնակցել է Լաչինի միջանցքի, Չափարի, Ումութլուի, Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի  համար մղվող մարտերին, անընդհատ ‹‹վազել է››  կռվի ետևից, հանգիստ չի ունեցել…

 

‹‹Աշոտը առյուծի սիրտ ունի, առյուծի պես է` հպարտ ու զորեղ,ո՞վ կարող է կոտրել այդ մարդուն…›› — պատմում են գյուղացիները:

 

Աշոտ Սարգսյանը բարձրագույն կրթություն չի ստացել, բայց իմ կյանքում ես չեմ հանդիպել մեկին, ով ավելի մեծ ոգով ներկայացնի նժդեհյան դասերը, խոսի ու տպավորի իր ազդու խոսքով: Նրան կարող եք հարցեր տալ գրականության ու հայոց պատմության էջերից, իսկ նա հանգիստ կծխի  և մանրամասն կպատասխանի ամեն հարցի:

 

Սարգսյանների տանը կարելի է տեսնել փայտից պատրաստած զանազան իրեր, քանդակներ. դրանք բոլորը Աշոտ քեռու վարպետ ձեռքերն են ստեղծել: Նրա գործերը գեթ մեկ անգամ են տարվել ցուցահանդես-մրցույթի: Ժյուրին հիացած էր, նրա գործերն արժանացան մրցանակների: ‹‹Մրցույթս ո՞րն է, ես ինքս ինձ համար եմ ստեղծագործում, բայց երեխեքը պնդեցին ու տարան: Ես սիրում եմ ստեղծագործել ու տարբեր առիթներով նվիրել մարդկանց››: Գյուղում չկա մեկը, ում ընտանիքում չլինի վարպետի ստեղծագործություններից մի փոքրիկ նմուշ թեկուզ: Նա դրանք նվիրել է բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ եղել են իր հյուրընկալ օջախում: Իսկ օջախն այդ շատ-շատերին է գրկաբաց ընդունել ու ճանապարհել…

 

Աշոտ քեռու ընտանիքն Արցախ է տեղափոխվել 1996-ին: Կինը՝ Սվետան, պատմում է. ‹‹Երբ Հրազդանից տեղափոխվեցինք այստեղ, համարյա ոչինչ չունեինք, այս տունը կիսավեր էր, տանիքը քանդված: Աշոտն ասաց` այստեղ պիտի ապրենք, կառուցենք, շենացնենք…Նա ամեն ինչ իր ձեռքերով սարքեց, տուն դրեց››:

 

Աշոտ քեռին պատերազմի տարիներից անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:  ‹‹Ազգային գաղափարները յուրաքանչյուր հայ մարդ պիտի կրի իր մեջ, փոխանցի իր սերունդներին: Հայը չպիտի մոռանա, որ չլուծված Դատ ունի, ու մեզանից ամեն մեկը պիտի դառնա Հայ Դատի մարտիկը››:

 

Աշոտ քեռու հոգում դեռ կա մի հուժկու փոթորիկ, որը չի հանգչի այնքան ժամանակ, քանի չի դատվել թուրքը, քանի հայոց հայրենիքի անգին մասը շարունակում է մնալ գերության մեջ: ‹‹Իմ նախնիները ծնունդով Վանից էին… Վա՜ն… Այն մեծագույն երազանքնս է… Ես հավատում եմ երազանքիս…Մի օր ետ կբերենք…››,- ոգևորության այս խոսքերն են հնչում նրա շուրթերից…

 

Կինը՝ Սվետան, պատմում է,  որ այն ժամանակ, երբ տերպետրոսյանական իշխանության տարիներին ՀՀՇ-ն ցրեց ՀԱԲ-ը, շատերի հետ սկսեցին հետապնդել նաև Աշոտ Սարգսյանին. անտեղի ու կեղծ մեղադրանքներ, խոշտանգումներ, կրկնվող բանտարկումներ, սակայն ոչ մի բան ի զորու չեղավ կոտրելու նրան: ‹‹Մի քիչ առողջությունը վնասվեց, բայց հոգին՝ չէ››,- հպարտությամբ ասում է կինը:

 

Իսկ ի՞նչն է նրան մշտապես բերել Արցախ.‹‹Ես պատերազմի մարդ եմ, այս լեռներում իմ ոգին է, իմ աշխարհը, իմ ներշնչանքը… Այս հողի համար մղվող մարտերում են հերոսացել ընկերներս: Ուրիշ տեղ ապրել չեմ կարող››,- ասում է նա:

 

Այստեղ` այս գողտրիկ գյուղում, փառքի և նյութի համար մղվող մրցավազքից  հեռու, ապրում է նա` կնոջ ու երեք զավակների հետ: Կհարցնեք` ինչպե՞ս է ապրում, կպատասխանի խորհրդավոր ժպիտով.‹‹Ես չունեմ մշտական աշխատանք, բայց մշտապես շարժման մեջ եմ, ստեղծում եմ այն, ինչ միտքս ու ձեռքերս են ընդունակ… Ես խորշում եմ շքեղությունից, շքեղությունը պիտի մարդկային հոգիներում լինի… Ես լավ եմ ապրում››:

 

Երբ հեռանում էի Հովտաշենից, թվում էր`ողջ ճանապարհին շարունակում էի զրուցել նրա հետ, ինձ հետ տանում էի նրա հայեցի կերպարը, նրա աչքերի իմաստնությունը, խորհուրդների պաշարը, խոսքերը. ‹‹Ես անասելի հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ ազգը սիրող, ազգի համար մտածող երիտասարդների: Սիրե՛ք հայրենիքը և ոչինչ-ոչինչ մի պահանջեք այդ սիրո դիմաց…››:

  Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

1