Սթենֆորդում կներկայացվեն Հայոց ցեղասպանության վերապրածների պատմությունները

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ Սթենֆորդի հանրային քաղաքականության դպրոցում տեղի կունենա «Վերապրածների պատմությունները» խորագիրը կրող միջոցառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով dukechronicle.com-ը, մարտի 3-ին անցկացվելիք միջոցառման կազմակերպիչները նշել են, որ վերապրածների հուզիչ պատմությունները ներկայացնելով` հարգանքի տուրք կմատուցվի Ցեղասպանության զոհերի և վերապրածների հիշատակին:
Նրանք նշել են, որ պետք է հիշել մարդկության վատագույն շրջանը, որպեսզի մարդկությունը ոգեշնչվի դրա լավագույնով: Կազմակերպիչներն ընդգծել են Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելով` հետագայում նման սարսափելի դեպքերը կանխելու անհրաժեշտությունը: Միջոցառմանը խոսքով հանդես կգա Ցեղասպանության ականատես Երանուհի Ղազանչյան Նաջարյանի թոռը` Ջեֆ Էսսենը:
Երանուհին և նրա երկու քույրը իրենց ընտանիքի սակավաթիվ ներկայացուցիչներն են, ովքեր կարողացել են փրկվել Ցեղասպանությունից: Նրանց տատիկները ողջ-ողջ թաղվել էին, իսկ հայրը բանտարկվել, և իրենք հորը այլևս երբեք չեն տեսել: Աղջիկները մոր և եղբոր հետ հազարավոր հայերի կողքին հազարավոր մղոններ են անցել դեպի համակենտրոնացման ճամբարներ: Արտաքսման ժամանակ նրանց մորը թողել են սարերում մահանալու, իսկ եղբորը գլխատել են: