Սա որոշում է, որի կարևորությունը չպետք է նվազեցնել
Գլխավոր » Երիտասարդական » Սա որոշում է, որի կարևորությունը չպետք է նվազեցնել

Սա որոշում է, որի կարևորությունը չպետք է նվազեցնել

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի հետ:

-Պարո ՛ն Կարապետյան, ինչո՞ւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հիմա որոշեց ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

-ԱՄՆ ներկայացուցչական պալատից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նոր չէ. բավական անգամներ եղել են: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, օրինակ, ճանաչել էր, բայց հարցը մինչև Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ չէր հասել: Այս նոր բանաձևը Ադամ Շիֆի նախաձեռնությամբ դրվեց լիագումար նիստում, որին օգտակար եղան նաև Ներկայացուցչական պալատի այլ անդամներ, այդ թվում` երկու հայկական ծագում ունեցող ներկայացուցիչներ: Պետք է նկատի ունենանք, որ Միացյալ Նահանգերի Հայ դատի հանձնախումբն ու Վաշինգտոնի գրասենյակները երկար աշխատանք են տարել և արդեն զորակցություն էին ապահովել երկու մեծ կուսակցություններից: Այնպես որ, սպասելի էր, որ այս անգամ ավելի լավը պետք է լինի արդյունքը: Հավանաբար, կարող էր այդ միաձայն արդյունքը չլինել, բայց իմ գործընկերների կողմից կար ակնկալությունը, որ այս անգամ շատ ավելի արդյունավետ պետք է լինի այս հարցի ընդունումը:

-Կա՞ր արդյոք ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ինչ-որ բան հասկացնելու գործոնը:

-Բազմաթիվ աշխատանքներ են կատարվել, բայց, անշուշտ, ընթացքն ավելի արագացավ` նկատի ունենալով նաև Թուրքիայի գործոնը` Սիրիայի վրա հարձակումը, և Թուրքիա-ԱՄՆ՝ վերջին շրջանի հարաբերությունները: Բայց պետք է հաշվի առնենք, որ յուրաքանչյուր անգամ, երբ մեզ համար որևէ դրական կամ ժխտական որոշում է կայացվում, միշտ զգացում ունենք, որ այդ որոշման հետ մենք` Հայ դատի գրասենյակը, կապ չունենք, ուրիշների միջև խաղեր են, ուրիշների կողմից զանազան հետապնդումների հարցեր են: Անշուշտ, Միացյալ Նահանգներն այսօր Թուրքիային քաղաքական մեսիջ ունի հղելու: Թուրքիան այդ մեսիջը լավ կերպով չստացավ, բայց նաև պետք է հասկանանք, որ չպետք է ասել` այս որոշումը միայն Թուրքիային մեսիջ հղելու համար էր: Սա որոշում է, որի կարևորությունը որևէ կերպ չպետք է փորձել նվազեցնել: Մեր միտքը պետք է լինի միայն դեպի մեր հաղթանակը. ինչ-որ երրորդ կողմի հետապնդումը երրորդի հարցն է, մերը չէ:

-Որո՞նք են ԱՄՆ-ի հիմնական քաղաքական շահերն ու նպատակները` այս բանաձևն ընդունելու համար:

-Միացյալ Նահանգների ներկայացուցչական պալատը Ծերակույտի հետ երկրի օրենքների մշակման կամ բանաձևերի քվեարկության հիմնական օրենսդրական մարմինն է, այնպես որ, կարող ենք ասել, որ այո, ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես ճանաչել են 29 երկրներ, որոնցից միայն 4-ն են, որ օրենքի ուժով կատարել են ընդունումը, մնացածը բանաձևերով են: Ովքեր հետևեցին Ներկայացուցչական պալատի քվեարկության ընթացքին, տեսան, որ քվեարկողների մոտեցումը մարդկային իրավունքների պաշտպանման գծի մեջ էր, իրենք հուզված էին, որ, ի վերջո, ժողովրդի համար արդար որոշում պետք է կայացնեն: Անշուշտ, իրենց մեջ կան մարդիկ, որոնք քաղաքական դրդապատճառներ ունեն, բայց կարևոր մեծ մասի որոշումը հիմնված էր նաև մարդկային արժեքների վրա, և այդ մեկը չպետք է թերագնահատել և փորձել այդ մարդկանց արած մեծ քայլն ուրիշ հանգամանքների մեջ տեսնել: Բայց այստեղ պետք է հստակեցնել` չպետք է շփոթել օրենսդիր մարմինը գործադիրի հետ: Օրենսդիր մարմինն իր առաքելությունը և մոտեցումներն ունի, գործադիրը` իր: Երկրի արտաքին քաղաքականությունը և պետական շահերը, որոնք վերաբերում են արտաքին աշխարհին, որոշում է գործադիր մարմինը, այս պարագայում` ԱՄՆ նախագահն ու Արտաքին գործերի նախարարությունը:

-Ի՞նչ ընթացակարգ է սպասվում այս ամենից հետո, հետագա քայլերը որո՞նք են լինելու:

-Անշուշտ, այդ հսկա աշխատանքը, որ սկսվեց և տասնյակ տարիներով կատարվեց մեր Հայ դատի հանձնախմբի, այլ ամերիկյան-հայկական կառույցների և ԱՄՆ` մեր հայրենակիցների կողմից, որպեսզի հասնենք այսօրվա իրականությանը, ավարտված չէ: Մեկ մասը` Ներկայացուցչական պալատի քվեարկությունը, որ չափազանց կարևոր էր, կատարվեց, այժմ կմնան Ծերակույտը և, իհարկե, ԱՄՆ նախագահի հաջորդ հայտարարությունը, որ պետք է լինի 2020 թ. ապրիլի 24-ին: Որքանով այս պահին տեղեկացված ենք Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մեր գործընկերների կողմից, Ծերակույտի մեջ էլ արդեն ներկայացված է նման բանաձև, 2 կուսակցությունների 21 անդամներ արդեն ստորագրել են, այլ անդամներ էլ հայտնել են իրենց ստորագրելու ցանկությունը, որը պետք է հասցնեն կատարել Ծերակույտի լիագումար նիստին, որպեսզի այնտեղ հարցը քննվի և քվեարկության դրվի: Կարծում ենք, որ այս վերջին գրեթե միաձայն քվեարկությունից հետո ընթացքը լավը կլինի, և Ծերակույտն էլ կընդունի Հայոց ցեղասպանությունը: Դրանից հետո կմնա ԱՄՆ նախագահը: Երբ երկրի երկու օրենսդրական մարմինները ընդունած լինեն բանաձևը, կտեսնենք` նախագահը կցանկանա՞ շրջանցել այդ որոշումները, թե ապրիլի 24-ի հայտարարությունը այլ կերպ կհնչի: Իրենց մարտավարությունն էլ ցույց կտա` ինչ կանենք հետագայում:

arfd.am

1