Սասունյան. Թուրքիայի դեմ Կիլիկիո կաթողիկոսության հայցի հավանական հետևանքներ

Աշխարհասփյուռ հայությունը ողջունեց Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան ապրիլի 27-ին դատական հայց ներկայացնելու համար՝ Սիսի իր պատմական նստավայրը վերադարձնելու պահանջով, որն այժմ գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում: Կիլիկիո կաթողիկոսության նախկին աթոռանիստ կենտրոնը, որը հիմնադրվել է 1293 թվականին, բռնագրավվել էր թուրքական իշխանության կողմից 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարիներին:
Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ եթե թուրքական դատարանը մերժի հայցը, Կաթողիկոսությունը մտադիր է դատարանի որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը պահանջում է սպառել բոլոր ներքին դատական ատյաններին դիմելու հնարավորությունները, մինչև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների դեմ հայց հարուցելը: Թուրքիայի կողմից Եվրադատարանի որոշումներն ընդունելուն թերահավատորեն վերաբերողները պետք է իմանան, որ Թուրքիայի Հանրապետությունը ենթարկվել է իր դեմ բոլոր վճիռներին՝ Եվրադատարանի իրավասությունը 1990 թվականին ճանաչելուց ի վեր:
Կաթողիկոսության հայցը շրջադարձային դեպք է մի շարք պատճառներով.
– Այն նպատակ ունի մասնակիորեն վերականգնել Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային, նյութական և տարածքային կորուստները:
– Այն տեղափոխում է «Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայ դատի ջանքերը դեպի դատաիրավական ոլորտ»,- ինչպես նշեց Արամ Ա կաթողիկոսը:
– Այն կարող է նախադեպ հանդիսանալ նմանատիպ իրավական պահանջների համար, ինչպես Արամ Ա կաթողիկոսը տեղեկացրեց «Նյու Յորք թայմս» թերթին անցյալ ամիս. «Հարյուր տարի անց, ես կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ շեշտը դնենք հատուցման վրա…. «Սա առաջին իրավական քայլն է: Դրան կհաջորդեն մեր պահանջները` վերադարձնելու բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան հողերը և, ի վերջո, անհատական սեփականությունները: Մենք պետք է առաջ գնանք քայլ առ քայլ»:
Չնայած դատական հայցով Կաթողիկոսության հետապնդած վեհ նպատակներին՝ անցյալ շաբաթ տարաձայնություն առաջացավ հայկական համայնքում, երբ մի քանի կայքեր և թերթեր հաղորդեցին, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել է «կամ վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը կամ վճարել 100 միլիոն թուրքական լիրայի (37 միլիոն դոլար) փոխհատուցում»: Ամերիկահայ հանրածանոթ ղեկավար դեմքերից մեկը՝ Կարո Արմենյանը, նախազգուշացնող հոդված գրեց՝ «Մեր սրբավայրերը սեփականություններ չեն» վերնագրով: Նա ընդգծեց, որ Կաթողիկոսության հայցը «մի շարք հարցականներ է հարուցում, որոնք այսօրվանից պետք է անցնեն մեր հավաքական փորձաքննության բովով՝ անցանկալի նախադեպերը կանխելու խոհեմ նախանձախնդրությամբ»: Նա նաև հորդորեց Կաթողիկոսությանը հստակեցնել փոխհատուցման գումարի հարցը, եթե լուրերը ճշգրտորեն չեն արտացոլում դատական հայցի բովանդակությունը:
Նման հստակեցում ստանալու ակնկալիքով անցյալ շաբաթ ես կապ հաստատեցի Կաթողիկոսարանի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբություն Արամ Ա կաթողիկոսի օգնական Հայր Հուսիկ Մարտիրոսյանն էլեկտրոնային նամակով ինձ հավաստիացրեց, որ «Կաթողիկոսության հայցը միայն մեկ հստակ նպատակ ունի՝ Կիլիկիո կաթողիկոսարանի վերադարձը»:
Ի պատասխան դատական հայցի պատճենն ինձ ուղարկելու խնդրանքին՝ հայտնի միջազգային իրավաբան և Կաթողիկոսարանի գլխավոր փաստաբան Փայամ Ախավանն ասաց, որ «հնարավոր չէ կամ նպատակահարմար ամբողջ դիմումը փոխանցել այս փուլում, երբ այն դեռ գտնվում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի վարույթում»:
Իրավաբան Ախավանը դրամական փոխհատուցմանը վերաբերող հարցերին տվեց հետևյալ բացատրությունը. «Թուրքիայի Սահմանադրական դատարանի առջև դրված հիմնական պահանջն է՝ վերադարձնել Սբ. Սոֆիայի վանքը և տաճարը՝ թե′ որպես Կաթողիկոսության սեփականության իրավունքի, թե′ նաև հայ ժողովրդի համար կրոնական մեծ նշանակության պատճառով: Հայցով փոխհատուցում չի պահանջվում, հաշվի առնելով, որ սա անձնական սեփականություն չէ, այլ կրոնական և պատմական կարևոր նշանակություն ունեցող գույք: Սակայն, մեր թուրք փաստաբանը խորհուրդ տվեց, որ համաձայն թուրքական օրենքների ու ընթացակարգերի, գույքային իրավունքների պահանջի (և ոչ թե կրոնական իրավունքի պահանջի) հետ կապված, անհրաժեշտ է Կաթողիկոսության կողմից վերապահել փոխհատուցում պահանջելու այլընտրանքային իրավունքը՝ նախնական գումար նախատեսելու պայմանով…. Սակայն, ցանկանում եմ ընդգծել, որ հայցը փոխհատուցման համար չէ, այլ կալվածքի վերադարձի համար, որը կարող է օգտագործվել կրոնական պաշտամունքի և դրա հետ կապված մշակութային նպատակների համար»:
Ես կապվեցի Ստամբուլում բնակվող մի անկախ իրավաբանի հետ, որը հաստատեց, որ թուրքական օրենքն իսկապես պահանջում է կոնկրետ արժեք նշել սեփականության իրավունքի հարցով դատական վեճերի դեպքում:
Այժմ, երբ ֆինանսական հարցում հստակություն մտցվեց, այլ կարևոր խնդիրներ են ծառանում Կաթողիկոսության և հայ ժողովրդի առջև: Հնարավոր է, որ որոշ հարցերի բարձրաձայնումը մի փոքր վաղաժամ է, սակայն միգուցե հայերը ցանկանան անդրադառնալ դրանց, որպեսզի կանխատեսեն թուրքական և եվրոպական դատարանների կողմից կայացրած որևէ հնարավոր որոշման հետևանքները.
1) Ի՞նչ է պատրաստվում անել Կաթողիկոսարանը, եթե թուրքական դատարանը կամ կառավարությունը թույլ տա վերականգնել Սիսի եկեղեցին և դրա օգտագործումը կրոնական պաշտամունքի համար՝ առանց սեփականության իրավունքի վերադարձի Կաթողիկոսությանը: Բացի այդ, ի՞նչ է անելու, եթե Թուրքիայի կառավարությունը նաև առաջարկի դրամական փոխհատուցում եկեղեցական նստավայրի վերակառուցման համար՝ առանց փոխանցելու գույքային իրավունքը:
2) Այն դեպքում, եթե թուրքական դատարանը կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացնի Սիսի եկեղեցու ունեցվածքը վերադարձնելու մասին, արդյոք Կաթողիկոսությունը կտեղափոխվի՞ իր պատմական նստավայրը, թե՞ կշարունակի տարագրության մեջ ապրել Անթիլիասում (Լիբանան):
Հաշվի առնելով թուրքական կառավարության վերջերս կատարած առաջարկները ասորական և սիրիական եկեղեցիների առաջնորդներին՝ վերադառնալու Թուրքիայում գտնվող իրենց պատմական նստավայրերը Սիրիայում ժամանակավոր տարագրությունից հետո, Թուրքիայի ղեկավարները կարող են հայկական դատական հայցը պատճառաբանելով՝ համոզել իրենց ներքին հակառակորդներին, և նման առաջարկ ևս ներկայացնել Կիլիկիո կաթողիկոսությանը:
Նախագահ Էրդողանը կարող է նման ժեստ անել հետևյալ երեք պատճառներով.
- Կանխել Եվրադատարանի վճիռը հօգուտ Կաթողիկոսության և խուսափել իրավական նախադեպ ստեղծելուց հետագա հայկական հայցերի համար.
- Փիարի հաղթանակ արձանագրել միջազգային շրջանակներում, հատկապես նախորդ կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո.
- Տնտեսական օգուտներ քաղել Սիսում Կիլիկիո կաթողիկոսարանի պատմական նստավայր ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկներից և հայ այցելուներից:
Հարութ Սասունյան
The California Courier թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի