«Ռուսաստանը դավաճանել է թալիշներին»
Կոշտ ու աղմկահարույց քաղաքական գնահատական պարունակող այս վերնագիրն է կրում մարտի սկզբներին Թալիշական ազգային շարժման տարածած հայտարարությունը՝ Շարժման փոխնախագահ, ընդդիմադիր հասարակական ու քաղաքական գործիչ, հրապարակախոս Ֆախրադդին Աբոսզոդային (Աբբասով, Աբբասզադե) Ռուսաստանի կողմից Ադրբեջանին, այսպես կոչված, «արտահանձնելու», իրականում՝ նրան առեւանգելու եւ գաղտագողի Ադրբեջան փոխադրելու փաստի կապակցությամբ։ Հայտարարությունը ստորագրել է Շարժման առաջնորդ, 1993թ. ամռանն ընդամենը երկու ամիս գոյատեւած Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահ, ներկայումս Նիդեռլանդների Թագավորությունում որպես քաղաքական վտարանդի ապաստանած Ալիքրամ Հումմաթզոդան (Հումմաթովը)։
Աբոսզոդային Ադրբեջան բերելու մասին առաջինը, ընդ որում՝ ամենայն ցնծությամբ, տեղեկացրել են Բաքվի լրատվամիջոցները, նշելով, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները, ընդառաջելով պաշտոնական Բաքվի դիմումին, փետրվարի 28-ին նրան արտահանձնել են Ադրբեջանի իրենց գործընկերներին, եւ նույն օրը Ֆախրադդին Աբբասովը ձեռնաշղթաներ հագած հայտնվել է Բաքվի օդանավակայանում, որտեղից եւ անմիջապես փոխադրվել է պետական անվտանգության ծառայության մեկուսարան։
Հաջորդ օրերին լայն հանրությանը հայտնի դարձան այդ հակաիրավական գործողության որոշակի արկածային բնույթի հանգամանքները։ Պարզվեց, որ Աբոսզոդան, Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված լինելով դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին՝ Մոսկվայի մարզի իր բնակության վայրում՝ Լյուբերցի քաղաքում, պահվում էր Կոլոմնա քաղաքի հետաքննչական մեկուսարանում՝ մեղադրվելով ՌԴ-ում կեցության կանոնները կոպտորեն խախտելու, այսինքն՝ երկրի տարածքում ապօրինի բնակվելու մեջ։ Մինչ այդ՝ շուրջ երկու ամիս առաջ, հուլիսի 14-ին, Բաքու քաղաքի Սաբայիլի շրջանային դատարանը քրեական գործ էր հարուցել ու հետախուզում հայտարարել Աբոսզոդայի նկատմամբ, ինչը, դժվար չէ կռահել, իրական ազդակ էր Ռուսաստանում նրան ձերբակալելու համար։ Նույնը պնդում է նաեւ Ռուսաստանում Amnesty International միջազգային կազմակերպության ներկայացուցչության տնօրեն Նատալյա Զվյագինան, նշելով, որ Ֆախրադդին Աբբասովի ձերբակալությունն իրականացվել է Ադրբեջանի անվտանգության ծառայությունների պահանջով։ Սակայն, անկախ նրանից, թե ինչպես եւ ում պահանջով է դա տեղի ունեցել, այնուամենայնիվ, այս տարվա մարտի 6-ին պետք է լրանար նրա նկատմամբ սահմանված խափանման միջոցի ժամկետը։ Ըստ երեւույթին, ձերբակալության մոտ 5-ամսյա ժամկետը ծախսվել էր նրան արտահանձնելու խնդրի շուրջ Մոսկվա-Բաքու պայմանավորվածության կայացման վրա։
Իսկ թե որքան իրավաչափ էր Ռուսաստանում Ֆախրադդին Աբոսզոդային ներկայացված մեղադրանքը, դատեք ինքներդ։ Աբոսզոդան Ռուսաստանում ապրում էր 1994-2005թթ. եւ 2008 թվականից մինչեւ վերջերս՝ ժամանակավոր կեցության իրավունքով։ Սպառվում կամ սպառվել էր այդ իրավունքի ժամկետը։ Մինչ այդ նա քանիցս դիմել էր ՌԴ միգրացիոն մարմիններին՝ խնդրելով ՌԴ տարածքում ժամանակավոր ապաստան, իսկ մեկ այլ դիմումով՝ փախստականի կարգավիճակ տրամադրել իրեն։ Երկու դիմումներն էլ, սակայն, անհիմն կերպով մերժվել են։ Ուստի եւ նա համապատասխան դիմումներ է ներկայացրել մերձմոսկովյան Լյուբերցիի քաղաքային դատարան՝ իր նախորդ դիմումները մերժվելու վերաբերյալ։ Դրանք նախատեսված էին քննության առնել փետրվարի 27-ի դատական նիստում։ Սակայն նույն այդ օրը իրավապահ մարմինների ոմն աշխատակիցներ եկել էին Կոլոմնայի արգելափակման վայր ու, ներկայացնելով Ռուսաստանի Գլխավոր դատախազության պաշտոնական նամակը կալանավորին իբր թե ազատ արձակելու մասին, իրենց հետ տարել են Աբոսզոդային, անգամ թույլ չտալով վերցնել բանտախցի իր իրերը։ Երեւի թե զավեշտ հնչի. Լյուբերցիի քաղաքային դատարանը պետք էր փետրվարի 27-ին դատական նիստ գումարեր թալիշ կալանավորի առաջին դիմումը քնելու համար, բայց, պարզելով, որ նույն օրը նա անորոշ հանգամանքներում անհետացել է մեկուսարանից, հետաձգում է դիմումների քննության ժամկետները՝ հետաձգելով դրանք մինչեւ, համապատասխանաբար, մարտի 13-ը եւ մարտի 18-ը։ Ու ստացվել է այն, ինչ ժողովրդական առածն է հուշում՝ հարսանիքից հետո դհոլ-զուռնա։
Մինչ Ֆախրադդին Աբոսզոդայի հասարակական-քաղաքական գործունեությանն ու հայացքներին անդրադառնալը՝ կարծում եմ, արժե թեկուզ հպանցիկ հետադարձ հայացք ձգել թալիշ ժողովրդի եւ նրա ազգային ընդվզումների պատմությանը։
Եվ այսպես, թալիշներն իսլամի շիիթական ուղղությանը պատկանող ժողովուրդ են: Հնագույն ժամանակներից, որպես բնիկ ազգություն, ապրում են Թալիշստանում, որը 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո՝ Գյուլիստանի պայմանագրով բաժանված լինելով երկու մասի, տեղաբաշխված է ներկայիս Ադրբեջանի հարավ-արեւելյան եւ Իրանի հյուսիս-արեւմտյան հատվածներում, Կասպից ծովի մերձակայքում: Հյուսիսային մասը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ եւ պաշտոնապես կոչվում է «հարավային գոտի»: Իսկ Իրանի կազմի մեջ գտնվող հարավայինը կոչվում է Գիլանի օսթան: Թալիշստանի մայրաքաղաք է համարվում Լենքորան կամ, ինչպես թալիշներն են անվանում՝ Լանկոբա քաղաքը, որը գտնվում է Ադրբեջանի մերձկասպյա հարավ-արեւելքում: Թալիշերենը հյուսիս-արեւմտյան իրանական լեզու է, որն օգտագործվում է հիմնականում ժողովրդի կենցաղում։ Ադրբեջանում թալիշներն ազգային դպրոցներ չունեն եւ կրթություն են ստանում ադրբեջաներեն լեզվով։ Թալիշախոս բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները տատանվում են։ Ըստ տարբեր աղբյուրների՝ յուրաքանչյուր կողմում ապրում է մոտավորապես 1 միլիոն թալիշ: Ադրբեջանում, պաշտոնական տվյալների համաձայն, այդ ցուցանիշը հազիվ 87 հազար է կազմում։ Թեկուզ, ինչպես պնդում են թալիշ ազգային գործիչները, միայն Ադրբեջանում թալիշների թիվը հասնում է երկու միլիոնի։ Բանն այն է, նշում են նրանք, որ թալիշների անձնագրերում, ինչպես որ մահմեդական դավանանքի ոչ թյուրքական այլ ազգային փոքրամասնությունների պարագայում է, պարտադրաբար արձանագրվում է ադրբեջանական ազգություն։ Մասնավորապես, Թալիշական ազգային շարժման մասնակից, «Թալըշի սադո» թերթի թղթակից Շահին Միրզոեւի պնդմամբ՝ միայն վերջին տարիներին իշխանությունների ճնշումների հետեւանքով Ադրբեջանը լքել է ավելի քան 300 հազար թալիշ։
Անցած հարյուրամյակում թալիշ ժողովրդի առաջին ազգային վերազարթոնքն արձանագրվել է դարասկզբին, երբ Ռուսաստանի կայսրության փլուզումից եւ բոլշեւիկյան հեղաշրջումից հետո թալիշ ազգության հոծ բնակությամբ մի շարք տարածքներ 1918թ. հրաժարվեցին մտնել արհեստածին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ենթակայության տակ։ Նույն թվականի օգոստոսի 4-ին ստեղծվեց Մուղանի ժամանակավոր ռազմական դիկտատուրան, որը հակիրճ կոչվում էր Մուղանական դիկտատուրա։ Հետագայում, 1919-ի մայիսի 15-18-ին հռչակվեց Մուղանի Խորհրդային Հանրապետությունը ՌՖԽՍՀ-ի կազմում։ Սակայն, չստանալով Խորհրդային Ռուսաստանի հարկ եղած զինական աջակցությունը, նորահռչակ թալիշական պետական կազմավորումն ի զորու չեղավ դիմակայել մուսավաթական զորքերի ճնշմանը եւ հուլիսի 23-25-ին տապալվեց։ Այդ ժամանակից ի վեր, ավելի քան յոթ տասնամյակ շարունակ, պատմությունը չի արձանագրել թալիշ ժողովրդի որեւէ զանգվածային ընդվզում Ադրբեջանի ինչպես մուսավաթական, նույնպես եւ մեկեն կարմիր գունավորմամբ պատմական ասպարեզ իջած խորհրդային իշխանությունների հետեւողական հալածանքների ու ճնշումների, համատարած ուծացման քաղաքականության դեմ։
Թալիշցիների երկրորդ ազգային վերազարթոնքը մեկնարկեց միայն 1993թ. ամռան խառնակ շրջանում, երբ Բաքվում տապալվեց Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորած ժողճակատային իշխանությունը եւ պետության գլուխ կարգվեց Ադրբեջանից փաստացի անկախացած Նախիջեւանի ԻՀ Միլլի մեջլիսի նախագահ Հեյդար Ալիեւը, ում նպատակասլաց ջանքերի շնորհիվ էլ Ադրբեջանում իրականացվել էր այդ իշխանափոխությունը։ Արդյունքում Էլչիբեյը հունիսի 17-ին Բաքվից ինքնաթիռով փախավ Նախիջեւան՝ իր ծննդավայր, Օրդուբադի շրջանի Քյալաքի գյուղ (նախկինում՝ բնիկ հայկական Քաղաքիկ, ներկայումս լրիվ հայաթափ բնակավայր, որի վերջին 60 հայ բնակիչները բռնագաղթեցին 88-ի նոյեմբերին), իսկ Ալիեւը «ճերմակ ձիու վրա» Նախիջեւանից ժամանեց Բաքու։ Մի քանի օր անց, հունիսի 21-ին, մի խումբ թալիշ սպաներ դաշտային հրամանատար Ալիքրամ Հումմաթովի (Հումմաթզոդա) գլխավորությամբ Լենքորանում հռչակեցին Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը թալիշաբնակ յոթ շրջանի ընդգրկմամբ, ինչն էլ ավելի խորացրեց Ադրբեջանի ընդհանուր ռազմաքաղաքական ճգնաժամը։ Մինչ այդ, 1991-92թթ. թալիշական աշխարհազորային գումարտակները ժողճակատային բանակի կազմում, գնդապետ Հումմաթովի ընդհանուր հրամանատարությամբ, որ նշանակվել էր Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, հերթափոխային կարգով փոխարինելով միմյանց, մարտեր էին մղում Արցախի ինքնապաշտպանության ուժերի դեմ՝ հիմնականում Մարտակերտի շրջանի ուղղությամբ։ Սակայն թալիշցիները հետագայում դադարեցրին իրենց մասնակցությունն արցախահայության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու վերադարձան հայրենի երկրամաս։ Թալիշցիներն ըստ երեւույթին սկսել էին գիտակցել, որ անհեթեթություն է կռվել իրենց ժողովրդին ճնշող ադրբեջանական իշխանությունների համար, եւ՝ որ հայերն իրենց թշնամի չեն, հետեւաբար իմաստ չկա կռվել հայերի դեմ ու անիմաստ զոհեր տալ: Լենքորանում ու թալիշաբնակ մյուս շրջաններրում կազմավորվեցին իշխանության տեղական մարմիններ, հրավիրվեց հիմնադիր ժողով՝ Միլլի Մեջլիս, որի առաջին նախագահ ընտրվեց Ֆախրադդին Աբոսզոդան, իսկ Ալիքրամ Հումմաթով-Հումմաթզոդան դարձավ նորաստեղծ թալիշական ինքնավարության նախագահը։ Սակայն ապստամբությունը թալիշ բնակչության կողմից զգալի աջակցություն չէր ստացել, ինչի արդյունքում երկու ամիս անց, օգոստոսի 23-ին թալիշական ինքնավարությունը տապալվեց։ Ալիքրամ Հումմաթովին դատապարտեցին մահապատժի։ Սակայն 10 տարի անց նա ազատ արձակվեց բանտից ու տարագրվեց Նիդեռլանդներ, որտեղ եւ բնակվում է առ այսօր։
Թալիշական ազգային շարժումն ի սկզբանե եւ այսօր էլ միասնական չէ։ Գոյություն ունի երկու թեւ՝ չափավորների եւ անկախականների: Չափավորներն ինքնավարության են ձգտում Ադրբեջանի կազմում։ Ի սկզբանե այդ դիրքորոշմանն էր նաեւ Ֆախրադդին Աբոսզոդան։ Հետագայում նա սկզբունքորեն փոխեց իր դիրքորոշումը՝ բացահայտ խոսելով անկախ թալիշական պետության ստեղծման մասին։ Աբոսզոդայի պնդմամբ՝ «Խախտելով Ադրբեջանի ոչ թյուրքական բնիկ ժողովուրդների սովորական եւ, ըստ էության, բնականոն իրավունքները, իշխանությունը երկիրը հռչակում է «թյուրքական», իսկ պանթուրքիզմի գաղափարախոսությունը բարձրացնում մինչեւ պաշտոնական պետական մակարդակի։ Նա Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրում է խտրականության եւ թալիշների ուծացման քաղաքականության, ժողովրդի ազգային ու մշակութային կազմակերպման որեւէ ձեւ չթույլատրելու մեջ։ Աբոսզոդան Ադրբեջանը դիտարկում է որպես արհեստական կազմավորում, իր իսկ արտահայտությամբ՝ «Ռուսաստանի ապրօրինի զավակ, որ նետվել է պատմության ասպարեզ», ընդ որում՝ նշելով, որ Ադրբեջանի քաղաքացիներն այդպես էլ չեն ձեւավորվել որպես մեկ միասնական, համախումբ ազգ։
Նշենք նաեւ, որ Ֆախրադդին Աբոսզոդան առաջին անգամ Հայաստան է այցելել 2005թ.՝ Ծաղկաձորում մասնակցելով թալիշագիտությանը նվիրված առաջին միջազգային խորհրդաժողովին, որտեղ հանդես է եկել «Թալիշական լեզվի ու ժողովրդի պաշտպանությունը» զեկուցմամբ, ապա եւ 2011-ին՝ մասնակցելով երկրորդ միջազգային խորհրդաժողովին։ Այդ այցերի համար Բաքուն ներկայումս մեղադրում է նրան՝ դրանք որակելով իբր թե հանցավոր գործակցություն Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, միով բանիվ՝ պետական դավաճանություն։
Իսկ Ալիքրամ Հումմաթզոդան Հայաստանում հյուրընկալվել է 2013թ. սեպտեմբերին՝ ԵՊՀ հրավերով, մասնակցելով համալսարանի իրանագիտության ամբիոնի կողմից մշակված «Թալիշագիտություն» մասնագիտության մագիստրոսական ծրագրի ներկայացման արարողությանը: Այցի ծրագրի շրջանակներում նա ժամանել է նաեւ Արցախ՝ հանդիպումներ ունենալով ԱՀ խորհրդարանում եւ ԱրՊՀ-ում։ «Տղամարդու պես կռվել եմ, իսկ այժմ տղամարդու պես հաշտության ձեռք եմ մեկնում: Այո, ես կռվել եմ Ղարաբաղում, սակայն այսօր ես ատում եմ պատերազմը, եւ չեմ ցանկանում, որ այն կրկնվի»,-ասել էր նա այցի օրերին:
Միքայել Հաջյան