Պրահայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Գլխավոր » Հասարակական » Պրահայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Պրահայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

ՀՀ Ազգային ժողովի, Չեխիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների կոմիտեի, Չեխիայում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Չեխիայի Ազգային թանգարանի հովանու ներքո, Չեխիայի Ազգային թանգարանի երաժշտության թանգարանի շենքում մարտի 9-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի էջերին» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը.  տեղեկացնում է  armeniangenocide100-ը:

 

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի բացմանը ելույթով է հանդես եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որը, մասնավորապես, նշել է. «Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը մարդու իրավունքների պաշտպանության դասական օրինակ է: Կցանկանայի ընդգծել, որ այն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում` Թուրքիայի դեմ, այլ անցկացվում է հանուն պատմական արդարության և ցեղասպանությունների միջագային ճանաչման և դատապարտման»:

 

Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը դատապարտող ելույթներով են հանդես եկել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Չեխիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի տեղակալ Յան Բարտոշեկը և միջնորդությունների կոմիտեի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան:   Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 22-ը:

 

Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ, որում նա անդրադարձել է 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի 600 հայազգի մտավորականների ձերբակալությանն ու սպանդին, խոսել է Օսմանյան Թուրքիայի երիտթուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործության ու դրա հետևանքների մասին: «Կոտորածն ու էթնիկ զտումները միտված էին հայերի բնաջնջմանը, ինչպես նաև հայկական հազարամյա ժառանգության ոչնչացմանը», – շեշտել է Է. Շարմազանովը:

 

Անդրադառնալով Ցեղասպանությունը ճանչացած երկրների և միջազգային կազմակերպությունների որոշումներին` ՀՀ ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է բոլոր այն երկրների շահերից, որոնք իրենց համարում են ժողովրդավար ու մարդու իրավունքների ջատագով։ Եվ եթե այն ճանաչվեր ու դատապարտվեր, ապա նոր ոճրագործություններ չէին կրկնվի:

 

Իրենց ելույթներում արտաքին գործերի նախկին նախարարներ Ցիրիլ Սվոբոդան և Կարել Շվարցենբերգը դատապարտել են Օսմանյան կայսրության ոճրագործությունները և կոչ արել թուրքերին առերեսվել սեփական պատմության հետ: Շվարցենբերգը նաև նշել է, որ հայերի ողբերգության բազմաթիվ վկայություններ եղել են նաև նախկին Չեխոսլովակիայում:

1