Պետք է ճանաչվեն Արցախի իրավունքները. Մարի Ֆիկարա
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը երրորդ խորհրդարանն էր, որ բանաձեւ ընդունեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Մարի Ֆիկարան այն պատգամավորն էր, ով խորհրդարան ներկայացրեց Արցախի հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւը: Մարի Ֆիկարան Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ է, վարչապետի խոհրդարանական քարտուղար: Մարի Ֆիկարան Ավստրալիայի խորհրդարանում աջակցել է նաեւ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը:
ՙՉնայած մենք եկել ենք Ավստրալիայից, սակայն Արցախն ու Հայաստանը եւ հայ ժողովրդի ճակատագիրը մենք շատ մոտ ենք պահում մեր սրտերին,- Արցախ կատարած այցի ժամանակ նշեց Մարի Ֆիկարան,- չնայած 21 տարի է, ինչ Արցախը անկախ պետություն է, սակայն այդ 21 տարվա ընթացքում բավականին մեծ ձեռքբերումներ ունեք եւ կարող եք հպարտանալ դրանով: Մենք արդեն իսկ հպարտ ենք ձեր ձեռքբերումներով: Արցախի ժողովուրդը 21 տարի չէ, որ ապրում է այս հողի վրա: Արցախի ժողովուրդը ապրել է հազարամյակներ շարունակ: Այս հողի վրա քրտինք է թափել, կերտել է այն եւ ստացել է այն, ինչ ունի այսօր: Մենք համոզված ենք, որ այն ամենն, ինչ գտնվում է այս հողի վրա, պատկանում է արցախցիներին, եւ դուք իրավունք ունեք այն պաշտպանելու՚:
Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատգամավորը համոզված էր, որ քաղաքակիրթ ժողովրդավար երկրները կճանաչեն Արցախի անկախությունը. ՙԿայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում ամենակարեւոր արժեքներն են, իհարկե, եւ մենք Հարավային Նոր Ուելսի նահանգի խորհրդարանում ընդունելով Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը սատարող բանաձեւ, ընդամենը սկզբնակետն ենք դրել մի գործընթացի, որը դեռ շարունակվելու է: Եւ ինչպես տեսնում ենք` այն շարունակություն ունեցել է այլ երկրների օրենսդիր մարմիններում, ինչպիսին Միացյալ Նահանգներն են: Ես համոզված եմ, որ այդ գործընթացը կշարունակվի ե°ւ Եվրոպայում, ե°ւ Միացյալ թագավորությունում, ե°ւ մենք ավելի լավ արդյունքներ կունենաք: Կասկած չկա, որ Արցախի ապագան կախված է նաեւ երկրի տնտեսական հաջողություններից: Եվ մենք պատրաստ ենք մեր ուժերի չափով նաեւ աջակցել այս գործում: Գաղտնիք չէ, որ պետության հաջողությունը պայմանավորված է ինչպես նրա տնտեսական աճով, այնպես էլ սահմանների անձեռնմխելիությամբ՚:
Այն հարցին, թե ինչ դժվարությունների հանդիպեցիք բանաձեւն ընդունելուց եւ դրան հաջորդող ժամանակահատվածում, Մարի Ֆիկարան տվեց հետեւյալ պատասխանը. ՙԲանաձեւն ընդունվել է 2012 թ. հոկտեմբերին: Այն ընդունվել է միաձայն, որեւէ ընդդիմություն այդ հարցի կապակցությամբ չի եղել: Մենք առկա 6 կուսակցությունների հետ քննարկել ենք այդ հարցը եւ միաձայն որոշել, որ այդ ուղղությամբ պետք է մի բան արվի՚:
Մարի ֆկարան խոսեց նաեւ Ավստրալիայի հայ համայնքի մասին եւ թե ինչ դերակատարություն է ունեցել հայ համայնքը Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում հայկական հարցերի քննարկման եւ բանաձեւերի ընդունման հարցում. ՙԱվստրալիայում մենք բավականին մեծ հայկական համայնք ունենք, այն շատ նվիրված համայնք է եւ նրանք միշտ պայքարում են հայկական հարցերի շուրջ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգը, որի խորհրդարանը հանդիսանում է Ավստրալիայի ամենաառաջին եւ ամենամեծ խորհրդարանը, առաջինն է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ եւ միակ խորհրդարանն է, որի պարտեզում կանգնեցված է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Արցախի ժողովրդի ազատության եւ անկախության իրավունքը պետք է աշխարհի բոլոր ժողովրդավար պետությունները ճանաչեն: Անհնար է, որպեսզի մենք հետ նստենք եւ ձեւացնենք, որ ոչինչ չի կատարվում: Հազարավոր մարդկանց արյուն է թափվել այս պատերազմի ընթացքում, հազարավոր մարդիկ իրենց տունն են կորցրել այս ամենի հետեւանքով, եւ անհնար է, որպեսզի ժողովրդավար պետությունները նստեն եւ ձեւացնեն, որ ոչինչ չի կատարվել: Նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի թույլ չտան, որ հակամարտությունը նորից վերսկսվի, որպեսզի այդ նույնը չկրկնվի:
Մենք կոչ ենք անում աշխարհի գերտերություններին` իրար հարգելով նստել սեղանի շուրջ եւ կոչ անել տարածաշրջանի բոլոր երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Լեռնային Ղարաբաղին, որպեսզի կարողանան խաղաղությամբ նստել, խաղաղությամբ քննարկել եւ խաղաղությամբ լուծել բոլոր տարաձայնությունները, որպեսզի ամբողջ տարածաշրջանը դառնա ծաղկող եւ բարգավաճող՚: Ավստրալիացի խորհրդարանականը ներկայացրեց, թե ինչ միտումով են ընդունել այդ բանաձեւը եւ ինչ ակնկալիքներ են ունեցել. ՙԱյս բանաձեւերն ընդունվել են այն միտումով, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրեն այս տարածաշրջանի վրա, որովհետեւ նույնիսկ մենք Ավստրալիայում, նախքան Հայ Դատի հանձնախմբի կողմից այս հարցի մասին մեզ իրազեկելը, ընդհանրապես տեղյակ չէինք, որ այսպիսի խնդիր գոյություն ունի, որ այսքան մարդ է զոհվել պատերազի ընթացքում եւ որ դեռեւս այդ պայքարը շարունակվում է: Ինձ թվում է, որ թե° Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի, թե° Ամերիկայի մի շարք նահանգների օրենսդիր մարմինների կողմից ընդունված բանաձեւերը պետք է հենց աշխարհի ուշադրությունը հրավիրեն առկա խնդիրներին այս տարածաշրջանում եւ կոչ անեն մարդկանց մտածելու հատկապես ժողովրդավար պետություններին, որպեսզի այդ ամենը լինի ոչ միայն Ավստրալիայի նահանգներում, այլ հենց նույն Եվրոպան հետեւի այդ օրինակին եւ Եվրոպական մի շարք խորհրդարաններ նույնպես այսպիսի բանաձեւեր ընդունեն ու ճանաչեն մարդկանց ինքնորոշման իրավունքը, որպեսզի թույլ չտանք, որ նորից պատերազմ սկսվի: Եւ ոչ թե այդ պետությունները զբաղված լինեն զենք վաճառելով եւ իրավիճակն ավելի բարդացնելով, այլ մտածեն, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն տարածաշրջանի տնտեսական զարգացում ապահովելուն եւ տարածաշրջանը ծաղկուն ու բարգավաճ դարձնելու համար:
Պետք է հիշենք, թե ինչպես աշխարհը լուռ կանգնած հետեւում էր, թե ինչպես տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Գտնում եմ, որ դա այլեւս երբեք չպետք է կրկնվի: Սա է մեր ընդունած բանաձեւի իմաստը` ՙԱյլեւս երբեք՚:
Անի ԱԶԱՏՅԱՆ