Մեր գոյության երաշխիքի հիմնաքարը Առաջին Հանրապետությունն է․ Շահան Գանտահարյան
Գլխավոր » Շաբաթվա հյուրը » Մեր գոյության երաշխիքի հիմնաքարը Առաջին Հանրապետությունն է․ Շահան Գանտահարյան

Մեր գոյության երաշխիքի հիմնաքարը Առաջին Հանրապետությունն է․ Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի 90-ամյա ազգանպաստ գործունեության համար ԱՀ նախագահ Բակո Սահակյանը օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ։ Առիթից օգտվելով` «Ապառաժ»-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Շահան Գանտահարյանի հետ։

-Հաջորդ տարի լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Ի՞նչ խորհուրդ ունի Մայիսի 28-ը հայ ժողովրդի համար:

-Հայոց ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց, երբ միեւնույն թշնամին՝ Թուրքիան, Արեւմտյան Հայաստանը ամայեցնելուց հետո սպառնում էր արեւելահայությանը, հայ ժողովուրդն այդ առաջխաղացումը կասեցնելու գիտակցությունն ունեցավ։ Քանզի, եթե Արեւելահայաստանն էլ ենթարկվեր Արեւմտյան Հայաստանի ճակատագրին, Թուրքիայի ցեղասպանության քաղաքականությունն իրականացված կլիներ։ Մայիսի 28-ը ձախողեց այդ ծրագիրը։

Այստեղ պետք է նշել եւս մի կարեւոր կետ, որը պետք է լուսարձակի տակ բերել. եթե թուրքական բանակն առաջանար, աշխարհագրականորեն Թուրքիան պետք է կապվեր Ադրբեջանին՝ համաթուրանական գաղափարախոսությունը կստանար աշխարհագրական, ֆիզիկական, տարածքային ձեւ։ Տարածաշրջանը թուրքական, ադրբեջանական դիմագիծ եւ քաղաքակրթություն կունենար այսօր, եթե չլինեին մայիսյան մարտերը։ Այս հաղթանակներին պետք է տալ համամարդկային արժեք։

Պատմական իրողությունները մի կողմ թողնելով` մենք այս խնդրին պետք է քաղաքական տեսանկյունից մոտենանք: Հաջորդ տարի Ադրբեջանը եւս նախապատրաստվում է նշելու իր անկախության 100-ամյակը, եւ Ադրբեջանի քարոզչական, քաղաքական ավանդական վարքագիծը նկատի առնելով` այստեղ եւս պատմական իրողությունները խեղաթյուրվելու են։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Անկարան եւս իր որդեգրած դիմագծից չհեռացավ՝ բարձրացրեց Գալիպոլիի պատերազմի խնդիրը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը միջազգայնորեն շուքի տակ թողնելու նպատակով։ Բայց ձախողեց։ Գալիպոլիի ճակատամարտը միջազգային հարթության վրա չկարողացավ ապահովել այն հնչեղությունը, որն ապահովեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ Վատիկանում, եւ Երեւանում, եւ Վաշինգտոնում, եւ աշխարհի տարբեր կենտրոններում։

Թեեւ Արցախը չներառվեց Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքային սահմաններում, սակայն նաեւ երբեք մաս չկազմեց Ադրբեջանին։ Այդ փաստը կարող է մեր այսօրվա իրավական փաթեթի ներկայացման, Արցախի անկախության միջազգային ճանաչման աշխատանքների լուսարձակի տակ լինել։ Մենք պետք է նաեւ հետեւենք, թե Ադրբեջանը ինչ ուղղություններով, բովանդակությամբ եւ ինչ հայեցակարգային խնդիրներով է պատրաստվում նշելու  անկախության 100-ամյակը։

-Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ ամյակի կապակցությամբ։

-Մենք ունենք աշխարհասփյուռ ցանցային կառույց, որը հաջորդ տարի եւս բարձր մակարդակով կնշի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Այդ տոնը ոչ միայն անհրաժեշտ է Հայաստանից վերածել համահայկականի, այլեւ պետք է միջազգային հնչեղություն ապահովել։

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քննարկումների մաս է կազմել նաեւ Արամ Մանուկյանի տան վերանորոգման հարցը։ Իհարկե, իբրեւ քաղաքական, հեղափոխական եւ ռազմական ուժ` այն օրերին կանգնած էր Դաշնակցությունը, բայց Արամ Մանուկյանի տան վերանորոգումը պետության խնդիրն է, եւ դրա համար այս երեւույթին պետք է տալ համահայկական լուծում։ Ես հավատում եմ, որ Արամ Մանուկյանի տունը անպայման իր արժանավոր տեսքը կստանա եւ Արամ Մանուկյանի կերպարը նաեւ կունենա իր արժանի պատվանդանը Երեւանը։ Մեր գոյության երաշխիքի հիմնաքարը պետք է նկատել Առաջին Հանրապետությունը, եւ բացթողումները պետք է այս առիթով սրբագրել։

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք Միջին արեւելյան տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։

-Դեկլարատիվ առումով` այս խնդիրը հետեւանք էր այն փաստին, որ ըստ Սաուդյան Արաբիայի՝ Քաթարը ֆինանսավորում եւ օժանդակում էր իսլամական ծայրահեղական ահաբեկչությանը։ Սաուդիան Արաբիային հետեւեցին այլ արաբական եւ տարածաշրջանից դուրս երկրներ, որոնք  խզեցին իրենց դիվանագիտական կապերը Քաթարի հետ, կոչ արեցին քաղաքացիներին թողնել Քաթարը։ Դեպքերը հետեւեցին Միացյալ Նահանգների նախագահ Դ․Թրամփի` Սաուդյան Արաբիա այցից հետո։ Այդ այցի ընթացքում հայտարարվեց, որ Էր-Րիադը լինելու է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կենտրոն։ Ձեւավորվում է ահաբեկչության դեմ միջազգային դաշինք։

Հարվածում էին Քաթարին, բայց թիրախը հիմնականում Իրանն էր, որովհետեւ Քաթարը պաշտոնապես հայտարարել էր, որ իրենք պատրաստ են բնականոն հարաբերություններ ունենալ Վաշինգտոնի եւ Իրանի հետ։ Այսօր կատաղի հակառակորդներ են Սաուդյան Արաբիան եւ Իրանը։ Անկեղծացավ նաեւ Բահրեն երկիրը եւ հայտարարեց, որ խզում է Քաթարի հետ հարաբերությունները, որովհետեւ Քաթարը նորմալ հարաբերություններ է ուզում մշակել մի երկրի հետ՝ Իրանի, որը ֆինանսավորում է ահաբեկչությունը։

Այստեղ ահաբեկչություն հասկացության նկատմամբ տարբեր մոտեցումներ են նկատվում․ Սաուդյան Արաբիան ահաբեկչություն ասելով նկատի ունի Պաղեստինի Համասը  եւ Լիբանանի Հեզբոլան, որոնք Իրանյան ներշնչում եւ օժանդակություն ունեն:

Եթե հայկական ոսպնյակով փորձենք  դիտարկել խնդիրները, ապա կտեսնենք, որ Թուրքիան ամբողջությամբ զորակցեց Քաթարին, եւ փորձ էր անում միջազգային դաշինքին ներգրավել Բաքվին։ Այստեղ, ինչպես Սիրիայի պատերազմում, երեւում է Բաքվի եւ Անկարայի շահերի հակասություններ։ Չեմ կարող կանխատեսել, թե այս հակասությունները ինչքանով են խորանալու, բայց եթե խորանան, կարծում եմ, որ մենք հայկական գործոնի հետ կապված գործընթացների վրա որոշ ազդեցություն կզգանք։

Ահաբեկչական գործողություններն ընդլայնում են իրենց աշխարհագրությունը․ մենք ականատես եղանք Եգիպտոսի, Իրաքի, Եվրոպայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչություններին։ Տարածաշրջանային առումով կասեի՝ համաշխարհային պատերազմի տեղայնացված տարբերակ է, որովհետեւ այստեղ ներգրավված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, եւ ազդեցության գոտիների ձեւավորման, քարտեզագծման բախումների ընդհանուր մթնոլորտն է, որը իմ խորին համոզմամբ դեռ շարունակվելու է։ Իսլամական պետությունը շարունակելու է իբրեւ գործիք ծառայել գերտերությունների ծրագրին։

-Այսքանով հանդերձ` ո՞րն է Լիբանանի առանձնահատկությունը։

-Եթե Ստեփանակերտից փորձենք հայացք նետել, ապա Լիբանանը միակ արաբական երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ոչ միայն ճանաչել է, այլ նաեւ միջազգային ընտանիքից պահանջել է ճանաչել եւ դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Բայց նաեւ Լիբանանը, իբրեւ արաբական երկիր, միակն է, որ ձեռնպահ է մնում կամ չի մասնակցում իսլամական վեհաժողովներին Արցախի դեմ Ադրբեջանի առաջ քաշած բանաձեւերին։

Լիբանանը զուտ իսլամական երկիր չէ, եւ միջհամայնքային նախագահը պետք է լինի քրիստոնյա, բայց անգամ այս պայմաններում այնքան էլ հեշտ չէ Լիբանանի հայկական հարցը։ Ճիշտ է, Իրանն էլ բոյկոտում է այդ բանաձեւերը, սակայն Իրանը իսլամական է, բայց ոչ արաբական երկիր է։

Լիբանանը, ներազգային առումով շատ յուրահատկություններ ունի․ այնտեղ կան համասփյուռքյան տարբեր կառույցներ՝ Կիլիկիայի կաթողիկոսություն, Հայկազյան համալսարան, նաեւ` համահայկական կենտրոններ, ավանդական կուսակցությունների ներկայացուցչություններ, հայկական մամուլ։ Լիբանանը բավականին հայատրոփ, լավ կազմակերպված համայնք է։

-Դուք Սփյուռքի նախարարությանն առընթեր գործող հայկական լրատվամիջոցների համաժողովները համակարգող խորհրդի նախագահն եք: Ո՞րն է այդ խորհրդի նպատակը:

-Քննարկում է այն թեմաները, առաջնահերթությունները եւ համագործակցության հնարավորությունները, որ հայկական լրատվամիջոցները պետք է ունենան երկու տարին մեկ գումարվող լրագրողների համաժողովին նախապատրաստվելու համար։ 300-ից ավել լրատվամիջոցներ են մասնակցում, ըստ թեմանների բաժանվում են քննարկումները՝ փոխճանաչողականության եւ համագործակցության որոշ եզրեր գտնելու նպատակով։

Օրինակ, ապրիլյան պատերազմին արագ կերպով լրագրողներ ուղարկելը, կամ Սիրիայի պատերազմին օբյեկտիվ լուսաբանումներ տալը։ Այս ցանցի աշխատման համար շատ է նպաստում համատեղ քննարկումները։

Արցախի, Հայաստանի եւ Միջին Արեւելյան տարածաշրջանում գործող հայկական թերթերն ունեն ճգնաժամային տեղեկատվության խնդիր, որովհետեւ պատերազմական իրավիճակ է։ Եվ  եթե այնտեղ հայկական գործոնն աշխատում է,  ուրեմն պետք է լիարժեք աշխատի տեղեկատվությունը։

-Արցախյան պատերազմը չի ավարտվել եւ դրա օրինակը անցած տարվա ապրիլյան պատերազմն էր։ Ի՞նչ կանախատեսումներ ունեք այս փուլում։

-Կարծում եմ, որ տեխնիկական հագեցվածությունը հայկական սահմանին շատ ավելի լավ իրավիճակում է, եւ դրա համար նաեւ այսօր կանխվում են թշնամու շատ ոտնձգություններ։ Համոզված եմ նաեւ, որ այդ կերպ միայն կարելի է խաղաղություն պարտադրել թշնամուն։ Անզեն բնակչության դեմ կրակելը, երեխաների սպանությունը, գլխատումները, այս բոլորը փաստում են, որ մենք գործ ունենք մի հարեւանի հետ, որն ահաբեկչական էություն ունի, իսկ ահաբեկիչների հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով։

Միանշանակ հասկանում ենք նաեւ, որ մենք պետք է ձգտենք խաղաղության, եւ միջազգային ընտանիքի օրինաչափությունները նկատելով` կարող ենք նաեւ  բանակցային սեղանի շուրջ նստել, բայց բանակցային սեղան պետք է գնալ սահմաններն ամուր պաշտպանելով, միջնաբերդն ամուր պահելով, որպեսզի նաեւ բանակցություններում կարողանանք առավելագույն առավելություններով դուրս գալ։ Հայկական կողմը պետք է հաջողի խաղաղություն պարտադրելու իր վարքագիծը կիրառելում եւ  կանխարգելի պետական ահաբեկչական միավորի կողմից ռազմական արկածախնդրությունը։ Սա պատերազմ չէ, սա ռազմական արկածախնդրություն է։

Հարցազրույցը վարեց Լուսինե Թեւոսյանը

1