Պարը՝ մարմնի ու երաժշտության սիմֆոնիա

Պարը մեր ոգու արտահայտությունն է, իսկ հայկական պարը մասնավորաբար արտահայտում է մեր ոգու իղձերը, դարերից եկած մեր ազգային նկրտումները, այն նաև պայքարի կանչ է, գենային կոդերով մեզ փոխանցված անպատմելի ասք:
Հայկական պարի մեջ մեր պատմությունն է, մեր չիրականացած երազանքները, նաև՝ մեր ապագայի ուղերձը…
Այսպիսի ուղերձներով է ահա մեզ ներկայանում ապրիլի 29-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացված ազգային պարերի փառատոնը, որին մասնակցեցին Արցախի ու Հայաստանի պարային խմբերը:
Փառատոնին իրենց մասնակցությունը բերեցին Տողի Արվեստի դպրոցի սաները, Շուշիի Երիտասարդական կենտրոնի, Հադրութի Մանկական ստեղծագործական կենտրոնի, Աբովյանի մշակույթի և սպորտի համալիրի կենտրոնի, Մարտակերտի մշակույթի տան, <<Արցախ>> Ազգագրական երգի ու պարի համույթը, Ստեփանակերտի Պարարվեստի քոլեջի և այլ համութների սաները, թվով՝ 30 ստեղծագործական խմբեր:
Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին ԼՂՀ Մշակույթի նախարարության պատվոգրերով: