Պատգամավորական հայտարարություններ

Մայիսի 31-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական լիագումար նիստի ժամանակ պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Հայկ Խանումյանը և Գագիկ Բաղունցը:
«Հարգարժան գործընկերներ,
Մայիս ամիսը համարվում է հայ ժողովրդի համար կարևորագույն ամիս, քանզի այդ ամսում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք իրենց կնիքն են թողել մեր պետականության ստեղծման, ուժեղացման վրա: Այս իսկ տեսանկյունից մեր խմբակցությունը մեծ ցավով է արձանագրում, որ Արցախում ազգային կարևորագույն տոներից մեկի՝ Առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը նշելու առիթը բաց է թողնվել և հավուր պատշաճի չի նշվել այդ կարևորագույն տոնը: Պատճառը թերևս այն է, որ դեռևս մեր գիտակցության մեջ Հայաստանի առաջին Հանրապետությունը որպես դարեր շարունակ կորցված պետականության վերականգնման ժամանակաշրջան չի հասել արցախցիներիս և ավելի վատն այն է, որ բնակչության մեծ մասը չի հասկանում այդ տոնի իմաստն ու բովանդակությունը:
Պետականության վերականգնման 100-ամյակն Արցախում սահմանափակվեց միայն ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կազմակերպած մի շարք միջոցառումներով: Իսկ մնացած, հատկապես ուսումնական հաստատություններում ոչ մի կերպ չնշվեց այդ տոնը: Ցավում եմ դրա համար և միաժամանակ առաջարկում, որպեսզի եռատոնը նշելու համար կյանքի կոչված պետական-կառավարական հանձնաժողովը զբաղվի նաև մայիսի 28-ի տոնակատարության հարցերով: Արցախում մեծ շուքով նշվում է մայիսյան եռատոնը, իսկ մայիսի 28-ին Արցախից պետական պատվիրակությունն է մասնակցում ՀՀ-ում կազմակերպվող միջոցառումներին: Ստացվում է, որ այդ տոնը արցախցիներիս չի վերաբերում: Եկեք այս բացը շտկենք, լրացնենք, որովհետև առաջին հանրապետությունը բոլոր հայերի հպարտությունն է և պետք է հավուր պատշաճի նշենք տվյալ տոնն Արցախում»,- հայտարարության մեջ ասել է Ալյոշա Գաբրիելյանը:
Հայկ Խանունյանն իր հայտարարության մեջ անդրադարձել է ԱՀ 2017թ. բյուջեի կատարողականի քննարկումներին լրագրողների մասնակցության հարցին, որի մասին բարձրաձայնել էր նաև «Ապառաժ»ը: «Ազգային ժողովը մնում է փակ հանրության համար: Սա անթույլատրելի երևույթ է: Սրա վերջին կաթիլն այս տարվա բյուջեի կատարողականի լուսաբանման խոչընդոտումն էր: Բյուջեի կատարողականն Ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիայի գլխավոր գործիքն է և հանրությունն առավելագույնս պետք է տեղյակ լինի թե ինչպես են ընթացել քննարկումները: Մեր բնակիչները պետք է իմանան, թե ինչպես են ծախսվել իրենց կողմից վճարված հարկերը, իրենց կողմից ընտրված պատգամավորները որ ծրագրերն են կարևորել, գումարների ծախսման արդյունավետությանն ինչպես են վերաբերվել, ինչ հարցեր ու առաջարկներ են հնչեցրել: Այս ամենի փոխարեն մենք տեսանք չլուսաբանվող կատարողական և հանրությունից կատարողականի գործընթացը թաքցնելու փաստ»,- Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է Հայկ Խանումյանը:
Գագիկ Բաղունցի ելույթը վերաբերում էր հասարակության մեջ օրինականության և արդարության հաստատմանը: «Նրանից, թե որքան արագ կլինեն մեր քայլերը, որքան արագ մենք կշարժվենք հանրային և քաղաքական ինքնամաքրման ճանապարհով, որքան արագ մենք կազատվենք նեղ կուսակցական և անձնական շահեր հետապնդող կուսակցություններից և նրանց առաջնորդներից, այնքան արագ մենք կկառուցենք պաշտպանված, ծաղկուն, սոցիալական, ժողովրդավարության վրա հենվող երկիր»,- նշել է Գագիկ Բաղունցը: