Պանթուրքիզմի սպառնալիքը առարկայական է
Լույս է տեսել Ս. Մկրտչյանի գրչին պատկանող «Պանթուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» գիրքը: Գիրքը հրատարակվել է ՀՀ սփյուռքի նախարարության դրամաշնորհով եւ ԵՊՀ արեւելագիտության գիտխորհրդի որոշմամբ: Գրքի հրատարակման առիթով «Ապառաժ»-ը զրուցել է հեղինակ Սարգիս Մկրտչյանի հետ, ով ծնվել է Իրանում, 1968 թվականին: 2001-ից ապրում է Հայաստանում: Բազմաթիվ առիթներով հանդես է եկել հոդվածներով, զեկույցներով, ինչպես նաեւ հայերենից պարսկերեն է թարգմանել Ա. Մանասյանի «Լեռնային Ղարաբաղ. ինչպէս է դա եղել…» գիրքը:
— Պարոն Մկրտչյան, վերջերս լույս է տեսել Ձեր հեղինակած «Պանթուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» աշխատությունը: Ի՞նչ կարող է ստանալ գիտական շրջանակների ընթերցողը Ձեր գրքից:
Աշխատութիւնում ես ներկայացրել եմ այն վտանգներից մէկը, որը գոյութիւն ունի մեր տարածաշրջանում և սպառնում է ո՛չ միայն Հայաստանի և հայութեան ազգային անվտանգութեանը, այլ նաև Իրանի։ Բոլորս էլ ականատես ենք, թէ ինչ է տեղի ունենում մեր շուրջը՝ Իրաքում, Սիրիայում և այլուր։ Իրանի մասնատման հարցը նոր գաղափար չէ։ 20-րդ դարում արտաքին ուժերը մի քանի անգամ դա փորձել են։ Ներկայիս այն նոր որակի է բարձրացել արդի ժամանակաշրջանի հաղորդակցական միջոցների զարգացման պատճառով։ Անկախ այն բանից, որ խօսքը հիմք կամ բովանդակութիւն ունի կամ ոչ, համացանցի ընձեռած հնարաւորութիւնների միջոցով գրւում է և ասւում է, և պարզ է, որ այդ խօսքը մթնոլորտ է ստեղծում և ազդում է մի խումբ մարդկանց մտքերի վրայ։ Հայ ոչ գիտական շրջանակը գիրքն ընթերցելով կարող է ծանօթանալ այդ ամբողջին, տեղեկանալ մեր երկրի դիմագրաւած մարտահրաւէրներից մէկին և մտածել ելքեր որոնել այդ վտանգը կանխելու համար։
— Ինչո՞վ են առանձնանում Իրանում գործող պանթուրքական գաղափարախոսության կրողները Թուրքիայի և Ադրբեջանի իրենց գաղափարակիցներից:
— Բովանդակային առումով՝ ոչնչով։ Նպատակը նոյնն է։ Ստեղծել պանթյուրքական հսկայ կայսրութիւն։ Աշխատութիւնում ես բազմիցս նշել եմ, որ այդ պանթյուրքական կազմակերպութիւնների գաղափարական ակունքներն ու սկզբունքները նոյնն են։ Բոլորն էլ սերում են պանթյուրք միևնոյն տեսաբանների ու քաղաքական գործիչների մտքերից։ Պարզապէս ամէն մէկը իր պայմանների հիման վրայ է աշխատում։ Եթէ Իրանում բացայայտ կերպով չեն կարողանում ասել, որ իրենք հետապնդում են պանթյուրքական նպատակներ, դա անում են մայրենի լեզուի դասաւանդման, մշակութային իրաւունքների և նմանատիպ այլ հարցեր արծարծելով։ Թաւրիզի Տրակտորաշինական ֆուտբոլի ակումբի խաղերը վերածում են պանթյուրքական գաղափարների արծարծման իւրօրինակ հարթակի։ Բայց, միւս կողմից, Ադրբեջանի կամ Թուրքիայի Հանրապետութիւններում, օրինակ, կան կազմակերպութիւններ, որոնք բացայայտօրէն խօսում են այդ նպատակների ու գաղափարների մասին։ Հետևաբար երեք երկրներում աշխատող պանթյուրքական կազմակերպութիւնները իրարից առանձնանում են աշխատելաձևով, բայց ոչ նպատակներով ու բովանդակութեամբ։
— Արդյո՞ք Իրանում պանթուրքական հոսանքների ազդեցությունը աշխարհագրական կոնկրետ ընդգրկում ունի:
— Ինչպէս աշխատութիւնում գրել եմ, այդ հոսանքները քարոզչական լայնածաւալ աշխատանքի արդիւնքում այն տպաւորութիւնն են ստեղծում, որ իրենց թիւը շատ է, որ այդ գաղափարները համատարած են, որ ժողովրդի մեծամասնութիւնը հետևում է իրենց և այլն։ Իրականում, դրանք շատ նեղ ու փոքր շրջանականեր են, որոնց ղեկավարութիւնը սնւում է Իրանի դէմ թշնամական վերաբերում ունեցող ուժերից և երկրներից, իսկ մի մասն էլ այդ քարոզչութեան զոհն է։ Չեմ ժխտում, որ մարդիկ էլ կան, որ համոզուած են այդ հարցերում։ Համացանցային կայքերի և ընկերային ցանցերի միջոցով ազդում են յատկապէս երիտասարդների վրայ։ Սակայն ամենակարևոր երևոյթներից մէկը, որի վրայ պէտք է շեշտ դնեմ, այն է, որ Իրանը թիրախ ընտրած պանթյուրքական կազմակերպութիւնների ու գործիչների դէմ հէնց առաջին օրուանից պայքարել են Իրանի Ատրպատականի մտաւորականներն ու գործիչները։ Այսօր էլ նոյն վիճակն է։ Եւ սա վկայում է այն մասին, որ ինչպէս արհեստածին է Ադրբեջանի Հանրապետութիւնը, արհեստածին է նաև այսպէս ասած «Հարաւային Ադրբեջան» հասկացութիւնը։ Այդ գաղափարները Իրանում ժողովրդական յենարան չունեն, սակայն վտանգը կայ, որը քարոզչական հնարքների ազդեցութեան ներքոյ կարող է լուրջ սպառնալիքի վերածուել։
— Աշխատության հրապարակումը կարելի է համարել պանթուրքական հոսանքների դեմ պայքարի դրսևորում. արդյո՞ք նախատեսվում է աշխատությունը թարգմանել այլ լեզուներով:
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի միջոցով գրքի նախաբանն արդէն թարգմանուել է թուրքերէն և տեղադրուել կենտրոնի կայքում։ Առաջարկ կայ, որ գիրքն ամբողջութեամբ թարգմանուի թուրքերէն և պարսկերէն։ Կը փորձենք դա անել։ Սակայն ինձ հետաքրքրում է խնդրի մէկ այլ կողմը՝ բազմաթիւ աղբիւրներ և նիւթեր կան, որոնք տեղ չեն գտել գրքում, նախ որովհետև ժամանակը սուղ էր և չհասցրեցի դա անել, և երկրորդ՝ չգիտէի աւելի մեծ ծաւալի գիրքը կը հետաքրքրի ընթերցողին, թէ ոչ։ Պիտի ասեմ, որ առնուազն իմ տպաւորութեամբ աշխատութեան նկատմամբ մեծ հետաքրքրութիւն է առաջացել թէ՛ Հայաստանում և թէ՛ Հայաստանից դուրս։ Բազմաթիւ մարդիկ ինձ հետ կապուել են և հետաքրքրուել՝ ինչպէս կարող են գիրքը ձեռք բերել։ Գիտական շրջանակներ, որոնք կարդացել են գիրքը, ինձ խորհուրդ են տուել շարունակել աշխատանքը։ Ներկայիս ես աշխատում եմ այդ ուղղութեամբ՝ աւելի ամբողջական աշխատութիւն հրատարակել։ Մեզ համար կարևոր է Իրանը ճանաչել ոչ միայն իր հազարաւոր տարիների քաղաքակրթութեամբ, մշակոյթով, գրականութեամբ և այլն, այլ նաև ու մանաւանդ այսօրուայ ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակով, մարտահրաւէրներով ու դրանց լուծման ուղիներով, որովհետև, կրկնում եմ, Իրանի անվտանգութեան հարցը չափազանց մեծ կարևորութիւն ունի Հայաստանի անվտանգութեան համար։