Չինական մերսում՝ Արցախի բնակիչների համար
«Չինական մերսում» հասկացության մեջ մտնում են զանազան մեթոդիկաներ, որոնք կիրառվում են ոչ միայն լայն շրջանակ ունեցող հիվանդությունների բուժման եւ պրոֆիլակտիկայի համար, այլեւ նպաստում են օրգանիզմի հանգստությանը (ռելաքսացիային), ուժերը վերականգնելուն եւ սթրեսները հանելուն: Բոլոր այդ մեթոդիկաները կազմում են չինական բժշկության բաղկացուցիչ մասը: Հին չինական բժշկության մեջ նշվում են բազում հիվանդություններ, որոնց բուժման համար բուժիչ դեղաբույսերին զուգահեռ անհրաժեշտ է մերսում եւ մարմնամարզություն: Բուժման այդ մեթոդները համակարգվել են չինացի բժիշկների կողմից մոտ հազար տարի առաջ եւ այսօր կիրառվող մերսման տեխնիկաների հիմքն են կազմում: Չինական մերսման բազմաթիվ տեսակներ կան, մինչդեռ դրանցից ոչ բոլորն են կիրառվում զուտ բուժման նպատակով:
Արդեն երկու տարի Արցախում գործող՝ մերսող Տիգրան Հովսեփյանի հետ ունեցած հետաքրքիր հարցազրույցում պարզաբանեցինք չինական մերսման օգտակար ազդեցության եւ իր կողմից կիրառվող էներգետիկ-հանգստացնող մերսմանը վերաբերող որոշ հարցեր: Զարմանալի անձնավորություն, ով բժիշկ չլինելով՝ յուրացրել է բժշկական արվեստի այդ բարդ ուղղությունը՝ ռելաքս-մերսումը, եւ մասնագետ, ում հրաշագործ ձեռքերը սիրով օգնում են Արցախի բնակիչներին. թերեւս սա է Տիգրան Հովսեփյանի նկարագիրը:
— Ինչպե՞ս դարձաք մերսող եւ ինչո՞ւ ընտրեցիք չինական մերսման այդ բարդ ուղղությունը՝ որպես մասնագիտություն:
— Դեռ փոքր էի, երբ հարազատներս ինձ մոտ հայտնաբերեցին դրական էներգիա փոխանցելու, այսպես կոչված, «տաղանդ»: Պատահում էր, որ իմ հարազատներից որեւէ մեկը վատառողջ էր լինում կամ գլխացավ էր ունենում, ես ընդամենը նստում էի նրա կողքին եւ նրա ինքնազգացողությունը բարելավվում էր: Աստիճանաբար սկսեցի գիտակցել, թե ինչ է տեղի ունենում, եւ մտածեցի, որ այդպես կարելի է շատերին օգնել, սակայն չգիտեի ինչպես: Սկսեցի ուսումնասիրություններ կատարել էներգիայի հետ աշխատելու տարբեր մեթոդներով, ուսումնասիրեցի մարդու անատոմիան, մեկնեցի Երեւան եւ մերսման դասընթացների սկսեցի հաճախել: Այնուհետեւ շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ իմ կյանքում. հրավեր ստացա մոսկվայաբնակ պրոֆեսիոնալ մերսող, մանուալ թերապեւտ եւ հրաշալի անձնավորություն Սամվել Մուրադյանից, ով առաջարկեց սովորեցնել ինձ չինական մերսման յուրահատկությունները եւ հավելեց, որ իմ մոտ նկատել է բնատուր տաղանդ, ինչը թույլ կտա ավելի հեշտ յուրացնել մերսման նրբությունները եւ, անշուշտ, ի նպաստ դնել արցախցիների օգնությանը: Սկզբնական շրջանում գուցեեւ անիրական էր թվում այդ մտահղացումը, բայց ջանքեր չխնայեցինք, եւ համապատասխան որակավորում ստանալով՝ 2015 թվականի մարտին Ստեփանակերտում բացեցի չինական մերսման սրահ եւ մինչեւ այսօր ծառայում եմ իմ հայրենակիցներին:
— Մերսմանը վերաբերում եք որպես աշխատանքի՞, թե՞ դա Ձեր կոչումն է:
-Անկեղծ ասած՝ շատ եմ սիրում իմ զբաղմունքը, որը նաեւ հաճելի աշխատանք է ինձ համար: Պետք է նշեմ, որ հենց այս աշխատանքում գտա ինձ. գուցեեւ դա իմ կոչումն է: Ինձ դուր է գալիս օգնել մարդկանց, աջակցել նրանց առողջ ապրելակերպին: Այցելուների հաջողություններն ինձ նոր դրական լիցքեր են հաղորդում, ինչն էլ խթան է հանդիսանում իմ աշխատանքի համար:
— Արդյոք Արցախում արդիակա՞ն է մերսման հաճախելը, եւ մասնավորապես ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում այցելուները:
— Մերսման հաճախելը կամաց — կամաց արդիականանում է Արցախում, մարդիկ ավելի ժամանակակից են դառնում, ինչը ողջունելի է: Ինչպես գրեթե բոլոր ազգերի մոտ, այնպես էլ հայերիս մոտ կարծրատիպեր կան, որոնք սակայն հաղթահարվելու միտում ունեն: Իմ աշխատելու առաջին տարում աղջիկներ եւ կանայք հազվադեպ էին դիմում, իսկ տղաներից շատերը չէին ցանկանում հաճախել տղա-մերսողի մոտ: Հիմա հաճելիորեն զարմացած եմ, որ այցելուներիս 70 տոկոսը կանայք ու աղջիկներ են, ում համար կարեւոր է մերսումը, ոչ թե մերսողը: Տղամարդիկ էլ են սկսում հասկանալ, թե կենսական ինչ կարեւոր նշանակություն ունի մերսումը եւ չեն զրկում իրենց այդ օգտակար հաճույքից: Դիմում են տարբեր հասակի, տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ: Ծնողները բերում են զանազան ախտանշաններ ունեցող երեխաների: Ներկայումս նստակյաց կենսակերպի հետեւանքով տարածված են հենաշարժիչ համակարգի խնդիրներ, վզի օստեոխոնդրոզ կանանց մոտ, գոտկատեղի ցավեր տղամարդկանց մոտ: Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում բժշկի խորհրդատվություն, եւ ես ուղղորդում եմ այցելուներիս համապատասխան բժշկի մոտ՝ հետազոտման: Հաճախ էլ դիմում են պարզապես հանգստանալու, առօրյա հոգնածությունն ու սթրեսները հանելու նպատակով, ինչն էլ հենց իմ կատարած մերսման գլխավոր նպատակն է:
— Ընդհանրապես մերսման ո՞ր տեսակներն են ավելի տարածված այսօր. կարո՞ղ եք մեկնաբանել՝ չինական մերսումը ինչո՞վ է առանձնանում մերսման այլ տեսակներից:
— Այսօր աշխարհում առավել տարածված մերսման տեսակ է թայլանդական մերսումը, որը եւս իր ենթատեսակներն ունի՝ առողջարար, էրոտիկ եւ այլն: Չինական մերսումը տարբերվում է եվրոպական կամ դասական մերսումից առաջին հերթին իր անսովորությամբ: Բացի ֆիզիկական ազդեցությունից, այստեղ կատարվում է նաեւ ներգործություն այցելուի ներքին աշխարհի վրա՝ անտեսանելի էներգետիկ ճանապարհով: Չինական մերսման հիմնական կանոնը մարդկային օրգանիզմի միավորումն է բնության հետ, իսկ նպատակը՝ նպաստել կենսական էներգիայի վերականգնմանն ու էներգետիկ ճանապարհներով առանց խցանումների ընթացքին: Մերսման ժամանակ մերսողը շոշափում, ճնշում է գործադրում հատուկ էներգետիկ կետերի, որոնք կոչվում են մերիդիաններ, եւ դրանց միջոցով կարգավորվում են օրգանիզմի կենսական գործընթացները, մարմնի եւ հոգու միջեւ առաջանում է հարմոնիա, արդյունքում՝ բարելավվում է ինքնազգացողությունը, անհետանում են հիվանդությունները: Չինական մերսման մեջ տարբեր մեթոդներ են կիրառվում, որոնցից է ասեղնաբուժությունը, առանց դիպչելու էներգիա հաղորդելը եւ այլն: Յուրաքանչյուր մեթոդ անհատական մոտեցում է պահանջում, ամեն ինչ կիրառվում է զգուշորեն եւ հաշվի առնելով այցելուի խնդիրներն ու առանձնահատկությունները:
-Ի՞նչ պարբերականությամբ պետք է հաճախել մերսման, ինչքա՞ն է տեւում մեկ սեանսը եւ ի՞նչ դեպքերում է հակացուցվում մերսումը:
— Մերսման պարբերականությունը եւ սեանսի տեւողությունը հարաբերական են՝ կախված այցելուի պահանջմունքներից, տարբեր հանգամանքներից: Մերսման սեանսը կարող է տեւել 20 րոպեից մինչեւ 2-3 ժամ: Պրոֆիլակտիկ նպատակով այցելողները ցանկալի է 14 օրը մեկ հաճախելու գրաֆիկ սահմանեն իրենց համար: Լինում են դեպքեր, երբ այցելուն ցանկանում է ամեն օր մերսում ընդունել՝ հանգստության եւ հաճույքի համար. դա հակացուցված չէ: Մերսումը հակացուցումներ գրեթե չունի: Ուռուցքների, մաշկային հիվանդությունների, հղիության առկայության դեպքում՝ կրկին ու կրկին անհատական մոտեցում:
— Ձեր կողմից կիրառվող չինական մերսումը, որի ժամանակ՝ բացի կետային մերսումից, Դուք նաեւ ֆիզիկական ձգումներ եք կատարում այցելուների հետ, պահանջում է ֆիզիկական ուժերի եւ էներգիայի մեծ ծախս: Արդյոք կարողանո՞ւմ եք երկար արդյունավետ աշխատել եւ ինչպե՞ս եք վերականգնում ուժերը:
— Գոյություն ունի շնչառության յուրօրինակ ձեւ, որն օգտագործում են յոգայի մեջ, արեւելյան մարտարվեստների որոշ ներքին ոճերում, ինչի պարբերաբար եւ ճիշտ կատարումը նպաստում է էներգիայի վերականգնվելուն: Դա ինձ օգնում է առույգ մնալ, պահպանել ֆիզիկական լավ կեցվածք, լիցքաթափվել եւ լիցքավորվել: Աշխատում եմ այնպես դասավորել ընդունելությունը, որ օրվա մեջ 10-ից ավելի այցելու չունենամ: Այդպիսով ես խնայում եմ իմ ուժերը, այլապես անխուսափելի կլինի երկարատեւ արդյունավետ աշխատել: Չինական մերսման բաղկացուցիչ մաս է համարվում թեյախմությունը, հատկապես բուժիչ հատկություններով հագեցած եւ ճիշտ պատրաստված կանաչ կամ սեւ չինական թեյերը: Այցելուներին խորհուրդ է տրվում մերսում ընդունելուց հետո օգտագործել թեյ, որը կարգավորում է նյութափոխանակությունը, օրգանիզմին առույգություն եւ լավ տրամադրություն է հաղորդում: Ինքս էլ հաճախ հետեւում եմ այդ օրինակին:
— Կարճ ժամանակահատվածում բավականին հաջողությունների եք հասել մասնագիտության ոլորտում եւ վայելում եք այցելուների անկեղծ սերն ու հարգանքը: Իսկ ի՞նչ եք մտադիր անել առաջիկայում. միգուցե մերսելուն զուգահեռ դասընթացներ անեք ցանկացողների համար:
— Առայժմ մտադիր եմ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կա, եւ շարունակել օգնել մարդկանց: Ինչքան էլ գայթակղիչ լինեն արտերկրից ստացվող հրավերները՝ այնտեղ աշխատելու նպատակով, միեւնույն է, նպատակս անփոփոխ է՝ օգնել արցախցիներին: Դասընթացների համար դեռ չեմ մտածում, քանի որ ինքս եմ ամեն տարի մեկնում ուսուցչիս մոտ՝ վերապատրաստվելու եւ կատարելագործելու հմտություններս: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հայրենակիցներիս առողջություն եւ կոչ եմ անում ծուլությանն ու թուլություններին տեղ չտալ, փոխարենը զբաղվել իրենց հոգու եւ մարմնի առողջությամբ, ճիշտ սննդակարգին հետեւել եւ առողջ ապրելակերպ վարել:
Հարցազրույցը վարեց
Սոնյա Ավագյանը