Չապրած ապրիլից մինչև …մերօրյա ապրիլ

Ապրելու ապրիլը 1915 թվականին սև էր հագել, սև էր հագել մի ամբողջ անպաշտպան ազգի համար: Հայոց կենաց ծառը գարնան ծաղկունքին տերևաթափվելու էր… 1,5 միլիոն անմեղ հայերը պիտի քշվեին անապատներ ու ոչնչացվեին աշխարհի անտարբեր աչքի առաջ: Պիտի գլխատվեր մտավորականության սերուցքը՝ Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Թլկատինցի, Երուխան… Թուրքերը պարզապես չէին կարողանում մարսել այն իրողությունը, որ հայերը քաղաքակրթության ու առաջադիմության կրողներն էին…
Անցյալ ու ներկա կորուստների համար վրեժխնդիր լինելու պարտավորվածության զգացումն է մեզ առաջ մղել դեպի Շուշիի բարձունքները, այստեղից սկսելու մեր ինքնահաստատումը, վանելու դատապարտվածության վաղեմի բարդույթը, ազգային արժանապատվության զգացումը գերադասելու ամեն ինչից վեր, նույնիսկ՝ սեփական կյանքից: 1992 թվականի մայիսի 9-ի Շուշիի հաղթարշավով առաջին անգամ հաղթահարվեց միշտ պարտված լինելու, զոհի բարդույթը: Ճիշտ է, մինչ այդ ունեցել էինք փոքր հաղթանակներ, բայց Շուշիի ազատագրումն իրոք ազգովի հաղթանակ էր, որի 25-ամյակը շուտով կտոնենք: Շուշիի հերոսամարտը 1915 թվականի Մուշի, Վանի, Սասունի, Շատախի, Շապին Գարահիսարի, Մուսա լեռան ինքնապաշտպանական հերոսամարտերի շարունակությունն էր: Սրանով դրվեց հաղթանակների սկիզբը, կամավորական հիմունքներով միավորումներից անցում կատարվեց Արցախի կանոնավոր բանակի ստեղծմանը: Թշնամական գերությունից ազատագրվեց Մարտակերտը, սկիզբ դրվեց հայոց բանակի հաղթարշավին:
Սակայն նենգ թշնամին չի կարողանում մարսել իր պարտությունները և նոր դավեր նյութեց… Եղավ 2016 թվականի ապրիլը… Նորից զոհեր, նորից արյուն…Արմենակ Ուրֆանյաններ, Ռոբերտ Աբաջյաններ, Քյարամ Սլոյաններ, Ադամ Սահակյաններ, Նորայր Հաջյաններ… Անկախության սերունդը հայրենասիրության նոր դասեր տվեց, ապացուցելով, որ հայրերից ոչ պակաս հայրենասեր է ու պատրաստ կռելու իր բաժին հաղթանակները: Ապրիլյան քառօրյան նաև հայության համախմբման յուրօրինակ շքերթ էր, երբ աշխարհի բոլոր ծագերից եկան պաշտպանելու համայն հայության թիվ մեկ խնդիր Արցախի դարպասները: Իրենց հոգու կանչով եկան պաշտպանելու հայի պատիվը… Ինչքան էլ որ Լևոն տեր-պետրոսյաններն իրենց նախընտրական վերլուծություններում քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով առաջ քաշեն <<Տարածքներ՝ խաղաղության դիմաց>> թեզը, այն չաշխատեց, քանի որ մեծացել է մի սերունդ, որը չի ցանկանում ապրել Մոսկվայից թելադրվող ռուսակենտրոն կամ էլ արևմտամետ քաղաքականությամբ, նա պորտալարը կտրել է բոլոր կախումներից և ուզում է ապրել անկախ ու հզոր Հայաստանում, սեփական ճակատագիրն իր ձեռքով կերտել… Անհրաժեշտություն է, որ հայկական Սփյուռքն իր անմիջական մասնակցությունն ունենա Հայրենիքի ներկայի ու վաղվա օրվա կերտմանը, միասին հաղթահարի բոլոր դժվարությունները, քանի որ սա բոլոր հայերիս հայրենիքն է. կա մեկ միասնական Հայաստան՝ Արցախ, Սփյուռք միասնությամբ շաղախված: Եթե Հայրենիքում կա խնդիր, ապա դա բոլորիս խնդիրն է, հետևաբար՝ բոլոր հայերի միասնական ջանքեր ու լուծում պահանջող: