Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական դպրոցը 20 տարեկան է

Այսօր՝ մայիսի 14-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի հիմնադրման 20, Արցախյան շարժման 30 եւ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակներին:
Տոնական համերգի ծրագրում ընդգրկված էին միջազգային դափնեկիրների կատարումներ՝ Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական դպրոցի աշակերտների կատարմամբ:
Շուշիի ազատագրումից անմիջապես հետո Արցախ ժամանելով եւ պատերազմից քարուքանդ եղած Շուշին տեսնելով, ամերիկահայ երգիչ եւ գեղանկարիչ Կարեն Ղարիբյանը որոշեց երեխաների համար բացել երաժշտական մասնագիտացված հանրակրթական դպրոց: Մի քանի տարի անց՝ 1997 թվականին դպրոցն առաջին անգամ իր դռները բացեց շուշեցի 30 առաջին դասարանցիների առջեւ, որոնց թիվն այսօր անցնում է 200-ից:
Այսօր դպրոցն ունի դաշնամուրի, ջութակի, թավջութակի, քանոնի, սրնգի, կլարնետի, շվիի, դհոլի, շեփարի, քամանչայի, ժողգործիքների, Արցախում եզակի զանգակների, օպերայի, մանկական փողային նվագախմբի դասարաններ:
Կարճ կենսագրության կողքին կրթօջախն ունի ձեռքբերումների մի ամբողջ շարք: Իր գոյության 20 տարիների ընթացքում դպրոցի սաները, մասնակցելով երաժշտական մրցույթ-փառատոներին, միշտ գրավել են առաջնային տեղեր, իսկ հանրակրթական բաժնի սաները, մասնակցելով շրջանային եւ հանրապետական առարկայական օլիմպիադաներին, միշտ ամենաբարձր միավորներն են հավաքում:
Հոբելյանական համերգին ելույթով հանդես է եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ով իր խոսքում մասնավորապես նշել է. «Ավերված Ստեփանակերտում սուրիալիստական էր թվում Կարեն Ղարիբյանի երազանքը, սակայն քիչ ժամանակ անց տեսա, որ իր մտահղացումը իրականություն է դառնում եւ այսօր դպրոցի աշակերտների թիվն անցնում է 200-ից: Իմ խոնարհումը դպրոցի ուսուցիչներին՝ այսօրվա եւ անցյալի, իմ խոնարհումը աշակերտներին եւ ծնողներին, որոնք վստահեցին իրենց երեխաներին այս դպրոցին, իմ խոնարհումը մեր բազմաթիվ սփյուռքահայերին, որոնց ներդրումների շնորհիվ հնարավոր դարձավ դպրոցի հիմնումը եւ հետագա գործունեությունը»:
Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Կարեն Ղարիբյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
«Մեծ պատիվ է կատարածդ աշխատանքի դիմաց կոչում ստանալը: Իմ հանդեպ ցուցաբերած հարգանքը ստիպում է շարունակել սկսած գործը եւ ավելի շատ աշխատել,- ասել է Կարեն Ղարիբյանը եւ նշել,- երազանքներս իրականանում են, ծիլը տվել ենք, առաջիկայում պետք է ունենանք օրկեստր, իսկ դրանից հետո օպերային թատրոն»:
Նշենք, որ տոնական համերգին ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱՀ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ երաժշտասեր հասարակայնությունը: