Շուշիում տրվեց «Մշակութային հայապահպանության կենտրոն» հիմնադրամի գործունեության մեկնարկը

Շուշիի պատկերասրահում այսօր` օգոստոսի 28-ին, «Հայոց այբուբենի սահմանը» գրական միջոցառմամբ մեկնարկեց «Սիրո այբուբեն» մանրանկարչական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացվել են հայ արվեստից ու մշակույթից ընտրված և հայոց այբուբենին ու հայկական մանրանկարչությանը նվիրված արժեքներ: Թղթի, մագաղաթի ու մետաքսի վրա պատկերված գոհարների օրինակով այսօր Արցախի երեխաները տեղում գունավորեցին թռչնատառ այբուբենը: Այս երեխաներից ոմանք գուցե հետագայում մանրանկարչության արվեստը մի նոր որակի հասցնեն: Կարևորը սկիզբն է, և այն դրվել է:
Հիմնադրամը կազմակերպել է նաև «Իմ այբուբենը» մանրանկարչական գունավորման ժողովածուի նվիրատվությունն Արցախի դպրոցներում առաջին դասարան հաճախող բոլոր երեխաներին` նրանց հրամցնելով մեսրոպյան ոսկեզարդ այբուբենի մանրանկարչական արվեստը:
-Համայն աշխարհում հայերիս միավորում է հայոց այբուբենը` որպես տիեզերքում մեր ինքնության անվերջ շարժում: Եվ մեր ծրագրերի հիմքում Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության անխախտ բանաձևն է,-ասաց «Մշակութային հայապահպանության կենտրոն» հիմնադրամի նախագահ, դաշնակահար-բանաստեղծ Կամիլա Երկանյան-Քեշիշյանը:-Ծրագրի մեկնարկը տրվում է Արցախից և տարածվելու է Հայաստանում ու Սփյուռքում` բազմաթիվ պետություններում ներգրավելով հայ դպրոցին, ուսուցչին ու երեխային, մտավորականին ու գիտնականին:
ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն ասաց. «Պահանջված է, որ մենք դպրոցներում երեխաներին ոչ թե տառաճանաչ դարձնենք, այլ նրանց մատուցենք հայոց այբուբենը որպես ինքնության պահապան և կարողանանք նպաստել նրանց հայեցի դաստիարակությանն ու գուցե այսկերպ վերականգնենք արցախյան մանրանկարչության դպրոցի ավանդույթները»:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ընդգծեց, որ հուսադրող է միջոցառման պահին նկարչությամբ զբաղված երեխաների նվիրվածությունն արվեստին ու ազգային արժեքներին:
Միջոցառմանը Շուշիի «Վարանդա» երիտասարդական պետական երգչախումբը /հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյան/ հնչեցրեց կոմիտասյան և մանսուրյանական երգ-երաժշտություն:
«Սիրո այբուբեն» ցուցահանդեսը կգործի առաջիկա 10 օրերի ընթացքում:
youngartsakh.am