Շարունակվում են Համահայկական խաղերի շախմատային հանդիպումները

Արցախում շարունակվում են օգոստոսի 6-ին մեկնարկած Համահայկական 7-րդ ամառային խաղերը:
Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում են ընթանում շախմատի մրցումները: Մրցաշարը մեկնարկել է օգոստոսի 6-ին: Առայժմ խաղում են 90 տղամարդիկ և 34 կանայք ու աղջիկներ, իսկ Երևանում օգոստոսի 9-11-ը մրցապայքարին կմիանան մոտ 15 շախմատիստներ Իրանից և Վրաստանից:
«Ապառաժ»-ի հետ զրույցում միջազգային գրոսմաստեր, Համահայկական 7-րդ խաղերի շախմատի գլխավոր մրցավար Նաիրա Մովսիսյանը նշել է, որ հետաքրքիր պայքար է ընթանում: «Շախմատային հանդիպումները բաղկացած են 9 խաղափուլերից, առայժմ խաղացել ենք առաջին տուրի 3 խաղափուլերը, հիմա ընթանում են երկրորդ տուրի մրցումները»,- ասել է նա:
Նաիրա Մովսիսյանի խոսքով շախմատը կարծես հայկական մարզաձև է դարձել: Դրա վկայությունն այն է, որ սփյուռքից խաղացողները ևս բավական շատ են. տվյալ մարզաձևում 17 երկրի ներկայացուցիչներ են մրցում:
Ըստ խաղերի շախմատի գլխավոր մրցավարի, Արցախում խաղերն անցկացնելը կարևոր խորհուրդ ունի, հատկապես մեր հայրենիքի այս հատվածը ճանաչելու առումով:
Խոսելով երեկ կայացած բացման արարողության մասին, Նաիրա Մովսիսյանն ասել է, որ այն հրաշալի էր կազմակերպված. «Մենք բազմաթիվ միջազգային առաջնությունների, մրցաշարերի ենք մասնակցել, բայց այսպիսի բացման արարողություն առաջին անգամ ենք տեսնում»: