Շահումյանի շրջան. 2018թ. կատարվածն ու նախանշված ծրագրերը
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները հոկտեմբերի 10-ին այցելել են Շահումյանի շրջան եւ արտագնա նիստ ունեցել Քարվաճառ քաղաքում՝ շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ:
Առիթից օգտվելով՝ «Ապառաժ»-ը հարցազրույց է ունեցել Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար, դաշնակցական, Շուշիի ազատագրման մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Գագիկ Մարտիրոսյանի հետ, ով այս պաշտոնը ստանձնել է սույն թվականի հունիսի 23-ին:
— Շահումյանը բազմազավակ ընտանիքների մեծաթիվ շրջանն է համարվում: Ի՞նչ ծրագրեր են իրականացվում շրջանում ծնելիության եւ բազմազավակության խթանման նպատակով:
— Ծնելիության եւ բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման նպատակով Շահումյանի շրջանի բոլոր համայնքներում իրականացվել է ուսումնասիրություն: Շրջանն ունի 72 բազմազավակ ընտանիք, 2019-ին բազմազավակ ընտանիքների թիվը կավելանա ևս 8-ով: Այդ ընտանիքների համար առաջնահերթ խնդիր է բնակարանով ապահովելու հարցը: Ընդհանուր առմամբ՝ բնակարանով ապահովվել են 39 ընտանիք, 8 ընտանիքի համար կառուցվում են բնակարաններ: Կատարվել է շինարարական աշխատանքների 65%-ը: Ծրագիրն ընթացքի մեջ է, նախատեսվում է բնակարանով ապահովել 24 ընտանիքի:
— Ի՞նչ փուլում է այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակելի տների վերանորոգման եւ կառուցման հարցը:
— Շրջանում շատ են նաև սոցիալապես անապահով խմբերին պատկանող ընտանիքները, որոնք հնարավորություն չունեն սեփական միջոցներով լուծել իրենց բնակարանային խնդիրները: Այդ նպատակով ուսումնասիրվել է Շահումյանի շրջանի քաղաքացիների 224 դիմում, և 16 ընտանիքի տրամադրվել է անհրաժեշտ շինանյութ՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով: Անբարենպաստ եղանակի հետեւանքով շրջանում վնասված 9 տներին նույնպես տրամադրվել են անհրաժեշտ շինանյութեր:
— Շրջանում հրատապ լուծում պահանջող հարցերից մեկը դպրոցաշինությունն է: Ի՞նչ անելիքներ ունեք այս ուղղությամբ:
— Շրջանի բնակչության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է կրթության մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտություն կա թե՛ բարելավել դպրոցների շենքային պայմանները, թե ՛ լրացնել անհրաժեշտ մասնագետների պակասը:
Դպրոցաշինությունը շրջանում իրականացվում է պետական աջակցության և բարերարների միջոցներով: 2018-ի՝ կառավարության կապիտալ շինարարության եւ վերանորոգման աշխատանքների ծրագրում ներառվել է Շահումյան շրջանի Չարեքտար գյուղի դպրոցի շենքի կառուցումը. շինարարության մեկնարկը տրված է եւ կատարված է ընդհանուր աշխատանքների 20%-ը: Բարերար Գևորգ Բարսեղյանի շնորհիվ հիմնովին վերանորոգվել է Նոր Էրքեջի միջնակարգ դպրոցը: Ավարտվել են Զուարի դպրոցի ներքին հարդարման աշխատանքները:
Աշխատանքներն ընթանում են, սակայն շրջանի կրթական հաստատություններից 3-ը դեռեւս գտնվում են անբավարար վիճակում. անհրաժեշտություն կա գալիք տարվա ծրագրում ներառել Նոր Խարխափուտ համայնքի նոր դպրոցի կառուցման, Նոր Մանաշիդ համայնքի դպրոցի 4 դասասենյակների կառուցման, Ակնաբերդ համայնքի դպրոցի վերանորոգման աշխատանքները, Նոր Ղարաչինարի եւ Եղեգնուտի դպրոցներում ջեռուցման համակարգի ներդրման հարցերը:
Բացի շենքային պայմաններից, շրջանն ունի նաեւ մասնագետների խնդիր: Շրջանում առկա է 50 մանկավարժի թափուր հաստիք: Կացարանների բացակայության պատճառով հնարավորություն չունենք համալրել հաստիքները:
— Ի՞նչ վիճակում են շրջանի հասարակական եւ վարչական նշանակության օբյեկտները:
— Ընթացքի մեջ են հասարակական և վարչական նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքները: Մասնավորապես, Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ գյուղի ոստիկանական կետին կից կառուցվել է նոր տաղավար, ծրագրում ներառվել է նաեւ նոր սանհանգույցի կառուցումը:
Քարվաճառ քաղաքում կառուցման ընթացքի մեջ է հանդիսությունների սրահը. կատարվել է աշխատանքների 70%-ը: 2018 թվականի ծրագրում ներառվել են նաեւ դատախազության աշխատասենյակի նորոգումը, Դադիվանքի համայնքապետարանի շենքի տանիքի եւ շրջվարչակազմի շենքում սանհանգույցի կառուցումը:
Շրջանի 12 համայնքներում չկան մշակութային օջախներ. ակումբները տեղակայված են կամ դպրոցի, կամ համայնքապետարանի շենքում: Շրջանի 12 համայնքներում բացակայում է բուժօգնության համար նախատեսված առանձին շինությունները, 4 համայքում կա վերանորոգման անհրաժեշտություն:
Քարվաճառ քաղաքում անհրաժեշտություն է առաջացել կառուցելու նաեւ մանկապարտեզ, իսկ Ակնաբերդ համայքում կա մանկապարտեզի շենքի վերանորոգման խնդիր:
— Ավտոճանապարհների վերակառուցման, վերանորոգման հարցը թերեւս առկա է Արցախի բոլոր շրջաններում: Ինչպիսի՞ն է պատկերը Շահումյանում:
— Շահումյանի շրջանի միջհամայնքային ճանապարհներն անբավարար են, համահունչ չեն շրջանի բնակչության զարգացմանը: Կարելի է ասել, որ բնակչությունը հետընթաց զարգացում է ապրում: Շրջանի առաջնային խնդիրը մնում է Վարդենիս-Մարտակերտ միջպետական մայրուղուց Քարվաճառ տանող՝ 18 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատումը:
2018-ին կատարվել է 37 կմ միջհամայնքային ճանապարհների պահպանման աշխատանքներ, վերակառուցվել է Նոր Գետաշեն գյուղի հետիոտն կամուրջը:
Բացվել է Բերձոր-Քարվաճառ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը, ընթացքի մեջ են ճանապարհի բարեկարգման աշխատանքները: Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի վրա ներկայումս աշխատում է շինարարների երկու խումբ: Առաջինն արդեն բարեկարգել է մոտ 20 կմ ճանապարհ Բերձոր-Վարդուտ հատվածում: Երկրորդ խումբն աշխատում է Քարվաճառ-Հայթաղ հատվածում: Շինարարները հասցրել են իրականացնել հողային աշխատանքներ, լուծել ջրահեռացման խնդիրները. տեղադրվել են խողովակներ, բացվել փոսորակներ: Նախատեսվում է նաև բացել 35կմ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը:
— Ջրամատակարարման եւ ջրահեռացման հարցն ի՞նչ վիճակում է:
— Շահումյանի շրջանը կարելի է համարել Արցախի թերևս ամենաջրառատ շրջանը, սակայն շրջանի 13 համայնքներում բացակայում է ջրամատակարարման ցանցը, ինչը կարող է բնակչության շրջանում բազում հիվանդությունների հիմք հանդիսանալ: Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտություն կա 2019-ի ծրագրում ներառել 13 համայնքների ջրամատակարարման ցանցի հիմնովին վերակառուցումը՝ բնակչության սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու նպատակով:
Պետական բյուջեի հաշվին ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի զարգացման ծրագրով այժմ իրականացվում է Չարեքտար գյուղի արտաքին ջրամատակարարման ցանցի կառուցումը. կատարվել է աշխատանքների 80 %-ը: Վերակառուցվել է նաև Քարվաճառ քաղաքի որոշ հատվածների ջրամատակարարման համակարգը: Նախատեսվում է Նոր Գետաշեն համայնքի՝ աղետի պատճառով ավերված ձախափնյա թաղամասի 1 կմ երկարությամբ ջրագծի վերակառուցումը:
Այնուհանդերձ, շրջանն դեռևս ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց մի մասը ուսումնասիրման փուլում է, մյուս մասն էլ կլուծվի ըստ անհրաժեշտության:
Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆ