ՆՐԱՆՔ ՄԻԱՍԻՆ ԾՈՎԵՐ ՈՒՆԵԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ…
Գլխավոր » Հասարակական » ՆՐԱՆՔ ՄԻԱՍԻՆ ԾՈՎԵՐ ՈՒՆԵԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ…

ՆՐԱՆՔ ՄԻԱՍԻՆ ԾՈՎԵՐ ՈՒՆԵԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ…

Հերոսներն իրենք են կերտում իրենց կերպարը, սակայն այդ կերպարն անաղարտ պահելու-պահպանելու պատասխանատվության մի մասը կրում են նրանք, ովքեր կոչված են ամբողջ կյանքում նրանց ուղեկիցը լինելու: Հայ կինն այս առումով միշտ առանձնացել է իր առաքինությամբ ու ոչ պակաս հերոսական կերպարով: Արցախյան ազատամարտը նորից ցույց տվեց, որ հայ կինը կարող է նաեւ միայնակ իր ուսերին կրել ընտանեկան ողջ բեռը, հայրերի դասերը փոխանցել որդիներին՝ պատվով մեծացնելով հայրենիքին արժանի նոր զինվորներ…

 

Նելլի Ղուլյան անունն Արցախում շատերին է հայտնի: Նրան ճանաչում ու սիրում են ոչ միայն հերոս ամուսնու անունով, այլեւ յուր պարկեշտ, ազնիվ ու հայեցի կերպարով…

 

Ղուլյանների հյուրընկալ բնակարանում ինձ առաջինը դիմավորեց փոքրիկ Աշոտիկը, ով իր աշխույժ ու մարդամոտ խաղերով ինձ ներս հրավիրեց: Ապա վազեց ու թաքնվեց Նելլի տատիկի  գրկում: Նրանք համեստորեն իրար փարվեցին, եւ ես անսահման սեր տեսա  կնոջ տառապած աչքերում: Նելլին արդեն տատիկ է , որքան տարիներ են անցել…Առանց Աշոտի նա արդեն տատիկ է…Նոր Աշոտ է ընտանիքում մեծանում, նոր հույս, նոր ապավեն, նոր զինվոր…Տա Աստված, նա միայն ու միայն խաղաղության զինվոր լինի…

 

<<Աշոտը երեխաներ շատ էր սիրում,-պատմում է  Նելլին,- պատերազմի օրերին նրան տանը չէինք տեսնում, բայց երեխանների ծննդյան օրերին անպայման գալիս էր, թեկուզ մի քանի րոպեով, գրկում էր երկու տղաներին, խաղում մի լավ հետները ու նորից հեռանում: Թե ուր էր հեռանում, դեպի որ կողմը, որ մարտին՝ չէր ասում, չէր սիրում այդ մասին խոսել: Մենք միշտ նրան սպասում էինք: Հիմա էլ, այսքան երկար ու ձիգ տարիների բաժանումից հետո, ես չեմ հավատում, որ նա հեռու է մեզանից, ասես շարունակում է ապրել մեզ հետ, մեր կողքին, մեր հոգսերով, անհրաժեշտ պահին խորհուրդ է տալիս, չի թողնում նեղսրտեմ…Աշոտը միշտ կա…Պատկերացնում եմ, թե նա ոնց կխաղար փոքրիկ Աշոտիկի եւ մյուս երկու թոռնիկների հետ…>>:

 

Տիկին Նելլին երեք որդիների մայր է: Փոքր որդին ծնվել է հոր մահից մի քանի ամիս հետո: Աշոտի Ղուլյանի մարտական ընկերները նրան կոչել են Բեկոր՝ հոր մարտական անունով: Նելլին չի ընդդիմացել, թեեւ ամեն անգամ որդուն կանչելիս անհաշվելի արցունքներ է կուլ տվել՝ որդիներից թաքցնելով կորստի մրմուռը:

 

<<Աշոտը դառը մանկություն է ունեցել,-պատմում է Նելլին,- նա ծնվել ու մեծացել է Բաքվում: Երբ դեռ 6 տարեկան էր, կորցրեց եղբորը՝ Արթուրին: Աշոտն ու Արթուրը, ով 5 տարեկան էր, բակում խաղում էին: Աշոտի աչքի առաջ ադրբեջանցի վարորդը մեքենայի տակ է գցում եղբորը, թողնում ու անհետանում: Եղբոր կորուստն ընդմիշտ մնում է Աշոտի սրտում ու  երևի հենց այդ պահից նրա մանուկ հոգում ծնունդ է առնում ատելությունը: Այդ ատելությունն էլ ավելի է կուտակվում, երբ հիվանդ մայրը կորստի ցավից մահանում է: Մոր մահից հետո ընտանիքով տեղափոխվում են Ստեփանակերտ…>>:

 

Աշոտն ու Նելլին ամուսնանում են  1985-ի սեպտեմբերին, 1986-ին ծնվում է նրանց առաջնեկը՝ Արթուրը: Հետո կամաց-կամաց սկսում են  քաղաքական խմորումները, Աշոտը դառնում է անհանգիստ, մտահոգ, քչախոս: Հայրենիքի վիշտը տանջում էր նրան: Նա հասկանում էր, որ առանց արյունի Արցախի հարցը չի լուծվի: Պատերազմն անխուսափելի է: Լծվում է զենք հայթայթելու գործին:

 

Ընկերների՝ Արկադի Կարապետյանի, Վալերի Բալայանի, Աշոտ Սարգսյանի եւ շատ ուրիշների հետ գաղտնի զբաղվում են զենք հայթայթելու գործով, գործում էին գաղտնի: Նելլին անկեղծանում է.<<Այդ ժամանակ դեռ լավ չէի պատկերացնում նրա գործը, երբ հարցնում էի՝ սաստում էր, ասում, որ դա կնոջ գործ չէ: Կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ վիճակը օրհասական է, հայրենիքի լինել-չլինելու հարցն է…>>:

 

Աշոտն ինքնաշեն զենքեր էր պատրաստում՝ ինքնաձիգ, նռնականետ, նռնակ, հրացան եւ այլն: Ընկերների հետ սկսում է մասնակցել պարտիզանական մի շարք գործողությունների:

 

1991 թվականին, երբ սկսվում է արցախյան բանակի առաջին զորամասերի կազմավորումը, Աշոտ Ղուլյանի հրամանատարությանն է հանձնվում առաջին՝ գլխավոր վաշտը: Աշոտը մասնակցում է շատ ու շատ մարտերի՝ Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Բուզլուխի, Վերին շենի, Մանաշիդի, Մալիբեկլուի, Խոջալուի, Կրկժանի, Լեսնոյի, Քարին տակի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Կուսապատի, Մաղավուզի, Սրխավենդի, Բաշ-գյունեփայայի, Օրթա-գյունեփայայի, Դրմբոնի…

 

Նրա շուրջը լեգենդներ էին հյուսվում: Նրան կնքեցին  մարտական անունով՝ Բեկոր/Ասկոլկա/: Մարմինը լցված էր բեկորներով, բազմիցս վիրավորվել էր, բայց տոկում էր:

 

<<Հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ քեզ վրա դրված պարտավորությունների բարեխղճորեն կատարում>>: Սա Աշոտի մտքի գոհարներից է: Մարդ, ով բարձրագույն կրթություն չուներ, ծնվել-մեծացել էր Բաքվում, հայրենիքից հեռու, սակայն այնքան մոտ, այնքան հարազատ էր զգում Արցախը: Արցախի կանչը նրա արյան մեջ էր, այդ կանչով էր ապրում: Այդ կանչն էր նրան մարտի տանում:

 

Տիկին Նելլին հիշում է. <<Աշոտը մի օր Դաշնակցության կանոնագրությունն իր հետ բերեց տուն, կարդում էր: Հետո իմացա՝ ընկերների հետ զինվորագրվել է Դաշնակցությանը>>:

 

Աշոտը չէր հասցնում տան հոգսերով զբաղվել, ավելի կարևոր գործ ուներ, պատերազմ էր: Տան հոգսերը Նելլին միայնակ էր կրում: Երբ պիտի ծնվեր երկրորդ որդին՝ Համայակը, Աշոտը կողքին չէր: Կնոջ նուրբ սիրտը ցավում էր, նեղացավ ամուսնուց: Հետո ամեն ինչ պարզ դարձավ. այդ նույն օրը Եղվարդում վիրավորվել էր կոկորդից, ինքնաշեն զենք էր փորձարկում: Կլինիկական մահ տարավ: Չէր ուզում Նելլին իմանար: <<Օրեր անց, երբ եկավ, ամեն ինչ իմացա: Նա կողքիս փռշտաց եւ բեկորը կոկորդից դուրս թռավ: Ես ինձ մեղավոր զգացի նրա առաջ>>:

 

Աշոտը 11 անգամ վիրավորվել է տարբեր մարտերում: Ամբողջ մարմինը բեկորներով լցված այդ տղամարդը չէր ընկրկում ոչ մի ցավի առաջ, նորից ու նորից մարտի էր նետվում: Տղաները հորդորում էին, որ իրեն լավ նայի, մնա տանը կամ հոսպիտալում, չէր ընդունում ոչ մի զրույց, ծիծաղում էր: Նրա շուրջը լեգենդներ էին հյուսվում: Շատերը գիտեին, թե հաղթանդամ, տարիքով մի տղամարդ է, այնինչ հասարակ, նիհար մի տղամարդ էր, հոգում՝ մեծ սեր,մեծ հարստություն…

 

<< 1991-ին մի օր ինձ ասաց՝ պիտի տեղափոխվենք Խնձրիստան: Իմ եւ նրա հայրերն այդ գյուղից են: Երբ իմացա, որ պիտի գյուղում մնանք, սկսեցի երկմտել՝ արդյոք ինչո՞վ եմ գյուղում զբաղվելու, ինչպե՞ս կհարմարվեմ: Ես քաղաքում եմ ծնվել, քաղաքում մեծացել>>,- մի խորհրդավոր ժպիտ կանգ է առնում Նելլիի շուրթերին. Աշոտի խոսքերն է մտաբերում. <<Ի՞նչ պիտի անես, մանկապարտեզի վարիչ կլինես, երեխաներ կդաստիարակես>>:

 

Աշոտը երևի կանխազգում էր, որ մի օր՝ տարիներ անց, Նելլին, իրոք, մանկապարտեզի վարիչ կդառնա: 1998-ին Նելլին պիտի անդամագրվեր Հայ օգնության միությանը եւ դառնար ՀՕՄ-ի Ստեփանակերտի <<Սոսե>> մանկապարտեզի վարիչ…

 

<<Գյուղում գիշերը տղերքով հավաքվում էին մեր տան նկուղում, ժամերով զրուցում: Չէր թողնում իջնեմ նկուղ: Օրեր անց իմանում էի նրա ու նրա ջոկատի հաղթանակների մասին: Պատահում էր հաճախ՝ մեծ խմբով տուն էին գալիս: Աշոտը շտապ պատվիրում էր սեղան բացել: Ինչ պատահի, ինչ տանը կար, դնում էի սեղանին, եղած-չեղածից մի բան էի սարքում, տղերքն ախորժակով ուտում էին: Ես էլ մեծ բավականություն էի ստանում>>,- շարունակում է թերթել հիշողության էջերը:

 

Դրմբոն գյուղի ազատագրման համար մղվող մարտը ճակատագրական եղավ Բեկոր-Աշոտի համար: 1992թվականի օգոստոսի 24-ին գնդակը գտավ հերոսին: Այդ օրը նա միացավ բոլոր նրանց, ովքեր կոչված են հավիտյանս ապրելու, ովքեր իրենց կյանքով ու գործով անմահության վկաներ են…

 

Առանց Աշոտի Նելլին երեք տղաներ է մեծացրել: Երբ հարցնում եմ որդիների մասին, նա հպարտութայմբ է լցվում: Մեծը՝ Արթուրը, մինչեւ վերջերս ծառայում էր այն գնդում, որի հրամանատարն էր հայրը: Միջնեկը՝ Համայակը, սովորում է Հունաստանում, ապագա ռազմական բժիշկ է, իսկ փոքրը՝ Բեկորը, գյուղատնտեսի մասնագիտություն ունի, աշխատում է Գյուղատնտեսության նախարարությունում:

 

Նելլին 1998-ից մինչ այսօր աշխատում է Ստեփանակերտի <<Սոսե>> մանկապարտեզում՝ որպես տնօրեն:

 

Աշոտ Ղուլյանին, հայրենիքին մատուցած բարձր ծառայության համար, հետմահու շնորհվել է <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի, <<Ոսկե արծիվ>> շքանշաններ, արժանացել է <<Արցախի հերոս>> կոչմանը: ԼՂՀ կենտրոնական պաշտպանության շրջանի առաջին գումարտակը, որը ստեղծվել է առաջին վաշտի հիմքերի վրա, այսօր կրում է Բեկորի անունը: Ստեփանակերտում կանգնեցված է նրա հուշարձանը: Հուշարձանի վրա գրված է՝ ես ծովն եմ սիրում:

 

Աշոտը ծով շատ էր սիրում, երազանք ուներ՝ ցանկանում էր շրջել բոլոր ծովերով, տեսնել, ծանոթանալ, թե ինչպես են ապրում տարագիր հայերը…

<<Ղարաբաղը լոկ սկիզբն է, վերջը պիտի լինի Արևմտյան Հայաստանը». այս խոսքերը պատկանում են լեգենդ-մարդուն կամ պարզապես Բեկորին,  ով կարողացավ ճշմարիտ ապրել իր կյանքը՝ lիր անունն ու գործը որպես հպարտություն կտակելով իր ընտանիքին ու ողջ հայ ժողովրդին…

 

<<Դժվար օրեր շատ ենք ունեցել, բայց գոտեպնդվել եմ, միշտ մտածել եմ՝ իրավունք չունեմ ընկճվելու, Աշոտը  նայում է վերևից, չի ների>>,- Նելլին թաքցնում է հուզմունքը:

 

— Տատի, շոկոլադ կուտե՞ս,- նկատելով տատի տխրությունը՝ մեր զրույցին խառնվում է փոքրիկ Աշոտիկը:

 

—  Չէ, դու կեր, տղաս, կեր, որ շուտ մեծանաս:

 

Աշոտիկը տատիկի գրկում ժպտում է….

 

 

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

 

1