«Նվիրիր գիրք» նախաձեռնությունը Ստեփանակերտում
Փետրվարի 19-ին՝ «Գիրք նվիրելու օրվա» առիթով, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրվել է գրքի տաղավար (BookBank), որտեղ հավաքված գրքերը նվիրաբերվելու են Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանին: Միջոցառմանը ներկա էին ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱԺ պատգամավորներ և հատուկ հյուրեր՝ սիրված հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը:
«Ուզում եմ, որ այս նախաձեռնությունը բոլորի սրտի խորքում տեղ գտնի, լինի մշտական, երկարատև և բոլորս համատեղ ուժերով անհրաժեշտ գրականությամբ համալրենք մեր գրադարանները, դպրոցները»,- իր խոսքում նշել է ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՅԴ երիտասարդական միությանը՝ այս հաճելի միջոցառման նախաձեռնության համար:
Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեոսր, բազմաթիվ գրքերի հեղինակ Վահրամ Բալայանն իր ելույթում ասել է, որ գիրքը սիրելը, արժևորելը հնարավորություն է տվել, որպեսզի մենք բազում դարերի ընթացում ապրենք, գոյատևենք, զարգանանք մեր հայրենիքում: «Դարերի ընթացքում գիրքը հայ մարդու համար սրբություն է եղել: 1915թ. Եղեռնի ժամանակ, երբ դատարկվել է Արևմտյան Հայաստանը, մարդիկ ոչ թե իրենց ունեցվածքն էին տեղափոխում իրենց տներից, այլ գրքերը»,- ավելացրել է Վահրամ Բալայանը:
Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը շեշտել է, որ «Գրքի բանկի» միջոցով հավաքագրված գրքերն ունեն միայն մի նպատակ, որպեսզի դրանք չմնան գրապահարաններում, ընթերցվեն:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, առաջին գիրքը նվիրելով Քաշունիքի դպրոցի գրադարանին, նշել է, որ պատիվ է Արցախում լինելը և հատկապես այսպիսի առիթով: «Այսօր Հովհ. Թումանյանի ծննդյան օրն է, նա ատում էր պատերազմը, գտնում էր, որ պատերազմը նման է հրդեհի, որի քուլաները լափում են ամեն գեղեցիկ բան և ես կցանկանայի առաջին հերթին, որ «Գրքի բանկի» բացմամբ, մենք ևս մեկ անգամ փաստենք, որ արցախցին ազատատենչ, բայց և խաղաղ ժողովուրդ է. և բոլորիս նպատակը այս սուրբ հողը խաղաղ պահելուն, խաղաղ երկնքի ներքո որակով, զարգացած և գեղեցիկ կյանք ստեղծելուն է միտված»,- ասել է Նազենի Հովհաննիսյանը:
Միջոցառման ընթացքում և դրանից հետո մինչև սույն թվականի մարտի 1-ը հավաքված ամբողջ գրքերը որպես նվիրատվություն փոխանցվելու են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանին: