Նոր շեշտադրումներ արտաքին քաղաքականության մեջ
Գլխավոր » Լրահոս » Նոր շեշտադրումներ արտաքին քաղաքականության մեջ

Նոր շեշտադրումներ արտաքին քաղաքականության մեջ

Մարտի 12-19-ը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր: Պատվիրակությանն անդամակցում էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ով այցի արդյունքների եւ ձեռքբերումների շուրջ զրուցեց «Ապառաժ»-ի հետ:

— Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ:

— ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ աննախադեպ էր եւ արդյունավետ, եւ քաղաքական առումով ուներ իր կարեւորությունը:

Մենք քաղաքական տարբեր հարթությունների եւ հարաբերությունների դաշտ ենք ստեղծել Միացյալ Նահանգների հետ`հումանիտար օժանդակությունների ծրագրեր, քաղաքական տարբեր հանդիպումներ, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում նոր ձեռքբերումներ:

Անշուշտ, ուշադրության արժանի է այն, որ ԱՄՆ-ն Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համանախագահող երկիր է, եւ սկսած 90-ական թվականներից, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանում, մասնավորապես Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում:

Այս ամենով հանդերձ՝ ԱՀ նախագահի գլխավորությամբ Արցախի պատվիրակության ներկայությունը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում եւ այն էլ այնպիսի կարեւոր քաղաքական կենտրոնում, ինչպիսին ԱՄՆ Կոնգրեսն է, պետք է արժանանար եւ արժանացել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ Ղարաբաղի հիմնահարցով շահագրգիռ տարբեր կենտրոնների ուշադրությանը: Հենց այդ ուշադրությունը եւ արձագանքներն ինքնին հուշում են, որ այցն ուներ կարեւոր նշանակություն: Այցին հետաքրքրություն ցուցաբերեցին համաշխարհային քաղաքականության մեջ դերակատարություն ունեցող տարբեր կենտրոններ:

— Մոտակա ժամանակներում շոշափելի ի՞նչ ձեռքբերումներ կարող ենք ակնկալել այցից:

— Այցի ընթացքում  ԱՀ նախագահի գլխավորած պատվիրակության տարաբնույթ հանդիպումները՝ ինչպես ԱՄՆ-ում գործող հայկական կառույցների, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոշակի հեռանկարներ են ստեղծել՝ այցի արդյունքում առավել հեռանկարային քայլեր ձեռնարկելու առումով: Այստեղ պետք է նաեւ կարեւորել նախագահի կողմից երկու կարեւոր քաղաքական կենտրոններում հնչեցրած ելույթները. ԱՄՆ կոնգրեսում կոնգրեսականների ներկայությամբ հնչեցրած տեսակետներն ու ակնկալիքները, եւ Վաշինգտոնի ազգային շահերի կենտրոնում Արցախի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած քննարկումները:

Մենք չպետք է մոռանանք, որ Ամերիկայի 8 նահանգներ ճանաչել են Արցախի Հանրապետությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ այդ ուղղությամբ մենք դեռեւս լուրջ անելիքներ ու ակնկալիքներ ունենք: ԱՄՆ կատարած այցից հենց այս հարցում կարող ենք որոշակի արդյունքներ ակնկալել:

Չպետք է նաեւ անմասն մնալ վերջերս Միացյալ Նահանգների կոնգրեսականների կողմից ներկայացված այն օրինագծից, որով առաջարկվում է Արցախի Հանրապետությանն ուղղակի 10 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերել: Մենք կարծում ենք, որ պատվիրակության այցը որոշ ազդեցություն կարող է թողնել հենց այդ ակնկալիքն իրականություն դարձնելու առումով:

Նաեւ չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ի Արեւելյան եւ Արեւմտյան շրջանների մի շարք քաղաքներ քույր քաղաքներ են հռչակված Արցախի Հանրապետության տարբեր քաղաքների հետ: Այդ առումով կարող են նոր հեռանկարներ բացվել՝ ԱՀ տարբեր քաղաքների հետ քույր քաղաքների ցանկը որոշակիորեն ընդլայնելու եւ ԱՄՆ տարածքում աշխարհագրական նոր միջավայր ընդգրկելու առումով:

— Հատուկ ուշադրության արժանացավ նախագահի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում: Ելույթի ի՞նչ շեշտադրումներ հատկապես կառանձնացնեիք:

— Կոնգրեսականներին ուղղված՝ Բակո Սահակյանի ելույթը պետք է համարել այս այցելության գլխավոր ուղերձը: Նախագահն իր խոսքում չէր կարող չանդրադառնալ վերջին 20-25 տարիների ձեռքբերումներին եւ Արցախի Հանրապետության հռչակումից հետո ստեղծված իրականությանը՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական վիճակին:

Կարեւոր էր այն շեշտադրումը, որ մեր կողմից ի սկզբանե՝ 1991 թվականից, Արցախի Հանրապետության հռչակումով որդեգրեցինք ժողովրդավարական պետություն ստեղծելու գաղափարը, եւ հենց այդ ժողովրդավարական արժեքներով ու արժեհամակարգով վերջին 27 տարիներին կարողացել ենք հասնել այնպիսի հաջողությունների, որ թերեւս կարող էին երազել աշխարհում գոյություն ունեցող կայացած պետություններ:

Նախագահն անդրադարձավ նաեւ ԱՄՆ-ի դերակատարությանը Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում եւ հիմնահարցի առումով ավելի ակտիվ դեր ունենալու շարժառիթներին՝ հույս հայտնելով խորացնել երկկողմ համագործակցությունը եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել:

Չի կարելի շրջանցել նախագահի ելույթում տեղ գտած այն նկատառումը, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է որը պաշտոնապես ֆինանսական օգնություն է ցուցաբերում Արցախին:

— Մոտիկից ականատես եղաք Ամերիկայի Հայ Դատի գրասենյակների աշխատանքներին: Ինչպես եք գնահատում հանձնախմբի աշխատանքը Արցախի Հանրապետության ճանաչման եւ Հայ Դատը միջազգայնացնելու ուղղությամբ:

— Անշուշտ, ԱՄՆ-ում գործող բոլոր հայկական կառույցներն ու կազմակերպությունները ահռելի աշխատանք են տանում՝ ի նպաստ Արցախի ու նրա ժողովրդի: Սակայն իմ կարծիքով առավել ընդգծելի է Հայ Դատի գրասենյակի կողմից կատարվածը:

Անկեղծորեն եւ ուղղակիորեն պետք է շեշտենք, որ շատ դժվար եւ բավականին դաժան քաղաքական միջավայրում են գործում ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակները, բայց այդպիսի միջավայրում գործելով հանդերձ՝ կարողացել են շոշափելի արդյունքներ արձանագրել:

Համեստորեն պետք է նշել, որ ԱՄՆ-ում նահանգային մակարդակով ճանաչման գործընթացի մեջ շատ կարեւոր տեղ ունեն հենց ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը: Այն քաղաքական գիծը, որը որդեգրել են Հայ Դատի գրասենյակները՝ Արցախի Հանրապետության ճանաչման եւ Հայ Դատի միջազգային մակարդակում նոր մակարդակի բարձրացման եւ նոր շունչ հաղորդելու ուղղությամբ, շոշափվեց մեր ընդհանուր հանդիպումների ժամանակ:

Արցախի նախագահը հատուկ գնահատականի է արժանացրել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներին եւ պարգեւատրել հայանպաստ գործունեության համար:

— Արցախի պատվիրակության այցը շարունակվեց Լիբանանում: Այցելության այդ հատվածը սակայն ավելի քիչ լուսաբանվեց: Հետաքրքիր է՝ ի՞նչ հանդիպումներ եք ունեցել:

— Լիբանան կատարած այցելությունը բավականին կարճ էր, բայց նույնպես արդյունավետ եւ բովանդակալից: Բնականաբար, պետք է նկատի առնել, որ Լիբանանում մեկնարկած Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովին ելույթ ունեցավ նաեւ Արցախի Հանրապետության նախագահը՝ ներկաներին փոխանցելով իրականությունը եւ մեր պատկերացումներն ու գնահատականները ոչ միայն Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա ժամանակաշրջանում մեր անցած ուղուն, այլ նաեւ ապագային միտված մի շարք շեշտադրումներ, որոնք կարող են մեզ համար լինել ուղեցուցային:

Այդ առումով կարեւոր է նաեւ առանձնաբար հանդիպումը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի հետ եւ նաեւ ՀՀ դեսպանատնում տեղի ունեցած հանդիպումները հայ քաղաքական կուսակցությունների եւ այլ կառույցների հետ:

Բնականաբար, Լիբանանի եւ լիբանանահայության հետ ԱՀ հարաբերություններն ունեն խորը անցյալ՝ սկսած 80-ական թվականների վերջերից, եւ այդ իսկ առումով՝ այսօր էլ լիբանանահայությունն իր կարեւոր դերակատարությունն ունի Արցախի քաղաքական, ներքին տնտեսական եւ սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Շատ կարեւոր էր Արցախի պատվիրակության հանդիպումը եւ Նախագահ Սահակյանի ելույթը «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ARI) կազմակերպության, ասել է թե՝ լիբանանահայ գործարար շրջանակների հետ հանդիպմանը, որի ժամանակ նաեւ մեկնարկը տրվեց 2018  թվականին Արցախում կայանալիք բավականին կարեւոր մի խորհրդաժողովի, որն իր մեջ պետք է բովանդակի տնտեսական ներդրումների եւ ժողովրդագրական իրավիճակի փոփոխության հարցերը: Խորհրդաժողովի խորագիրը՝ «Արցախը 2028 թվականին», ինքնին հուշում է, որ Արցախի պետության եւ նախագահի ակնկալիքները առաջիկա 10 տարիների ժամանակահատվածում մեր ակնկալիքներն են, եւ այն գործնական քայլերը, որ պետք է ամփոփի խորհրդաժողովը, իսկ որպես ուղեցույց, այն ճանապարհ է հարթելու դեպի 2028 թվականը:

— Նախագահի ԱՄՆ այցին զուգահեռ պետական նախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով Ավստրալիայում էր: Ինչպե՞ս եք գնահատում այցը:

— ԱՀ պետական նախարարի այցը Ավստրալիա ARI կազմակերպության շրջանակներում էր: Այցը հետապնդում էր ARI կազմակերպությունն ընդլայնելու եւ նրա միջոցով նոր աշխարհագրական միջավայր ներգրավելու Արցախի տնտեսության մեջ: Առիթ եմ ունեցել հանդիպելու պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ժամանակ պետնախարարը գոհունակություն է հայտնել այցի արդյունքներից եւ ակնկալում էր Ավստրալիայի հայկական համայնքի տնտեսական ներուժի ներդրում Արցախի զարգացման ուղղությամբ:

Այդ այցի ընթացքում եւս շոշափելի էր ՀՅԴ Ավստրալիայի կառույցի եւ Հայ Դատի հանձնախմբի կողմից ցուցաբերված աջակցությունը: Իհարկե կարեւոր համակարգող դեր ուներ Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցիչը:

— Որպես ամփոփում՝ ինչպե՞ս կգնահատեիք վերջին երկու շաբաթներում Արցախի արտաքին քաղաքական ասպարեզում նկատվող ակտիվությունը:

— Այստեղ պետք է բավարար գնահատել Արցախի արտաքին գերատեսչության կատարած աշխատանքը վերջին ժամանակներում: Նկատելի է լուրջ ակտիվություն արտաքին քաղաքականության ոլորտում, ի հայտ են գալիս նոր շեշտադրումներ:

Պատահական չեն ՀՅԴ Հայ Դատի եւ ՀՅԴ կառույցի աջակցությամբ ու ARI կազմակերպության նախաձեռնությամբ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկա եւ Լիբանան, եւ պետնախարարի այցելությունը Ավստրալիա:  Որպես ամփոփիչ խոսք՝ կարելի է ասել, որ չճանաչված պետություն լինելով հանդերձ՝ մենք ունակ ենք սեփական նախաձեռնությամբ արտաքին քաղաքականության մեջ նոր շեշտադրումներ մտցնել եւ ավելի ակտիվ քաղաքականություն վարել:

Կարծում եմ, որ Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից որդեգրված քաղաքականությունը  առաջիկայում էլ ավելի կակտիվանա:

Լուսինե Թեւոսյան

1