«Ներկա մարտահրավերներին դիմակայելու համար Արցախում պետք է լինի խորհրդարանական կառավարման համակարգ». Ա. Աղաբեկյան
Գլխավոր » հարցազրույց » «Ներկա մարտահրավերներին դիմակայելու համար Արցախում պետք է լինի խորհրդարանական կառավարման համակարգ». Ա. Աղաբեկյան

«Ներկա մարտահրավերներին դիմակայելու համար Արցախում պետք է լինի խորհրդարանական կառավարման համակարգ». Ա. Աղաբեկյան

Ձեզ ենք ներկայացնում aparaj.am-ի հարցացրույցը ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԱրցախիԿենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանի հետ:

 

Տեղեկություն ունենք, որ ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ պետք է կատարվեն, սակայն հասարակությանը հասանելի չէ՝ այդ փոփոխությունների նախաձեռնությունը կառավարությա՞նն է, թե՞ Ազգային ժողովինը: Նաեւ հասկանալի չէ, թե  ո՞րն է ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելու պահանջը :

 

-Իրականում կառավարությունն է  նախաձեռնել՝ ընտրական օրենսգրքում  նոր փոփոխություններ կատարել: Պետք է  գիտակցենք, որ մեր երկիրը գտնվում է  կայացման փուլում, ուստի  նաեւ կայացման փուլում է գտնվում ընտրական գործընթացը:  ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում այնպիսի քաղաքական մթնոլորտ է տիրում, որ ամեն ընտրությունից հետո անհրաժեշտություն է առաջանում նոր օրենսդրական փոփոխությունների՝ հիմք ընդունելով ընտրությունների ժամանակ հրատապ լուծում պահանջող  խնդիրները: Եթե հարցը դիտենք  այս համատեքստում, ապա դեռ մոտակա ժամանակներում  ամեն ընտրություններից հետո անհրաժեշտ է լինելու ընտրական օրենսգրքում  փոփոխություններ մտցնել՝  նպատակ հետապնդելով  հաջորդ համապետական նշանակության ընտրություններին ընտրողների մոտ վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի  քաղաքացին գիտակցի եւ ընդունի, որ իր քվեով  նա մասնակցում է երկրի կառավարմանը: Իշխող քաղաքական կուսակցությունները, քաղաքական անհատները, քաղաքական ուժերը  պետք է ձգտեն հասնել մի այնպիսի աստիճանի, որ քաղաքացու քվեն  մեծ դերակատարություն ունենա երկրի կառավարման գործում:  Դա պետք է դառնա նրանց առաջնային պարտականություններից մեկը: Դեռեւս 90-ականներին ունեինք  100%  մեծամասնական ընտրակարգով ձեւավորված խորհրդարան: Քաղաքական գործիչները դեռ շարունակում են վիճել, թե  իրականում որն է ամենաճիշտ  խորհրդարանի ընտրակարգի ձեւը՝  100% մեծամասնական, թե 100%  համամասնական, թե՝ և՛ նա, և՛ նա: ՀՅԴ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, եւ դա  ձեւավորված տեսակետ է  ոչ միայն ՀՅԴ Արցախի կառույցի, այլեւ՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ժամանակ քննարկվել եւ ընդունվել է,  որ  լավագույն խորհրդարանը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում կհամարվի այն խորհրդարանը, որը կձևավորվի  100% համամասնական ընտրակարգով: Այն տեսակետը, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը Ազգային ժողովում ներկայացնում է հասարակության մի հատվածին, ինքնին Ազգային ժողովի քաղաքական մարմին լինելու կոչմանը  չի համապատասխանում:Խորհրդարանի պատգամավորի թիվ մեկ առաքելությունը քաղաքական թիմի կազմում կառավարությանը օպտիմալ կառավարելու հնարավորության ընձեռնումն է կամ, ինչու չէ, ճիշտ  կառավարելու պարտադրումը: Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ քաղաքական կուսակցությունը պետք է արժանանա ընտրողի քվեին: Իսկ ընտրողը քվեն տալիս է ոչ թե առանձին անհատի, այլեւ կուսակցության այն ծրագրերին, որով տվյալ  կուսակցությունը ներկայանում է ընտրողներին՝ ակնկալելով նրանց աջակցությունը: Սխալ կարծիքներ կան ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, որ կուսակցությունների ներկայացրած  ընտրացանկերում  կարեւորվում են առաջնային  համարները: Իմ համոզմամբ՝ ընտրացանկը պետք է ստորադասվի  այն ծրագրին, որով քաղաքական կուսակցությունը ներկայանում է ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ընտրացանկին, ապա այնտեղ կարեւոր են ոչ թե առաջին հորիզոնականներում ընդգրկված անձինք, այլեւ բոլոր այն անհատները, որոնք իրենց կենսագրությամբ, քաղաքական կեցվածքով, կուսակցության ծրագիրը ներկայացնելու կամքով եւ պատրաստակամությամբ  ներկայանում են հասարակությանը:  100% համամասնական ընտրակարգի դեմ հանդես եկող ոչ ոք  չի կարող ինձ համոզել, որ այդ ընտրակարգը ազգային Ազգային ժողովը կտրում է հասարակությունից: Կարծում եմ, որ կառավարության այս նախաձեռնությունը լուրջ քննարկման առարկա  է դառնալու  ԼՂՀ Ազգային ժողովում, եւ  դաշնակցական պատգամավորները կանեն ամեն ինչ, որպեսզի մեզ հաջողվի անցնել այդ  ընտրակարգին:

 

Կարելի՞ է  ենթադրել, որ՝ որպես դաշնակցական Դուք կողմ եք երկրի կառավարման խորհրդարանական համակարգին:

 

-Դեռեւս 1992 թվականին, երբ ԼՂՀ Գերագույն խորհրդի  նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդականն էի, Գերագույն խորհրդի նախագահությունում խոսվում էր, որ Արցախը  չպետք է ունենա նախագահական կառավարման համակարգ: Այդ ժամանակ դա էր  մեր նորանկախ երկրի մոտեցումը այս հարցին: Սակայն Արցախում հետագա քաղաքական ճգնաժամը բերեց նրան, որ Արցախը անցավ կառավարման նախագահական համակարգին: Այսօր ես գտնում եմ, որ ունենք արդարացված կառավարման ուղղահայաց, սակայն կառավարման համակարգը պետք է դիտարկել ոչ թե տվյալ պահին արդարացված կամ չարդարացված լինելու, այլեւ սպասվելիք մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: Ռազմավարական նշանակության որոշումներ կայացնելիս, նման որոշումներ կյանքի կոչելիս ավելի էֆեկտիվ է գործում խորհրդարանական  կառավարման համակարգը:  ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով և ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ կետով՝ հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն, կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին: Պատերազմի ժամանակ հանրապետության նախագահը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին: Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Կարելի է ասել՝ Ազգային Ժողովի մեծամասնությունը այո է ասում պատերազմին և հետագա մասնակցություն չի ունենում, ամբողջ պատասխանատվությունը թողնելով նախագահին: Խորհրդարանական կառավարման պարագայում՝ վարչապետի հետ միասին պարտադրված է շարունակել կրել պատասխանատվություն՝ որպես իշխող մեծամասնություն, որպես երկիրը իր վարած քաղաքական կուրսով պատերազմին հասցնող, կամ պատերազմից դուրս բերող  մեծամասնություն: Զինված ուժերի կայացման ընթացքում, նրա կիրառման պարագայում՝ քաղաքացիական վերահսկողությունը, խորհրդարանական կառավարումը ավելի արտահայտված է և ավելի էֆեկտիվ: Այն դեպքում՝ եթե Արցախի Հանրապետությունը ենթարկվի միջազգային հանրության ճնշումներին ՝ տարածքներ  զիջելու, Արցախի լինել-չլինելու առումով, ապա պետք է ասեմ, որ այս ծանր բեռը մեկ անձին թողնելն անթույլատրելի է: Այս մարտահրավերներին կարող է դիմանալ միայն խոհրդարանական կառավարման  համակարգը: Եթե խոսենք երկիրը հրամանագրերով ճգնաժամից հանելու խնդիրների լուծման մասին, իհարկե, արդյունավետ է նախագահական կառավարման  համակարգը: Պետք է խոստովանեմ, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում  ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական համակարգի տարրեր են գործում: Դրա  օրինակը կարող է հանդիսանալ ռազմական դրություն հայտարարելու դրույթը: Ռազմական դրություն հայտարարել՝ նշանակում է երկիր ղեկավարին, մեր այսօրվա պարագայում՝ նախագահին տալ լիազորություններ, որով նա պատրաստելու է  երկիրը պատերազմի, բայց ռազմական  դրություն հայտարարողը  Ազգային ժողովն է:  Նաեւ՝ այս կարեւոր մարտահրավերն է, որը ստիպում է մեզ ունենալ 100 % համամասնական ընտրակարգով ընտրված խորհրդարան: Ամեն պատգամավոր, նամանավանդ՝ իշխանությունը ներկայացնող, պետք է գիտակցի, որ կոճակ սեղմելով նա մասնակից  է լինում երկրի համար կարեւոր մարտահրավերներին դիմակայելուն: Այստեղ է երեւում, որ մարտահրավերների հաղթահարման ամբողջ պատասխանատվությունը Ազգային ժողովի վրա է: Իշխող համակարգը եթե խորհրդարանական է, ապա ոչ միայն պարտերազմ հայտարարելն  է մնում տվյալ իշխող կուսակցության պատասխանատվության ներքո, այլեւ հետագա գործողությունների ամբողջությունը: Արցախի համար կա նաեւ մի շատ կարեւոր իրականություն, որը կարող է հիմք հանդիսանալ՝ հասկանալու համար, որ ճիշտ տարբերակը խորհրդարանական կառավարման  երկիր ունենալն է: Իմ կարծիքով՝ այն երկիրը, որտեղ բնակչության թիվը մեծ չէ եւ խորհրդարանի պատգամավորները կարող են  անձնապես ճանաչել երկրի բնակչության մեծամասնությանը, կառավարման լավագույն ձեւը խորհրդարանական մոդելն է: Կիսանախագահական կամ կիսախորհրդարանական համակարգ ունեցող երկրները հաճախ են ենթարկվում քաղաքական ճգնաժամերի եւ երկիրը դուրս բերում բնականոն զարգացման հունից: Վստահ եմ, որ կառավարման լավագույն համակարգը կարելի է ձեւավորել քաղաքական քննարկումների արդյունքում՝ եթե առկա է հասարակական խավերի մասնակցությունը:

 

-Հնարավո՞ր է  արդյոք Արցախում կառավարման խորհրդարանական համակարգն ընդունվի՝ առանց ՀՀ-ում  ընդունման:

 

-Հնարավոր է: Դուք հարց եք ուղղում մեկին, ով   իր ցանկացած  քայլի եւ գործողության հիմքում դնում է Միասնական Հայաստան կյանքի կոչելու նպատակը: Պիտի խոստովանեմ, որ դա Միացյալ Հայաստան ունենալու համար եւս մեկ քայլ կլինի: Այն պետք է ընդունել որպես ճանապարհային քարտեզի մի փոքրիկ հատված, որով պետք է հասնենք  այն վերը նշված գերնպատակին, ինչի համար այսօր ապրում եւ ստեղծագործում է ամեն մի հայ:

 

Հարցազրույցը՝ Արմինե Նարինյանի

 

1