Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ում․«Ցավոք, սումգայիթյան ջարդերի իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը։
Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Երեսուն տարի առաջ՝ 1988 թ. փետրվար ամսվա այս նույն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի արդյունքում բազմաթիվ հայեր սպանվեցին, վիրավորվեցին և արտաքսվեցին։ Բռնություններն իրագործվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման խաղաղ ձգտումների համար հայերին պատժելու նպատակով: Այդ վայրագությունների պատճառով էր, որ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրԱնդրեյ Սախարովը գրեց` «Եթե մինչև Սումգայիթը որևէ մեկի մոտ դեռ կասկած կարող էր լինել, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մեկի մոտ բարոյական հնարավորություն չմնաց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքային միավորման վրա պնդելու համար»: Սումգայիթյան կոտորածը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում, Եվրախորհրդարանի կողմից՝ համապատասխան բանաձևի ընդունմամբ: Ցավոք, այս հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին: