Նաիրիան՝ հայկական լեռնաշխարհի բուրմունքով լի խանութ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Նաիրիան՝ հայկական լեռնաշխարհի բուրմունքով լի խանութ

Նաիրիան՝ հայկական լեռնաշխարհի բուրմունքով լի խանութ

Ցուցադարակներում խնամքով շարված սպիտակ փոքրիկ տուփերի ու բազմագույն օճառների վրա պատկերված վաղենակի, չիչխանի, խորդենու, ռեհանի ու թարխունի նուրբ անուշաբույրը հոտոտվում է հենց մուտքից: Դեկտեմբերի կեսին Ստեփանակերտում բացված՝ հայկական առաջին բնական կոսմետիկա արտադրող Նաիրիան ընկերության խանութը ժողովում է հայկական բուսաշխարհի ու մրգատեսակների «ներկայացուցիչներին»: Ընկերության Արցախի ներկայացուցիչ Նանար Շիրինյանը սիրով է ընդունում նյութ պատրաստելու մեր առաջարկը եւ պատմում Նաիրյանի հետ իր համագործակցության նախապատմությունն ու ապագա ծրագրերի գաղտնիքները բացում:

 

Մասնագիտությամբ տնտեսագետ Նանար Շիրինյանի՝ իր մաշկին համապատասխան խնամքի միջոցը գտնելու անվերջ փնտրտուքը երկու տարի առաջ հասցրեց նրան Երեւանի Թումանյան 34 հասցեում գտնվող Նաիրիան խանութ:

«Մարդու մաշկը հագուստ չէ եւ ոչ էլ զարդ. այն անփոխարինելի է: Այդ գիտակցումով պատվիրել եւ փորձել եմ բոլոր հայտնի եւ անհայտ կոսմետիկ միջոցները, եթերայուղերը: Սակայն ինձ գոհացնող միջոցը գտա Հայաստանում, հայկական արտադրության կոսմետիկայում: Նաիրիանը գրավել է ինձ հենց հայկական լինելու հանգամանքով»,- ասում է Շիրինյանը:

Խանութ այցելելու օրը դարձավ երկարածավալ որոնումների վերջնակետն ու նոր բիզնես-ծրագրի ելակետը: Ամուսնու հետ խորհրդակցելուց հետո որոշեց այցելել Նաիրիանի գրասենյակ՝ Արցախում մասնաճյուղ բացելու առաջարկով:

«Նաիրիանի Արագյուղի մշակովի բուրումնավետ դաշտերի կողքին գտնվող լաբորատորիա այցելելուց եւ կոսմետիկական բանաձեւերի մշակման պրոցեսը տեսնելուց հետո համոզվեցի, որ ճիշտ հասցեով եմ եկել: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն էլ սիրով ընդունեց առաջարկս եւ իմ՝ Արցախում Նաիրիանի ներկայացուցիչ նշանակվելու որոշումն ընդունվեց տեղում»,- պատմում է Նանարը:

Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 15-ին է խանութն իր դռները բացել Արցախի հաճախորդների առջեւ: Նանարը մի շարք դասընթացներ է անցել՝ արտադրանքում ներառված յուրաքանչյուր բաղադրիչի բուժիչ հատկություններն ուսումնասիրելու նպատակով:

«Ամեն հաճախորդի ցուցաբերում ենք անհատական մոտեցում, եւ հաճախորդների հետ մեր կապը չի ավարտվում ապրանքի վաճառքով: Առցանց եւ հեռախոսակապի միջոցով մենք մշտական կապի մեջ ենք մեր հաճախորդների հետ, հատկապես՝ պրոբլեմատիկ մաշկ ունեցողների հետ,- ասում է Նանարը եւ շեշտում,- մեր նպատակը ոչ թե ապրանքատեսականին վաճառելն է, այլև արցախցիներին օգնելն ու գոհացնելը»:

Կարճ ժամանակահատվածում Նաիրիան խանութը ձեռք է բերել մշտական հաճախորդների անդավաճան շրջանակ: Նանարի խոսքով՝ գաղտնիքը արտադրանքի որակի ամենաբարձր չափանիշներն են:

«Մեր հայրենակիցները նախընտրում էին օգտագործել արտասահմանյան արտադրության կոսմետիկ միջոցները՝ մտածելով, որ եթե մերը չէ, ապա ավելի լավն է, որակյալ: Սակայն մեկ անգամ մեր արտադրանքը փորձելուց հետո մեր հաճախորդները համոզվել են, որ հայկական արտադրության միջոցները, մեր էկոլոգիան եւ բնությունը չեն կարող զիջել արտասահմանյանին»,- ասում է Արցախյան մասնաճյուղի ներկայացուցիչը:

Փոքրիկ խանութը նպատակների եւ ծրագրերի գագաթնակետը չէ: Նանարը նպատակ ունի հետագայում ընդլայնել խանութը: Բացի դրանից, ծրագրում է մշտական հաճախորդների նեղ շրջանակի համար այցելություն կազմակերպել Արագյուղ, որտեղ Նաիրիանի ընտրողները հնարավորություն կունենան մասնակցելու գարնանային վարդաքաղին, եթերայուղերի թորման եւ կորիզների ճզմման ընթացքին:

«Հորդորում եմ արցախցիներին նախապատվությունը տալ մերին՝ այդպիսով հարստացնելով եւ օգնելով մեր երկրին, որովհետեւ մերն ամենալավն է, ամենաբնականն է եւ անաղարտը: Եթե մենք դա հասկանանք եւ գիտակցենք, ապա Նաիրիանի արտադրության արտահանվող երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան, Հոնկոնգ, Կորեա եւ Մեծ Բրիտանիա շարքը է՛լ ավելի կընդլայնվի՝ այդպիսով ճանաչելի դարձնելով մերը, հայկականը:»,- եզրափակում է Նանար Շիրինյանը:

Լուսինե Թեւոսյան

1