Յուրաքանչյուր քայլափոխի մտածում եմ ապագա սերնդի գնահատականի մասին․ Սերգեյ Շահվերդյան
«Ապառաժ»-ը զրուցեց մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նորանշանակ նախարար, «Ապառաժ»-ի նախկին խմբագիր, դաշնակցական Սերգեյ Շահվերդյանի հետ:
— Ձեզ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելը, շատերի կարծիքով, նախագահ Բակո Սահակյանի ընդունած որոշումներից ամենաճիշտն է: Համակարծի՞ք եք այդ տեսակետին:
— Դժվար հարց եք տալիս: Ես չէ, որ պետք է գնահատականներ տամ նախագահի որոշումներին։ Վստահ եմ՝ պարոն նախագահը բազմաթիվ հանգամանքներ է հաշվի առել եւ հետո կատարել նշանակումները։
— Մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը մշակութային միջոցառումների կազմակերպման հարցում հաջողություններ է գրանցել: Հե՞շտ է արդյոք ստանձնել կառավարության մակարդակով ամենաաշխատատար ոլորտներից մեկի ղեկավարման պատասխանատվությունը:
— Ամեն դեպքում որեւէ բնագավառի պատասխանատվություն ստանձնելը հեշտ չէ՝ գոնե նրանց համար, ովքեր գիտակցում են, թե ինչ է նշանակում պատասխանատվություն ընդհանրապես։ Այն պատասխանատվությունը, որը մենք ունենք, էականորեն չի տարբերվում որեւէ այլ պատասխանատվությունից։ Դա պատասխանատվություն է երկրի, ժողովրդի, մեր երեխաների եւ քեզ նշանակողի առջեւ։
— Ի՞նչ է մշակույթը Ձեզ համար:
-Մշակույթը մեր շուրջն է՝ մեր ճարտարապետությունը, մեր փողոցների վիճակը, մեր երեխաների կողմից ընթերցվող գիրքը, հարսանիքների ծեսը, մեր հանրության կողմից լսվող երաժշտությունը, մեր դպրոցներում ստացած կրթությունը, իմ հագ ու կապը, ձեր հագ ու կապը: Իհարկե, պատկերացնել մշակույթն առանց թատրոնի, երաժշտարվեստի եւ արվեստի մյուս ճյուղերի անհնար է, եւ իմ պատկերացմամբ՝ դրանք առավելապես ազդեցիկ միջոց են մշակույթի փոխանցման համար:
— Ո՞րն է լինելու Արցախի մշակույթի զարգացման Ձեր ռազմավարությունը:
— Կարծում եմ՝ հարցադրումն այնքան էլ ճիշտ չէ. դա իմ ռազմավարությունը չէ, դա Արցախի Հանրապետության ռազմավարությունն է։
Թերևս, ամենակարեւորն այս պահին ոլորտի համընդհանուր քաղաքականության մշակումն է։ Այս փուլում փորձում ենք հասկանալ արդի իրավիճակի պատկերը եւ մշակում ենք քաղաքականություն, որպեսզի բավարարենք հանրության բոլոր խավերի մշակութային պահանջները, զուգահեռաբար՝ աշխատանքներ տանում այդ պահանջների մակարդակը բարձրացնելու նպատակով։
Ակնհայտ է արդեն, որ մշակույթի ապակենտրոնացման քաղաքականությունը պետք է ավելի խորացնել։ Մշակույթը պետք է հասանելի լինի բնակչության բոլոր խավերին ու մեր հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես սահմանամերձ բնակավայրերում։ Դա մեր առաջնային խնդիրներից է:
-Աշխատանքի ընդունման հարցում կարեւորում եք օտար լեզուների իմացությունը եւ նորարարական ու ստեղծագործական լինելու հանգամանքը: Մշակութային ոլորտում զգացվու՞մ է նման մարդկանց սակավություն:
— Ցավոք, նման մարդկանց պակաս զգացվում է մեր երկրի բոլոր բնագավառներում։ Մենք պետք է փորձենք եղած կադրերով շարունակել մեր ծրագրերի իրականացումը, բայց միշտ փնտրելով մեր ուզած պատրաստվածությունն ունեցող մարդկանց։ Երիտասարդության առումով դա մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Մեր երիտասարդները պետք է ավելի աչքաբաց ու տեղեկացված լինեն, իսկ դրա համար անհրաժեշտ է օտար լեզուների իմացություն, ինչն այսօր օրախնդիր է շատերի համար։ Այսօր արդիական տեխնոլոգիաներն այնքան են զարգացած, որ լեզու չիմանալով չես կարող համահունչ քայլել աշխարհի զարգացումների հետ։
— Հե՞շտ է արդյոք աշխատել Սերգեյ Շահվերդյանի հետ:
— Ասում են՝ հեշտ չէ /ժպտում է/:
— Ունե՞ք բանաձեւ, որով գնահատելու եք սեփական աշխատանքի արդյունավետությունը:
-Ամենաամոթալի, ամենաանընդունելի բանն ինձ համար կլինի այն, որ իմ երեխաները տարիներ հետո հարց տան՝ ինչու՞ եք նման երկիր կառուցել։ Յուրաքանչյուր քայլափոխս անում եմ այդ միտքն ունենալով՝ թե ինչ գնահատական կտա իմ աշխատանքին ապագա սերունդը։ Հենց այդ պատասխանատվությամբ եմ փորձում շարժվել իմ աշխատանքային պարտականությունները կատարելիս։
— Որպես նախկին լրագրող եւ «Ապառաժ»-ի խմբագիր՝ համամի՞տ եք այն մտքի հետ, որ Արցախի լրագրողները եւս պետք է վերահսկեն իշխանություններին:
— Ցանկացած իշխանություն գործում է հանրային պահանջարկի առկայության դեպքում, իսկ հանրային պահանջարկը դրսեւորվում է քաղաքացիական հասարակության միջոցով։ Լրատվական դաշտն ու լրագրողները իշխանություններին ու հասարակությանը կապող օղակն են ու միջանկյալ դաշտը: Որքան բաց ու օբյեկտիվ լինի տեղեկատվական դաշտը, այնքան արդյունավետ կլինի իշխանություններ-հասարակություն փոխհարաբերության կառուցումը, փոխադարձ պարտականությունների իրականացումն ու իրավունքների գիտակցումը:
— Հայկական հանրապետության մշակույթի նախարար հանդիսանալով հանդերձ՝ Ձեր ֆեյսբուքյան գրառումները հիմնականում ռուսերեն են: Ինչու՞:
— Ֆեյսբուքն այսօր քարոզչական միջոց է, ու տարիներ շարունակ լինելով զբոսաշրջության բնագավառի պատասխանատու՝ իմ առջեւ խնդիր էի դրել առավել լայն շրջանակների ներկայացնել իմ գրառումները։ Առավել լայն շրջանակ՝ նշանակում է ոչ այնքան հայկական շրջանակ, այլ օտարազգիներ՝ նրանց ուշադրությունը դեպի Արցախ սեւեռելու նպատակով։ Եթե ես պետք եղածի չափով տիրապետեի անգլերենին, իմ բոլոր գրառումները կանեի անգլերեն, որովհետեւ այդ գրառումներն ինքնանպատակ չեն, լսարանն էլ հայախոս չէ: Թեեւ հայերենի արդյունավետությունը քիչ է տվյալ դեպքում, սակայն՝ եթե կա հայերեն գրելու հանրային պահանջարկ, այսուհետ կգրեմ ե՛ւ ռուսերեն, ե՛ւ հայերեն։
— Հետաքրքիր է՝ ի՞նչ է ընթերցում մշակույթի նորանշանակ նախարարը:
— Զբոսաշրջության վարչության պետ նշանակվելուց հետո գրեթե կես տարի զբաղված էի միայն բնագավառի ուսումնասիրմամբ։ Նոր պաշտոն ստանձնելով ընթերցում եմ մշակութային քաղաքականությանը վերաբերող գրականություն՝ ավելի արդյունավետ աշխատելու նպատակով։
Ինչ վերաբերում է ամենօրյա ընթերցանությանը, ապա նախընտրում եմ դասական գրականություն: Կարծում եմ՝ 19-րդ դարի գրականությունը ուսանելի է եւ լուսավորող:
— Անդրադառնանք մշակույթի մյուս ոլորտին՝ երաժշտությանը. ո՞ր ժանրն եք նախընտրում:
— Ես մեծացել եմ երաժշտի ընտանիքում, մայրս երաժիշտ էր, եւ իմ նախասիրությունները շատ լայն են՝ հայկական ազգային, ավանդական երաժշտություն, էստրադային սիմֆոնիկ երաժշտություն եւ, իհարկե, ջազ։ Տաթեւիկ Հովհաննիսյանի կատարումներն են տարիներ շարունակում ինձ ոգեշնչում, գուցե այն պատճառով, որ պատանեկության տարիներին ջազի հետ ծանոթությունս սկսել է հենց նրա կատարումներով: Ինձ համար անփոխարինելի է Կոմիտասը: Իմ աշխատանքային համակարգչի երգացանկը կազմված է հենց նրա կատարումներից։
— Բազմազավակ հայր եք՝ ունեք 4 երեխա: Երեխաների դաստիարակության հարցում ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:
— Բազմազավակ ծնողն իրականում իմ կինն է, ոչ թե ես։ Ցավոք, շատ քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել երեխաներիս, բայց փորձում եմ օգնել նրանց լինել առավել աչքաբաց, տեղեկացված, ինչքան հնարավոր է՝ շատ ընթերցեն։
Համոզված եմ՝ երեխան դաստիարակվում է հիմնականում ծնողների օրինակով։ Հետևաբար, եթե ուզում ենք, որ մեր երեխաներն անթերի լինեն, մենք՝ ծնողներս, պետք է լինենք այդպիսին:
Զրուցեց Լուսինե Թեւոսյանը