Մտորումներ կրթական համակարգի և քաղաքականության շուրջ
Գլխավոր » Երիտասարդական » Մտորումներ կրթական համակարգի և քաղաքականության շուրջ

Մտորումներ կրթական համակարգի և քաղաքականության շուրջ

Արցախի կրթական համակարգի խնդիրների, կնոջ քաղաքական ու կուսակցական գործունեության մասին «Ապառաժ»-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Սիրանուշ Սարգսյանի հետ:

 

Հարգելի Սիրանուշ, աշխատանքի բերումով հաճախակի եք առնչվում կրթական համակարգին և առկա խնդիրներին, ըստ Ձեզ ո՞րոնք են մեր կրթական համակարգի հիմնախնդիրները:

 

Կրթության համակարգի խնդիրները բազմազան են ու բազմաշերտ: Հայկական կրթական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի, սկսած խորհրդային դպրոցից, որը հիմնված է ավելի շատ տեսական գիտելիքների վրա և կիրառական գիտելիքներ չի տալիս: Դպրոցների դերակատարությունը մասնագիտական կողմնորոշման նախապատրաստման գործում և, առհասարակ, քաղաքացի կերտելու գործում բավական թույլ է: Այսօրվա դպրոցը չի կարողանում գիտելիքը որպես ինտելեկտուալ ապրանք ու արժեք մատուցել: Իհարկե, արևմտյան դպրոցներն էլ իրենց խնդիրներն ունեն: Նույնիսկ ամենազարգացած կրթական համակարգ ունեցող երկրներն էլ քննադատվում են հենց նրա համար, որ ոչ թե գիտելիքն է կարևորվում, այլ դպրոցները կարծես բիզնեսի են վերածվել և ուղղակի մրցակցություն է համատարած թեստերի ու տարբեր գնատահման չափանիշների միջոցով նոր աշակերտներ ներգրավելու համար, և այդ վազքը խանգարում է համապատասխան կրթական միջավայր ձևավորելուն:

 

Մեր կրթական համակարգի մյուս խնդիրն, իմ կարծիքով, ինստիտուցիոնալ ճգնաժամն է, երբ փորձ է արվում որևէ երկրի կրթական համակարգ կրկնօրինակել, որը, սակայն, ձևից բովանադակություն չի ստանում: Կարծես թե կատարվում են բազմաթիվ բարեփոխումներ կրթական համակարգում, բայց մենք ցանկալի արդյունք չենք կարողանում ապահովել: Գուցե  հենց կրթական հեղափոխություն է պետք: Ուզում եմ հղում անել արևմտյան կրթության տեսաբաններից մեկին՝ Քեն Ռոբինսոնին, ով ժամանակակից կրթական համակարգը համեմատել է ֆաստֆուդի, այսինքն միօրինակության և այն ռեստորանների հետ, որոնք փորձում են սնունդը տեղայնացնել, համապատասխանեցնել տեղական հանգամանքներին: Ես կարծում եմ,  որ մեր կրթական համակարգը չպետք է ֆաստֆուդի վերածենք, այլ, հիմնվելով ընդունված կրթական արժեքների ու տեղական մեր յուրօրինակությունների վրա, կրթական հեղափոխություն անենք:

 

Մեր օրերում շատերը, հատկապես՝ իգական սեռի ներկայացուցիչները, խուսափում են որևէ քաղաքական ուժի բացահայտ հարելուց: Հետաքրքիր է, ինչպե՞ս որոշեցիք դառնալ կուսակցության, հատկապես ՀՅԴ անդամ:

 

Երևի գաղտնիք չէ, որ Արցախում Դաշնակցությունը որոշ շրջաններում ու համայնքներում ավելի կենտրոնացված է, քան մյուսներում: Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ շրջապատված չեմ եղել «դաշնակցական մթնոլորտով»: Դաշնակցության մասին իմ պատկերացումներն ու հետաքրքրությունները ձևավորվել են քաղաքականության հանդեպ հետաքրքության հետ զուգահեռ: Այն, ինչ ես ուզում էի քաղաքականության մեջ, միշտ զուգորդել եմ և հիմա էլ միայն կապում եմ Դաշնակցության հետ: Միայն Դաշնակցության միջոցով եմ տեսնում բոլոր այն խնդիիրների լուծումը, որոնք ծառացած են մեր երկրի առջև. ինչն էլ ինձ բերեց Դաշնակցություն:

 

Ինչպե՞ս եք պատկերացնում կնոջ դերը քաղաքականության մեջ: Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է կնոջ քաղաքական գործունեությունը:

 

21-րդ դարում նման հարցադրումն արդեն իսկ խտրականության տարրեր է պարունակում: Իհարկե, հասկանում եմ, դուք դիտարկում եք հայ կնոջ տեսանկյունից: Միանշանակ գտնում եմ, որ կինը իր հաստատուն տեղը պետք է ունենա քաղաքականության մեջ, ընդ որում ոչ միայն որպես կատարող, այլ նաև իր որշումներով կարողանա ազդել քաղաքական գործընթացների վրա ու հետևողական լինել դրանց իրագործմանը: Եվ մեր պատմության մեջ էլ ունենք հայ կնոջ արժանապատիվ, խորիմաստ ու քաջ գործունեության և, ինչո՞ւ չէ՝ նաև կառավարման բազմաթիվ օրինակներ:

 

Մենք գիտենք, որ դուք կուսակցության բավականին ակտիվ անդամ եք, նաև Ստեփանակերտի կոմիտեության խմբերից մեկի խմբապետը, արդյոք հե՞շտ է համատեղել կուսակցական գործունեությունը գործնականի և անձնական կյանքի հետ:

 

Դաշնակցության մեջ խումբը առաջին բջիջն է և, կարծում եմ, ամենակենսունակը պետք է լինի: Ես սա կարևոր առաքելություն եմ համարում, չնայած առիթ եմ ունեցել նաև քաղաքային կոմիտեության մեջ պատասխանատու աշխատանք ստանձնել, բայց խումբը և խմբի աշխատանքը համակարգելը առավել պարտավորեցնող է: Խմբում են ծնվում նոր մտքեր, գեներացվում գաղափարներ, կարծիքների բախումներ են լինում, կուսակցության զարկերակը հենց խմբերն են և պետք է շատ աշխատենք այն կենսունակ պահել:

 

Իհարկե, հաճելի է, որ արդեն ոչ առաջին անգամ այս գործը խմբում ինձ են վստահում և սա ևս կարծրատիպ կոտրելու լավ հնարավորություն է, հատկապես՝ մեր ավանդական կուսակցությունում, որտեղ տղամարդիկ ավելի շատ են, ու դա շատ օբյեկտիվ է` հաշվի առնելով կուսակցության պատմական անցյալը, նրա առաջնահերթությունները: Բայց հենց իմ և իմ քաջ ու նվիրյալ կուսակցական ընկերուհիների օրինակով պետք է կոտրենք սեռերի միջև այդ դիսբալանսը:

 

Ու հաճելի է, որ մեր գալիք կուսակցական սերունդը շատ խելացի ու նվիրյալ աղջիկներով է համալրվում: Սա իսկապես կարևոր է նաև հանրության ընկալման մեջ մեր կուսակցության հանդեպ զուտ տղամարդկանց կուսակցություն լինելու կարծրատիպը կոտրելու համար:

 

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կարծում եմ, չի խանգարում, հակառակը, ստիպում է, որ ավելի կազմակերպված ու պլանավորված աշխատենք:

 

Քանի որ արդեն տարեվերջ է, հետաքրքիր է, ի՞նչ է տվել անցնող տարին և ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք 2017 թվականից:

 

Անձնական առումով այս տարին ինձ համար շատ կարևոր էր: Ես նոր մասնագիտություն ստացա և հույս ունեմ, որ գիտելիքներս կիրառելի կլինեն հետագայում, թե՛ մեր կուսակցության մեջ տարվող աշխատանքերում, թե՛ առհասարակ հանրության հետ աշխատելու ժամանակ: Բայց իմ հաջողությունները և ձախողումները անմիջական կապ ունեն իմ երկրի ձեռքբերումների ու կորուստների հետ: Այս տարին բավական մարտահրավերներ պարունակող տարի էր Արցախի համար՝ սկսած ներքաղաքական մարտահրավերներից և իհարկե, ապրիլյան պատերազմը, որը շատ մեծ հետևանքներ ունեցավ ռազմական, քաղաքական, տնտեսական և իհարկե, բարոյահոգեբանական առումով: Ցավոք սրտի, պատերազմը այն շատ թանկ գինն է, որ մենք վճարում ենք դեռևս փխրուն խաղաղության համար: Եվ սա ամեն մեկիս պարտավորեցնում է, որպես քաղաքացի, որոշակի պոզիտիվ դերակատարության ունենալ մեր երկրի անվտանգության ու խաղաղաշինության գործում:

 

Շնորհակալություն հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար:

 

 

 Հարցազրույցը՝  Տաթևիկ Աղաջանյանի

1