«Միստիկ երկիր Առան». հոգեւոր հայացք եւ ուղերձ հայ ժողովրդին

Անունն էությունից է բխում, էությունից էլ բխում է առաքելությունը…
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Առատ ցախ, բերրի այգի՝ Առան, նույն ինքը՝ Արցախը: Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արցախի թեմի 30-ամյակի առթիվ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ջալալյանների նշանավոր տոհմի զավակ Արթուր Ջալալովը, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը եւ սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանը բռնել են դարեր շարունակ Մեծ Հայքի անբաժանելի մաս հանդիսացող Առանի ճշմարտության ճանապարհի հետքերը, հասկանալու համար, թե «ով է» Առանը, որտեղից է գալիս եւ ուր է գնում:
Շուրջ երեք ամիս տեւած ճանապարհ-առաքելությունն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի էկրանին էր՝ «Միստիկ երկիր Առան» վավերագրական-խաղարկային ֆիլմի տեսքով:
Ֆիլմը փորձ է մոտենալու Արցախի գաղտնիքին ու առաքելությանը եւ ուղերձ հայ ժողովրդին…
Փորձել ենք մոտենալ Արցախի հոգուն
Ֆիլմի սցենարի հեղինակ Լեւոն Գալստյան
«Արցախի մասին գրվել, նկարահանվել եւ այսուհետ էլ գրվելու է եւ նկարահանվելու: Կլինեն բազում փաստավավերագրական ֆիլմեր, որոնք ամեն անգամ նոր լույս կսփռեն տեղի ունեցած իրադարձություններից, ավելի ընկալելի կդարձնեն Արցախի փառավոր պատմությունը:
Մեր խնդրո առարկան փոքր ինչ այլ էր: Սա հոգեւոր հայացք է Արցախի ֆենոմենին, նրա գոյատեւման գաղտնիքին:
Ինչպես մարդն ունի մարմին ու հոգի, այնպես էլ՝ երկիրը։ Եվ մենք փորձել ենք մոտենալ Արցախի հոգուն, եւ դա հնարավոր էր միայն հոգեւոր հայացքով: Հասկանալ, թե որն է այն առաքելությունը, այն մեծ առաքելությունը, որն ունի այս երկիրը՝ ոչ միայն իր գոյատեւման եւ զարգացման համար, այլեւ լայն համատեքստում, համամարդկային քաղաքակրթության հետագա ընթացքի մեջ: Եվ գուցե հենց այստեղ է վճռվում այդ նույն մարդկության հետագա ընթացքը»:
Բելը քնած չէ…
Հայր Գեղարդ
«Մեր իրականության մեջ ամեն մեկս կարիքն ունենք մեր պատմությունը վերհիշելու, մեր պատմության էջերը թերթելու եւ դասեր քաղելու:
Ֆիլմի մեջ հաճախակի շեշտադրվում է, որ Բելը քնած չէ, մեզ համար կարեւորը դա է: Գիտակցել, թե մեր կյանքի մեջ ինչ դեպքեր եւ դիպվածներ են լինում, ինչից բխելով ու ինչի համար: Եվ ֆիլմի կարեւորագույն առաքելությունը մեզ հիշեցնելն է, մեր մեջ արթնացնելն է հայու ոգին, այն, որ ասում է՝ ես կանգնած եմ հողիս վրա եւ կանգնած եմ ամեն ինչի առաջ:
Ֆիլմը շատ լուսավոր է, ֆիլմն ունի պատմություն, ներկայացնում է պատմություն եւ այլեւս պատմության մի դրվագ է: Ֆիլմն իր ամբողջ սցենարով մեր պատմության մեջ միակն է, որը ցույց է տալիս եւ կյանքը, եւ մարդու ապրելակերպը եւ այն, ինչ լինելու է, եթե մենք գիտակցենք…»:
Լուսինե Թեւոսյան