Միջոցառում նվիրված Պետոյի հիշատակին
Այսօր Ստեփանակերտում մեծ շուքով նշվեց Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի ծննդյան 50-ամյակը :
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրաստիճան այրեր, զինվորականներ, քաղաքացիներ:
Միջոցառումը սկսվեց Պետոյի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:
Ելույթներով հանդես եկան Պետոյի մարտական ընկերները: Գնդապետ Դավիթ Մանուկյանը խոսեց Պետոյի մարդկային հատկանիշների և հմտությունների, անձնական օրինակով մյուսներին օրինակ ծառայելու մասին: Պետոյի մարտընկեր Իգոր Սարգսյանի խոսքերով՝ Դաշնակցական Պետոյին հասկանալու համար պետք է հասկանալ Նիկոլ Դումանին, Արամ Մանուկյանին, Դրաստամատ Կանայանին, Նժդեհին և մյուս հերոսներին: Նա նշեց նաև, որ Պետոն ասում էր. <<Կյանքի համար անհրաժեշտ է պայքարել, չծուլանալ, քանի որ՝ հենց ծուլացար, պարտվելու ես>>: Ելույթով հանդես եկավ նաև Պետոյի մարտական և ուսանողական ընկեր, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը, ով մանրամասն պատմեց վիրավոր ազատամարտիկի կյանքը փրկելու ժամանակ Պետոյի խիզախ ու անձնվեր մահվան մասին:
Պետոյի կողմից իր կյանքը փրկած վիրավոր ազատամարտիկ Արմեն Մարտիրոսյանը իր խոսքը սկսեց հետևյալ տողերով. <<Պետոն իմ կյանքն է, իմ շունչը…>>: Նա Պետոյի մահից 10 տարի հետո ծնված որդուն Պետո է կոչել:
Ելույթ ունեցավ նաև Պետոյի ավագ քույր Սիլվա Ղևոնդյանը, ով նշեց՝ ուրախ է, որ Արցախն անկախ է և իր եղբոր գործը շարոնակվում է:
Պետոյի և նրա սխրանքների մասին հուշերով հանդես եկավ նաև ԼՂՀ փոխվարչապետ, Պետոյի մարտական և կուսակցական ընկեր Արթուր Աղաբեկյանը: Նա խոսեց Պետոյի բնավորության և նրա յուրահատուկ ժպիտի մասին, նաև պատմեց Պետոյի ապրումների մասին, երբ ընկավ Շահումյանը: Արթուր Աղաբեկյանը նաև ներկայացրեց Պետոյի հայեցի ընտանիքի մասին, ինչն ընդգծված էր Պետոյի բնավորության մեջ:
Պետոյի հիշատակին ձոնված երգերով հանդես եկան ԼՂՀ պաշտպանության բանակի <<Ասպետ>> համույթը և Պետոյի մարտական ընկեր, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը:
Ասմունքով և ներկայացմամբ հանդես եկան ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի՝ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող դպրոցի սաները: