Մեր սերնդի արածը բավարար կլիներ, եթե պատերազմին վերջակետ դնեինք. չթողեցին…
Երկուշաբթի՝ խմբագրակազմի հերթական ժողովի ժամանակ խմբագիրս դեղնավուն թղթի վրա գրված մի հեռախոսահամար փոխանցեց՝ հանձնարարելով նյութ պատրաստել պատերազմի մասնակից, Պատարայի ինքնապաշտպանական ջոկատի հիմնադիրներից մեկի՝ դաշնակցական Գուլիվերի մասին։ Ջոնաթան Սվիֆթի արկածային գրքի հերոսի անունը լսելով՝ իսկույնեւեթ հարցրի, թե՞ իրոք այդպես է այդ մարդու անունը։ «Անունը Սուրեն է, բայց բոլորը նրան գիտեն՝ որպես Գուլիվեր»,- եղավ պատասխանը։ Սուրեն Օհանյանի հետ հանդիպեցինք երկու օր անց։
Միջին հասակի, ճերմակ մազերով, ոտքից կաղացող Սուրեն Օհանյանը ծնվել է 1956 թվականին։ Պատարայի դպրոցն ավարտելուն պես մեկնել է Մերձբալթիկա՝ ծառայելու։ Բանակում ստացած գիտելիքները մի քանի տարի անց կիրառեց Արցախյան շարժման տարիներին։
Գյուղի տղաներին հավաքելու խնդիր չկար, կար միայն զենքի խնդիր՝ հիշում է զրուցակիցս: «Գյուղացիները պահած վերջին կոպեկները հանեցին եւ համագյուղացիներից մեկի օգնությամբ կարողացանք Երեւանից զենք ձեռք բերել։ Այդպես բոլորը զենքը ձեռքն առան եւ ելան մարտի»,- պատմում է նա։
Պատարայի ինքնապաշտպանական ջոկատի գործառույթը կրկնակի էր, քանի որ պետք էր թուրքաթափել եւ՛ գյուղի վերեւի հատվածում՝ «Լիսապելնի զավոդ» կոչվող տարածքում ապրող ադրբեջանցիներին, եւ՛ չթողնել թշնամու առաջխաղացումն Ակնայի ուղղությամբ։
Ս․Օհանյանը մինչ օրս հիշում է պատերազմի տարիների յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր դեպքը․ «Հերթով կարող եմ պատմել, թե որ օրը ինչ եմ արել եւ որտեղ եմ կռվել։ Այդ օրերը հիշարժան են եւ չափազանց թանկ մոռանալու համար»։
Ազատամարտիկը պատմում է, որ այն տարիներին մեծ խոչընդոտ էին պատճառում օմոնականները։ Ասում է, որ նրանց վրա հարձակվելը վտանգավոր էր, քանի որ գալիս էին տանկերով ու սպառազինված, եւ կարող էին հողին հավասարեցնել գյուղը։ Միակ ելքը անտառում թաքնվելն էր։ Սակայն, գնալով զենքերն ավելացան եւ տղաների մարտական ոգին է՛լ ավելի բարձրացավ։ Մեծ դեր խաղացին նաեւ սփյուռքից ժամանած հայրենակիցները։
Սուրենը պատերազմի ժամանակ է Գուլիվեր մականունը ստացել։ Մարտական ընկերներն ասում են, որ նա շատ ուժեղ էր եւ ձեռքի մի հարվածով կարող էր օդ շպրտել ցանկացածին։ Այդպես, անարդար քայլ արած մի երիտասարդի նա այնպիսի հարված հասցրեց, որ ռուսաստանից գյուղ եկած երեխաներից մեկը գոռաց․ «վոտ Գուլիվեր, վոտ ուդարիլ»: Սա է Գուլիվեր մականվան պատմությունը։
Գուլիվերը պատերազմի տարիներին երկու անգամ վիրավորվել է։ Ակնայի թեժ մարտերի ժամանակ նռնակն ընկել էր նրա պարանոցի հատվածում, անշարժացել էր։ Ընկերները մտածում էին, թե զոհվել է։ Սակայն, երբ երկրորդ նռնակն ընկավ նրա կողքին եւ բեկորը կպավ ազդրին, նա ճչաց։ Ընկերները խորը շունչ քաշեցին եւ շտապեցին մարտական ընկերոջը տեղափոխել հոսպիտալ։
«Բացի մեկ բեկորից, բոլորը հեռացրել են։ Այս մեկն էլ որպես հուշ է մնացել»,- ժպտում է։
Բազմաթիվ մեդալներ ստացած ազատամարտիկն այսօր զբաղվում է անասնապահությամբ։ Ասում է՝ բոլոր խնդիրները կարելի է հաղթահարել, միայն թե՝ էլ ոչ ոք չզոհվի։
«Մեր սերնդի արածը բավարար կլիներ, եթե պատերազմին վերջակետ դնեինք։ Չթողեցին: Թեկուզեւ քիչ էինք, բայց այն ժամանակ կարելի էր այս հարցին վերջնական լուծում տալ»,- ասում է Սուրեն Օհանյանը։
Սուրենը հիշում է, որ այն ժամանակ ոչ ոք ուտելիք չէր բերում դիրքեր։ Տնից ամեն ինչ պատրաստ տանում էին։ Լինում էր, երբ նախքան հերթափոխը ուտելիքը վերջանում էր։ Դիրքերը թողնելը՝ նշանակում էր հանձնել, այդ պատճառով տղաներից մեկը գնում էր մոտակա գյուղ՝ հաց բերելու։ «Հիշում եմ՝ յոթ հոգով թոնրի երկու հացը կիսեցինք ու երկու օր էլ դիմացանք, մինչեւ մեզ փոխեցին,- ասում է ազատամարտիկը եւ շարունակում,- ամեն օր կռիվ էր։ Այն տարիներին խրամատ չկար։ Շաբաթներով բաց երկնքի տակ էինք կռվում՝ անձրեւի, ձյան տակ։
Սուրեն Օհանյանն ասում է, որ թեւեւ Արցախյան պատերազմի հաղթանակն անիրականանալի էր թվում, քանի որ մենք փոքրաթիվ էինք, սակայն նա միշտ զգում էր, որ իրականություն է դառնալու։
«Հարցը պետք է լուծվի մեր օգտին, միանշանակ։ Միակ վատ բանն այն է, որ գրեթե ամեն օր զոհ ենք ունենում։ Այդ երիտասարդները մեր ապագան են. մենք քիչ ենք եւ չպետք է թողնենք, որ դա շարունակվի»,- ասում է նա։
Ապրիլի երկուսի վաղ առավոտից Պատարայի լեռներում էր՝ ավելուկ հավաքելու էր գնացել։ Տեղանքը բարձր էր եւ սարից ձայներ էին լսվում։ Հեռախոսակապն էլ լավ չէր բռնում։ Զգում էր, որ սովորական դիվերսիա չէ։ Կանխազգացումը հաստատեց աղջկա հեռախոսազանգը, ով հայտնեց պատերազմի սկսման լուրը։ Անմիջապես թողեց գործը եւ իջավ գյուղ։ «Վստահ եմ մեր սերնդի վրա, վստահ եմ, որ հարցը կլուծվի մեր օգտին, մնում է դրանց՝ ադրբեջանցիներին դուրս հանել խրամատներից, որից հետո նրանք կդիմեն փախուստի, իսկ մենք կհասնենք Կասպից ծովի ափ եւ լողանալ կսովորենք»,- լավատեսությամբ եզրափակում է Սուրենն իր խոսքը։
Լուսինե Թեւոսյան