Մեր հիմնական նպատակներից մեկն է Մերձավոր Արևելքում Արցախի ճանաչողությունը բարձրացումը
Հուլիսի 20-22-ը Արցախում էին Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի առիթով Ստեփանակերտում տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն։ Խորհրդակցության մասնակիցները մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել ԱԳՆ-ում։ Արցախի դիվանագետներին ընդունել է նաև Նախագահ Բակո Սահակյանը և տվել համապատասխան հանձնարարականներ։
Պետո Դեմիրճյանի խոսքերով Մերձավոր Արևելքում Արցախի մշտական ներկայացուցչությունը, ի թիվս այլոց, հանձնարարական են ստացել աշխատելու գործարար շրջանակների հետ՝ Արցախում տնտեսությունում ներդրումների ներգրավման ուղղությամբ: «Քաղաքական գործունեությունից բացի մենք հավելյալ ջանք պետք է թափենք, որպեսզի աշխատենք պոտենցիալ ներդրողների հետ և ճիշտ ձևով ուղղորդենք նրանց: Խորհրդակցության ժամանակ մեզ նաև տեղեկատվություն է տրամադրվել այն մասին, թե ինչ ծրագրեր կարելի է իրագործել և ինչպիսի հարկային արտոնություններ են նախատեսված ներդրողների համար»,-նշել է Պետո Դեմիրճյանը։ Նա ավելացրել է, որ ներկայացուցչությունն աշխատանքներ կտանի նաև քաղաքական և տեղեկատվական ոլորտներում։
Ինչ վերաբերում է մայիսին Մարտակերտ և ԲուրջՀամուդ, Կովսական և Այնճար քաղաքների միջև կնքված համագործակցության մասին համաձայնագրերին, ապա թե Այնճարի և թե Բուրջ Համուդի քաղաքապետերը արդեն մեկական ճանաչողական այց կատարել են դեպի Արցախ և քննարկում են գործնական ոլորտում իրար հետ աշխատելու ծրագրերը:
«Մեր հիմնական նպատակներից մեկն է Մերձավոր Արևելքում Արցախի ճանաչելիության մակարդակի բարձրացումը, իսկ ինչ վերաբերում է Արցախի միջազգային ճանաչմանը, այն ԱՀ ԱԳՆ և ներկայացուցչությունների գործունեության առաջնահերթ ուղղություններից է»,- նշել է Պետո Դեմիրճյանը: