Մեր համագործակցությունը միտված է ներքին ու արտաքին մարտահրավերների դիմակայմանը
Գլխավոր » Լրահոս » Մեր համագործակցությունը միտված է ներքին ու արտաքին մարտահրավերների դիմակայմանը

Մեր համագործակցությունը միտված է ներքին ու արտաքին մարտահրավերների դիմակայմանը

ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանն ամփոփել է անցնող տարին:

 

 — Ինչպե՞ս եք գնահատում տարին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից:

 

— Խոսելով 2017 թվականի մասին՝ չենք կարող շրջանցել 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները եւ դրան հաջորդած ժամանակաշրջանը: Լուրջ ակնկալիքներ ունենալու որեւէ միտում մենք չունեինք, մանավանդ՝ նկատի առնելով այն փաստը, որ 2016 թվականի ապրիլից հետո կայացած Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ մնացին զուտ պայմանավորվածություններ:

Իհարկե, կարելի է առանձնացնել նաեւ այն առաջընթացը, որն արտացոլվեց նախագահների և արտաքին գործերի նախարարների հանդիպումների մակարդակով: Այնուհանդերձ, այստեղ պետք է նկատի առնել նաեւ այն, որ Ադրբեջանը փորձում էր դեպի փակուղի տանել Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը: 2017 թվականի հայկական դիվանագիտության որոշակի առաջընթացին զուգընթաց՝ ադրբեջանական դիվանագիտությունը նահանջ էր ապրում: Այդ հանգամանքը որպես այդպիսին լուրջ եւ շոշափելի արդյունքներ չի ապահովել, բայց այնուհանդերձ ընդհանուր կայունության, խաղաղության եւ նաեւ ստատուս քվոյի ապահովման առումով ունեցել ենք կարեւոր ձեռքբերում:

— 2017 թվականին Արցախի ներքին քաղաքական կյանքում ի՞նչ իրադարձություններ կառանձնացնեիք:

 

— Տարին հիմնականում ողողված էր սահմանադրական բարեփոխումների եւ նախագածի դրան հաջորդած քաղաքական անցուդարձերով՝ նախագահի ընտրություն, կառավարության կազմավորում եւ օրենսդրական փոփոխությունների գործընթաց:

— Չնայած որ Դաշանկցությունը դեմ է քվեարկել Սահմանադրության նախագծին, այնումենայնիվ մնաց որպես իշանության մի մաս: Արդյո՞ք այդ կեցվածքը չի ազդել մյուս իշխանական կուսակցությունների հետ համագործակցության վրա:

 

— Ժամանակին մենք տվել ենք Սահմանադրության նախագծին դեմ լինելու եւ Դաշնակցության իշխանության մաս մնալու հանգամանքի մասին բոլոր մեկնաբանությունները ու բացատրությունները: Խոսել ենք նաեւ ապագա անելիքների մասին, եւ նշեմ, որ ոչ միայն Դաշնակցություն-իշխանություն, այլ նաեւ Դաշնակցություն-քաղաքական այլ ուժեր հարաբերությունների կոնտեքստում որեւէ փոփոխություն եւ քաղաքական հարաբերությունների նահանջ չի արձանագրվել: Մենք բնականոն ընթացքով շարունակում ենք մեր համագործակցությունը խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:

Մեր համագործակցությունը միտված է հիմնականում երկրի ներքին ու արտաքին մարտահրավերների դիմակայմանը, եւ, այդ իսկ առումով՝ սահմանադրական բարեփոխումենրը եւ նոր սահմանադրության ընդունումը չէին կարող խաթարել այդ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ քաղաքական համագործակցության հեռանկարները:

— Դաշնակցությունն առաջադրեց Բակո Սահակյանի թեկնածությունը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՀ նախագահից:

 

— Հերթական անգամ առաջադրելով եւ ընտրելով Բակո Սահակյանի թեկնածությունը՝ մենք որեւէ նոր շեշտադրումների, նոր ակնկալիքների եւ ձեւակերպումների անհրաժեշտություն չունեինք:

Դաշնակցության ակնկալիքները նախագահ Բակո Սահակյանից շարադրվել են դեռեւս 2007 եւ 2012 թվականներին: Այն ուղղությունները, որոնք մենք որդեգրել էինք անցած 10 տարիների ընթացքում, ամրագրել էինք մեր համագործակցության դաշտում: Բնականաբար, հենց այդ  ուղղություններն էին մեզ համար գերակա՝ ներքին եւ արտաքին հիմնախնդիրների հաղթահարում, տնտեսական կայունություն, քաղաքական համախոհության մթնոլորտի պահպանում: Նշվածս ոլորտներում հաջողությունների արձանագրման եւ հիմնախնդիրների հանգուցալուծման անհրաժեշտությունից էր բխում Բակո Սահակյանի թեկնածության առաջադրումը եւ հետագա պաշտոնավորումը:

— Գո՞հ եք նորակազմ կառավարության կազմից:

 

— Դժվար է գնահատական տալ մի քանի ամսվա կյանք ունեցող կառավարության գործունեությանը: Մեր գնահատականը, կարծում եմ, կարող ենք տալ նվազագույնը 1-1,5 տարի անց:

Այստեղ կուզենայի մեկ անգամ ևս բարձրաձայնել մի կարևոր հանգամանքի մասին: Մեզ այդպես էլ չհաջողվեց Սահմանադրության նախագծում կառավարության կառուցվածքի ձևավորումը վերապահել խորհրդարանին, սակայն Բ. Սահակյանի կողմից  ներկայացված ծրագիրը հուսադրող է առաջիկա 2,5 տարվա համար: Պետք է փորձենք մասնակիցն ու աջակիցը լինել կառավարության հաջողությունների արձանագրմանը:

— Դաշնակցության ներկայությունն Արցախում լայնատարած է. ունեք կոմիտեություններ Արցախի բոլոր շրջաններում: Տարվա կտրվածքով ի՞նչ գործունեություն են ծավալել կուսակցական կառույցները:

— Որպես քաղաքական ուժ՝ ՀՅԴ Արցախի կառույցի հարցերի հարցը մնում է երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերների դիմակայմանը ուղղված գործունեության դաշտի ապահովումը: Դրանից զատ յուրաքանչյուր շրջան սահմանում է իր տարեկան ծրագիրը՝ տեղական եւ տեղայնական մի շարք հիմնախնդիրներ հաշվի առնելով:

2017 թվականին սահմանադրական բարեփոխումների գործընթացից զատ ՀՅԴ Արցախի կառույցը որոշակի քննարկումների դաշտ է ապահովել երկու կարեւոր հարցերի շուրջ՝ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի ընդունման եւ գյուղի ու գյուղատնտեսության նկատմամբ որդեգրվելիք նոր քաղաքականության արմատավորուման հարցերի շուրջ: Այս երկու հարցերը դարձել են Արցախի ներկուսակցական քննարկումների նյութ, որի շուրջ աստիճանաբար բյուրեղանում են նաեւ մեր ընդհանուր տեսակետները, իսկ ապագայում՝ նաեւ կեցվածքը:

— Ի՞նչ ձեռքբերում է գրանցել այս տարում  ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը:

— Ինչպես եւ մեր շրջանային կառույցները, այնպես էլ երիտասարդական միությունն ունի իր տարեկան ծրագիրը: Տարեկան ծրագրին մաս են կազմում ոչ միայն ներարցախյան, այլ նաեւ համահայկական միջոցառումները, որոնք իրականացնում կամ որոնց մասնակիցն են դառնում արցախցի դաշնակցական երիտասարդները: Համահայկական այդ ձեռնարկների մի մասը իրականացվում է Արցախում, այդպիսով մասնակից դարձնելով ոչ միայն դաշնակցական, այլ նաեւ տարբեր երիտասարդական միությունների ներկայացուցիչներին:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Արցախի երիտասարդական դաշտը ամբողջականացնել, բյուրեղացնել եւ համախմբել կառույցն է հանդիսացել: Նա միշտ էլ եղել է առաջնորդողի եւ դրոշակակիրի դերում: Այդ դերը վերջին տարիներին որոշակիորեն նվազել եւ առաջիկայում մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք Դաշնակցության երիտասարդական միությանը, մանավանդ՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ հայ իրականության մեջ դաշնակցական երիտասարդը միշտ ունեցել է իր տեղն ու դերը: Սա պետք է լինի ոչ միայն անցյալի, այլ ներկայի եւ ապագայի իրողություն:

— Գալիք տարում ի՞նչ նպատակներ է իր առաջ դրել ՀՅԴ Արցախի կառույցը ներկուսակցական կյանքի եւ երկրի զարգացման առումով:

— ՀՅ Դաշնակցության նպատակները որդեգրվել են դեռեւս 127 տարի առաջ եւ միտված են համահայկական նպատակների եւ հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

Լինելով համահայկական կառույցի մի փոքր մասնիկ՝ ՀՅԴ Արցախի կառույցը առաջնորդվում է Դաշնակցության ընդհանուր եւ շրջանային ժողովների որոշումներով ու բանաձեւերով, որոնք միտված են ներազգային, ներպետական եւ ներկուսակցական հարցերին:

2018 թվականի հունվարին տեղի է ունենալու ՀՅԴ Արցախի կառույցի շրջանի գերագույն ժողովը, որտեղ կքնարկվեն անցած երկու տարվա կատարված աշխատանքները, կտրվեն գնահատականներ և կսահմանվեն առաջիկա երկու տարվա անելիքները՝ համապատասխան որոշումների եւ բանաձեւերի ընդունմամբ:

— Ի՞նչ պատգամ ունեք Արցախի ժողովրդին 2018 թվականի շեմին:

 

— Շնորհավորում եմ մեր ժողովրդին, հայ զինվորին գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով: Հուսանք, որ 2018 թվականը հայ ժողովրդի համար կլինի հաջողությունների, առաջընթացի, նաեւ ձեռքբերումների տարի՝ քաղաքական, տնտեսական եւ բոլոր առումներով:

«Ապառաժ»

1