Մենք պատերազմում ընկած մեր ընկերներին պատասխան պետք է տանք, պետք է նայենք նրանց աչքերին. Գագիկ Մարտիրոսյան
Գլխավոր » հարցազրույց » Մենք պատերազմում ընկած մեր ընկերներին պատասխան պետք է տանք, պետք է նայենք նրանց աչքերին. Գագիկ Մարտիրոսյան

Մենք պատերազմում ընկած մեր ընկերներին պատասխան պետք է տանք, պետք է նայենք նրանց աչքերին. Գագիկ Մարտիրոսյան

Հարցազրույց Շուշիի ազատագրման մասնակից, ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանակիր Գագիկ Մարտիրոսյանի հետ

 

-Շուշիի ազատագրման մասին խոսելիս ոչ միայն մենք` հայերս, այլեւ շատ ազգերի ներկայացուցիչներ նշում են այն` որպես իրական սխրագործություն: Ի՞նչ կասեք դուք` որպես Շուշիի ազատագրման մասնակից:

 

 

— Ակնկալում էի, որ առնվազն մեկ շաբաթ կտեւի Շուշիի ազատագրումը` հաշվի առնելով առկա բնական եւ չնախատեսված խնդիրները: Ակնկալում էի նաեւ կուռ դիմադրություն թշնամու կողմից: Ինձ մոտ կար մի քանի օրվա ռազմամթերք:

 

Ես հատուկ ջոկատում էի Ֆելիքս Գաբրիելյանի գլխավորությամբ: Հրաման ենք ստանում Քյոսալարի 06 դիրքից իջնել դեպի Շուշի: Ճանապարհին միանում ենք Աշոտ Բեկորի առաջին վաշտին եւ միասին դիրքավորվում քաղաքի բերդի տակ:

 

Այդ գիշեր Բեկորն արդեն հետախուզություն էր անցկացրել. նա արդեն ձեռքից վիրավորվել էր:
Մայիսի 7-ի, լույս 8-ի գիշերն էր: Ցուրտ էր, մեր կողքին խոտի դեզեր կային. ծակելով խոտի դեզերը` մտնում ենք մեջը եւ սպասում մինչեւ լուսաբաց:
Առավոտյան առաջին վաշտի հետ մտանք քաղաք: Մեզնից ձախ, հիշում եմ, Դուշման Վարդանն էր (նրանք կիրճի կողմից պարաններով են բարձրացել), իսկ աջից Աբոյի ջոկատն էր` Սզնեքի ջոկատը:

 

Ընդհանրապես Դաշնակցության ջոկատներով միշտ կողք կողք էինք, որովհետեւ վստահում էինք իրար, գիտեինք, որ մեկը մեկի թիկունքը պահելու էր:
Առավոտյան ժամը 5-ի կողմերն են: Լեւոն Մնացականյանը ականանետ մի քանի անգամ խփեց բերդի ուղղությամբ: Այնուհետեւ իմ ջոկատը եւ Բեկորի ջոկատներից մեկը միասին մտնում ենք բերդը: Բերդում արդեն մարդ չկար, փախել էին: Հիմնական դիմադրությունը ճանապարհի կողմից էր:

 

 

— Այսօր եւ 21 տարի առաջ ինչպիսի՞նն է Շուշիի եւ, ընդհանրապես, Արցախի ապագայի ձեր տեսլականը:

 

 

Շուշիի ազատագրումը կարեւոր ռազմավարական նշանակություն ուներ Արցախի համար: Շուշին ադրբեջանցիների համար կարեւոր ռազմական օջախ էր: Այնտեղից Ստեփանակերտը հրետակոծելու լավագույն պայմաններն էին: Շուշիին տիրապետելը նշանակում էր մեծ հաշվով տիրապետել Արցախին:

 

Վատ է այն, որ կռվող տղերքի մեջ կան հուսահատված մարդիկ: Մայիսի 9-ը տոն պետք է լինի բոլոր այն տղերքի համար, որոնց շնորհիվ ազատագրվեց մեր երկիրը: Այդ օրը փոքրաթիվ մարդկանց համար չէ միայն: Չի կարելի անտեսել եւ ոչ մեկին: Շատ մարդիկ կան, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Շուշիի ազատագրմանը, սակայն մինչ այժմ չեն արժանացել Շուշիի ազատագրման համար որեւէ շքանշանի, այնինչ` մեր կողքին կան նաեւ շատ մարդիկ, ովքեր կապ չունեն դրա հետ, բայց կրում են այդ շքանշանը: Շատ մարդիկ իրոք ազատամարտիկներ են, սակայն պարտադիր չէ, որ ՙԱզատամարտիկների միություն՚ կազմակերպության անդամ լինեն, որ կրեն շքանշաններ:

 

 

— Ի՞նչ եք կարծում` որն էր մեր հաղթանակի գրավականը:

 

 

Հիշում եմ, մի անգամ գերիներ ունեինք, եւ երբ բաց էինք թողնում նրանց, ասացինք` գնացեք ձեր հայրենիքը, ադրբեջանցի մի կին ասաց. ՙԲալա ջան, թուրքը հայրենիք չունի՚: Շատ ճիշտ էր ասում այդ կինը: Հենց դրանով է բացատրվում այն անհավանական թվացող երեւույթը, թե ինչպես սակավաթիվ մարդիկ կարողացան մարտնչել եւ ազատագրել իրենց երկիրը, որովհետեւ սա մեր հայրենիքն է, իսկ ազերին այստեղ հյուր էր, եւ մարտնչելու իմաստ չկար: Վաղ թե ուշ նրանք պիտի հեռանային այստեղից: Հեշտ տրվածը հեշտ էլ կորցնում են` այդպես էլ եղավ: Արցախը ժամանակին պարզապես նվիրել էին ադրբեջանցիներին: Նրանք այլ տարբերակ չունեին, պիտի փախչեին:

 

 

— Շուշին ոչ միայն արցախցիների, այլեւ համայն հայության համար հաղթանակի խորհրդանիշ է, յուատեսակ փարոս: Ի՞նչ պետք է անենք, որ մի օր չմարի այդ փարոսը:

 

 

Շուշին, իրոք, համայն հայության համար խորհրդանիշ է: Շուշին պետք է վերականգնի իր երբեմնի համբավը: Այն մեր բոլորիս հպարտությունն է: Մենք պարտավոր ենք լավագույնս պահպանել եւ շենացնել այն, ինչը ժամանակին պաշտպանել եւ ազատագրել ենք: Մենք` Արցախյան ազատամարտում ողջ մնացած մարդիկ, պարտավոր ենք ավարտին հասցնել մեզ վրա դրված առաքելությունը: Մենք պատերազմում ընկած մեր ընկերներին պատասխան պետք է տանք, պետք է նայենք նրանց աչքերին:

 

Հարցազրույցը` Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

1