Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի առաջին բանակումը
Օգոստոսի 22-28-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում ընթանում է նախօրեին հիմնված Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի մեկուսի մասնաճյուղի առաջին բանակումը:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսավորությամբ կայացած ՀՄԸՄ Արցախի մասնաճյուղի բացման արարողությունից հետո սկաուտները շքերթով հասել են ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն, որտեղից եւ շարժվել են բանակատեղի:
ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչությունից ՀՄԸՄ 111-րդ մասնաճյուղի աշխատանքները հունավորելու նպատակով Լիբանանից Արցախ գործուղված Նարեկ Հանեյանը նշել է, որ բանակումը նպատակ ունի ինքնագիտակցության եւ պատասխանատվության զգացում փոխանցելու սկաուտներին:
«Սկաուտները խոստում ունեն՝ հավատարիմ լինել Աստծուն, ծառայել ազգին ու հայրենիքին, միշտ օգնել ուրիշներին եւ գործել իբրեւ պարտականության գիտակից արի, վեհանձն մարդ, ինչպես նաեւ հնազանդվել հայ սկաուտների դավանանքներին: Վրանային բանակումները ՀՄԸՄ խոստմանը վարժվելու լավագույն միջոցներն են»,- իր խոսքում ասել է Նարեկ Հանեյանը:
Նշենք, որ մեկ շաբաթ տեւող բանակումին մասնակցում են 80 սկաուտներ, որոնք այդ ժամանակահատվածում ծանոթանալու են գոյատեւման միջոցներին, պարաններով, փայտերով կայմերի, կամուրջների եւ աշտարակների պատրաստման եղանակներին: Բանակումի ընթացքում կկազմակերպվեն նաեւ արշավագնացություններ:
Լ. Թեւոսյան