Մարտունիում հանդիսավոր նշել են Սուրբ Հարության տոնը /լուսանկարներ/

Մարտի 27-ին՝ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, <<Դաշնակցություն>> խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այրեր եւ այլոք:
Սուրբ Հարության տոնի կապակցությամբ քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպվել է արցախյան ճաշատեսակների տոնական մրցույթ-փառատոն, որին 36 տաղավարներով մասնակցություն են ցուցաբերել Մարտունու շրջանի տարբեր համայնքների ներկայացուցիչները:
Բակո Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ այն շոշափելի դերակատարություն ունի ազգային ավանդույթների պահպանման եւ շրջկենտրոններում մշակութային կյանքի աշխուժացման գործում:
Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, աշխույժ ու բարձր տրամադրությամբ: Ելույթներով հանդես են եկել «Մենք ենք մեր սարերը» երգի — պարի պետական, «Արցախ» ազգագրական պարի համույթները, Մարտունու «Քնար» ժողովրդական գործիքների համույթը, ինչպես նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզի սաները:
Միջոցառումը կազմակերպվել է Մարտունու շրջանի վարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախաձենությամբ: